Դատարանների նախագահների հույսը մարզերի դատավորներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր այն խնդրին, որ տեւական ժամանակ է, ինչ մի շարք դատավորներ ծանրաբեռնված լինելու պատճառով դիմում են ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ խնդրելով սահմանափակել կամ հստակ տոկոսաչափ սահմանել իրենց մակագրվող քրեական կամ քաղաքացիական գործերին: Պատճառն այն է, որ չեն հասցնում քննել գործերը: Ու հիմա պարզվում է՝ դատարանների նախագահների հույսը մարզերի դատավորներն են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին՝ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, միջնորդություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին եւ ծանոթացրել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի վիճակը:

Մասնավորապես դատարանի նախագահը հայտնել է, որ 2017 թվականի հուլիսի 14-ի դրությամբ դատարանում ստացվել է 2847 քաղաքացիական գործ, 142 սնանկության գործ, 2439 վճարման կարգադրություն: Նախորդ տարվանից փոխանցվել է ընդհանուր առմամբ 4537 քաղաքացիական եւ 374 սնանկության գործ:
Հուլիսի 14-ի դրությամբ դատավոր Նաիրա Հովսեփյանի վարույթում առկա է անավարտ 1691 քաղաքացիական գործ, դատավոր Արմեն Չիչոյանի վարույթում առկա է անավարտ 1695 քաղաքացիական եւ 222 սնանկության գործ, դատավոր Արա Կուբանյանի վարույթում առկա է անավարտ 570 քաղաքացիական եւ153 սնանկության գործ, գործուղված դատավոր Գեւորգ Նարինյանի վարույթում առկա է անավարտ 746 քաղաքացիական եւ 33 սնանկության գործ: Հիշյալ գերծանրաբեռնվածության պայմաններում ակնհայտ է, որ դատավոր Գեւորգ Նարինյանի գործուղման ժամկետի ավարտից հետո վերջինիս վարույթում գտնվող անավարտ գործերը մյուս քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների միջեւ վերաբաշխելու դեպքում կխախտվի գործերի ողջամիտ ժամկետներում քննության հարցը, ինչը բացասաբար կանդրադառնա դատական ակտերի որակի վրա: Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է քննարկել դատավոր Գեւորգ Նարինյանի գործուղման ժամկետի ավարտից հետո դատարան քաղաքացիական մասնագիտացում ունեցող նոր դատավոր գործուղելու հարցը:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն արձանագրել է դատարանի նախագահ Բալայանի միջնորդությունը, որ իսկապես դատարանում գերծանրաբեռնված է իրավիճակը: Որոշում է կայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին 2017 թվականի սեպտեմբերի 19-ից վեց ամիս ժամկետով գործուղել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Իսկ թե 6 ամիս հետո ինչքանով կբեռնաթափվի դատարանում առկա գործերի քանակը, ցույց կտա ժամանակը:

Քնար Մանուկյան




Լրահոս