Որն է վերջին օրերի զինված «ռազբորկաների» ու սպանությունների ընդհանրությունը. ինչու ԱԱԾ-ն և ոստիկանությունը նախապես չվնասազերծեցին քրեական տարրերին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին իրար հաջորդած զինված «ռազբորկաներն» ու սպանությունները մեկ ընդհանրություն ունեին. դրանք հիմնականում հաշվեհարդարներ էին /վենդետաներ/, երբ քրեական տարբեր խմբավորումներ միմյանց հետ ունեցած հին հաշիվները լուծել են զենքով: Ու հիմա հասարակական-քաղաքական շրջանակներում մեկ հարց է թեւածում՝ մի՞թե իրավապահ համակարգը, մասնավորապես ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չէին կարող կանխել՝ քրեական խմբավորումներին նախապես զինաթափելով:

Մի՞թե իրավապահները, որ տիրապետում են օպերատիվ-հետախուզական հնարավորությունների, ունեն մասնագիտացված հատուկ ստորաբաժանումներ, գործակալական ցանց, եւ այլն, եւ այլն, չգիտեն քրեական տարրերի ունեցած զենք-զինամթերքի մասին: Եթե իրոք չգիտեն, ապա սա ողբերգություն է ցանկացած պետության համար: Սա արդեն նշանակում է, որ իրավապահ համակարգ, որպես այդպիսին, չկա, պետության կարեւորագույն կառույցներից մեկը չի աշխատում, պարզապես կան համազգեստավորներ:

Իսկ եթե իրավապահները տիրապետում են օպերատիվ իրավիճակին, տիրապետում են համապատասխան տվյալների եւ չեն փորձում քրեական տարրերից խլել ապօրինի զենքը, ապա մեկ այլ ողբերգություն էլ սա է. նշանակում է՝ իրավապահներն իրենց հանցավոր անգործությամբ նպաստել են քրեական խմբավորումների գործողություններին, հետեւաբար՝ ոչ պակաս պատասխանատվություն են կրում սպանությունների համար: Երկու դեպքում էլ հետեւություններն իրավապահների օգտին չեն խոսում:

Թեեւ կա նաեւ երրորդ վարկածը. իրավապահ համակարգը տիրապետում է ողջ ինֆորմացիային, պարզապես քաղաքական իշխանությունը թույլ չի տալիս քրեական տարրերի «խաթրին դիպչել», «նեղացնել»: Թույլ չի տալիս, որովհետեւ իշխանությունը հենված է հենց այդ քրեական տարրերի վրա, պետական կառավարման համակարգ նրանք եկել են քրեական տարրեի շնորհիվ. հիշում եք՝ ովքեր են ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատում իշխանությունների օգտին, մարդկանց բերում տեղամաս՝ վերահսկելով քվեարկությունը եւ այսպես շարունակ:

Եւ հետո՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այս տարիներին ապացուցել են, որ առավել քան քաջատեղյակ են ընդդիմադիրների գործողություններին ու մտադրություններին եւ հարկ եղած դեպքում նրանցից ավելի վաղ են հասնում հանրահավաքի վայր եւ այսպես շարունակ: Հետեւաբար նման քաջատեղյակ մարդիկ չեն կարող ցանկության դեպքում չվերահսկել նաեւ քրեական տարրերին:

Ուրեմն հետեւությունները թողնենք ընթերցողներին:




Լրահոս