ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ազգային ժողովում

Երեկ մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը: ԱԺ խորհուրդը սեպտեմբերի 8-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նույն նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խորհրդի կողմից սահմանվել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ մի շարք հարցերի քննարկման տեւողությունը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքե՞ր կարող են ընդունվել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:

Եպրաքսիա Հարությունյան (29 տարկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՆՄՄԿ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք՝ համաձայն իրենց դիմումի: Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով, բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:
Օտարերկրացիները իրենց ընտրությամբ ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Արգելվում է նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ ԼՂՀ եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ երկքաղաքացիները եւ ազգությամբ հայ օտարերկրացիները հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանած կարգով իրենց ընտրությամբ:

 

 

 
ՀԱՐՑ. Եղբայրս վերջերս ամուսնալուծվել է: Ցանկանում եմ իմանալ, թե ամուսնալուծության իրավական հետեւանքները որո՞նք են: Ի՞նչ է ենթադրում դա:

Լիդա Պետրոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական եւ գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը: Ամուսնալուծության իրավական հետեւանքները հետեւյալն են՝
– ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը,
– ամուսնալուծության դեպքում ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով, կամ փոխհամաձայնությամբ,
– Հայաստանում օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:
Դատարանն ամուսնալուծության գործով վարույթ է սկսում ամուսիններից մեկի` նախատեսված կարգով ներկայացված հայցադիմումի հիման վրա:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում անչափահաս երեխաների շահերի պաշտպանության համար: Ի դեպ, ամուսինների խնդրանքով ամուսնալուծության գործը կարող է քննվել դռնփակ նիստում:




Լրահոս