ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ` ՆՈՐԱԹՈՒԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ համատեղ ուղեցույց են հրապարակել ԱԺ պատգամավորների համար, որտեղ մանրամասն ներկայացված են այն բոլոր իրավունքները, պարտականությունները եւ գործառույթները, որ պետք է ունենա յուրաքանչյուր պատգամավոր: Սակայն կենտրոնը չի բավարարվել միայն ուղեցույցի հրապարակմամբ եւ պատգամավորների հետ նաեւ թրեյնինգներ կանցկացնի: Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել առաջին թրեյնինգը, որին մասնակցել են բոլոր խմբակցություններից մի քանի պատգամավորներ` ընդհանուր 14 հոգի: Այն նախատեսված է նորընտիր պատգամավորների համար, որոնք անտեղյակ են ԱԺ-ի կյանքից:

Նշենք, որ ծրագիրն իրականացնում է հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ծրագրից:

ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ է ենթադրում Ձեր կողմից նախաձեռնած ծրագիրը, եւ ինչո՞ւ այդպիսի նախաձեռնությամբ որոշեցիք հանդես գալ:
-Նախ նշեմ, որ ուղեցույցի ներկայացմանը մոտավոր մասնակցելու է 50 պատգամավոր: Այն մեկ տարվա ծրագիր է եւ ունենալու է տարբեր միջոցառումներ, եւ մասնակցելու են ինչպես պատգամավորներ, այնպես էլ իրենց օգնականներն ու աշխատակազմի անդամները: Նախաձեռնության մասին մտադրությունը եղել է ամառվանից, հիմա գործընթացն ավարտվել է, եւ սկսել ենք գործողությունները: Երեկ եղել է առաջին փոքրիկ միջոցառումը, որից հետո լինելու է աշխատանք խմբակցությունների, հանձնաժողովների հետ:
-Իսկ ի՞նչ կարիք կար պատգամավորներին իրենց գործառույթները բացատրելու:
-Նախաձեռնեցի այդպիսի ուղեցույցի հրապարակումը, քանի որ հասկանում եմ` մենք դառնում ենք պառլամենտական երկիր, եւ այդ ճանապարհին մեր Ազգային ժողովը պետք է իր հմտությունները զարգացնի: Քանի որ Բրիտանական դեսպանատան հետ է կատարվում ուղեցույցի քննարկումը, ապա կներկայացնեն բրիտանական պառլամենտարիզմի փորձը, իրենց փորձագետներին կներգրավենք նաեւ: Մաքսիմալ փորձելու ենք բոլորի փորձը ներգրավել, որպեսզի ունենանք ավելի կարող եւ ավելի լավ աշխատող Ազգային ժողով: Վստահ եմ, որ պոտենցիալը կա, եւ կարող ենք ամեն ինչ լավ անել:
-Արդյո՞ք որեւէ բաց եք տեսել այս խորհրդարանում, որը փորձում եք այս ուղեցույցի շնորհիվ լրացնել:
-Խնդիրը որեւէ բաց տեսնել կամ չտեսնելը չէ: Աշխարհը զարգանում է, եւ պետք է համահունչ քայլել: Խնդիրն այն է, որ մարդ միշտ պետք է աշխատի, կարողությունները զարգացնի: Կարողությունների զարգացման խնդիրը կապ չունի բացթողումների հետ, պետք է միշտ աշխարհի հետ համահունչ քայլել եւ նոր գիտելիքներ ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ երեկվա հանդիպմանը մասնակցած մի քանի պատգամավորների հետ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր (ասորական համայնք) Արսեն Միխայլով
-Պարո՛ն Միխայլով, Դուք երեկ մասնակցել եք պատգամավորների համար ուղեցույցի ներկայացման: Ի՞նչ սովորեցիք:
-Հարցը նրանում է, որ ճիշտն ասած՝ շատ էպիզոդներ կան, որոնց պրակտիկորեն դեռ մենք ծանոթ չենք: Այսօր ես մասնակցեցի ու տեսա, որ, իրոք, կան ավելի խորը դրույթներ, որոնց ես ծանոթացա: Ասեմ նաեւ, որ հաճույքով մասնակցեցի:
-Օրինակ՝ երեկ ի՞նչ իմացաք, որ չգիտեիք:
-Օրինակ՝ թե ոնց կարող է պատգամավորը մասնակցել գործերին, ինչ իրավունքներ ունի եւ ինչ պատասխանատվություն:
-Այսինքն` Դուք դրա մասին չգիտեի՞ք եւ միայն երեկ իմացա՞ք:
-Գիտեի, բայց ավելի խորն ուսումնասիրեցի եւ իմացա: Նույնիսկ հարցեր եղան, որոնք կոնկրետացված չէին, եւ նա կոնկրետացրեց: Ասեմ, որ կազմակերպիչների մոտ բարձրաձայնվեց նաեւ այն հարցը, որ ճիշտ կլիներ` մայիսին անցկացվեր նման քննարկում, բայց ռուսը մի լավ խոսք ունի` «սցփՔպ տՏջՊվՏ, փպՎ վՌՍՏչՊՈ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյան
-Իհարկե, լավ է, վատ բան չկա, ուղղակի այսօր թրեյնինգ դեռ այդքան շատ չի եղել, վաղը կշարունակենք եւ նոր միայն կկարողանանք հետեւություններ անել:
Հ.Գ. Հավելենք, որ այս թրեյնինգները նախատեսված են հիմնականում նորաթուխ պատգամավորների համար: Նրանցից շատերը մայիսից մինչ այժմ այնքան էլ չեն հարմարվել նոր կարգավիճակին եւ խորությամբ չեն պատկերացնում իրենց անելիքները:
Հետաքրքիրը սակայն այն է, որ երկվա դասընթացին մասնակցել է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախորդ խորհրդարանում պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից: Հետաքրքիր է` ինչու է փորձառու պատգամավորը կրկին անհրաժեշտություն տեսել դասընթացներ անցնելու. արդյո՞ք հինգ տարին բավարար ժամանակ չի եղել: Երեկ մեր թղթակիցը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Կարինե Պողոսյանից, սակայն նա ամբողջ օրն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

 
ՄԱՐԴԻԿ ԵՆ, ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ընդունելի չի համարում «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ-ի ԵՏՄ-ի կազմից դուրս գալու նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բնական համարեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է նման նախաձեռնություններով հանդես գան, սակայն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ԵՏՄ-ի անդամակցության հարցում իր կարծիքը չի փոխել:

-Պարո՛ն Սահակյան, «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Ինչպե՞ս եք վերաբերվում իրենց նախաձեռնությանը:
-Ընդդիմադիր քաղաքական ուժ է, իր կարծիքն է հայտնել, սակայն այն ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ: Մենք այդ առումով մեր կարծիքները ներկայացրել ենք: Միեւնույն ժամանակ ԵՏՄ-ի հետ մեծ համագործակցություն է սպասվում: Որոշ դեպքերում մարդիկ գտնում են, որ պետք է հակադարձել «Ելք»-ի կարծիքին, սակայն ես գտնում եմ, որ ընդհանրապես պետք չէ հակադարձել, մարդիկ են, իրենց կարծիքը հայտնել են:
-Սակայն այս հարցում խմբակցությունում որեւէ քննարկում ունեցե՞լ եք:
-Ես չեմ կարծում, որ մենք պետք է քննարկենք, որովհետեւ մենք վաղուց քննարկել ենք եւ գնացել ենք այդ ճանապարհով: Այժմ քննարկելու որեւէ խնդիր չի առաջանա:
-Արդյո՞ք հետեւություններ անելու կարիք չունի ՀՀԿ-ն` ամփոփելու այս տարիների արդյունքները:
-Մենք բոլոր փաստերը ներկայացրել ենք: Եթե մարդիկ կան, որ այլ կարծիք ունեն, պետք է հիմնովին փաստարկներ ներկայացնեն: Մենք Եվրոպայի հետ հիմնովին աշխատում ենք եւ փորձում ենք լուծումներ գտնել:
-Սակայն Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Մոսկվան կարող է խոչընդոտել ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրմանը:
-Ես չեմ տեսնում ինչ-որ մի բան, որ կարող է խոչընդոտել: Դա չի խանգարում մեր փոխհարաբերություններին Մոսկվայի հետ, կամ այն գործընթացին, որ սկսվել է:
-Պարո՛ն Սահակյան, Ձեզ ինչպիսի՞ «ժառանգորդ» եք համարում Արա Բաբլոյանին: Օրինակ՝ պատգամավորներից շատերը նշում են, թե նա ավելի խիստ է` ընդհուպ պատգամավորների բացակայությունների հարցում:
-ԱԺ նախագահն այսօր բացակաների հետ կապ չունի: Երբ ես ԱԺ նախագահ էի, կանոնակարգով ես էի այդ հարցը որոշում: Այսօր, եթե որեւէ մեկը բացակա է, եթե գործուղման չէ, կամ այլ պատճառ չկա, ապա նրա բացական համարվում է բացակա, եւ ոչ ոք նրա բացական չի կարող դարձնել ոչ բացակա: Ես չեմ կարծում, որ ԱԺ նախագահը նիստերից անկախ որեւէ գործունեություն է ծավալում: Նա ընդամենը կարող է ստեղծել մի վիճակ, որ ԱԺ նիստերը լավ անցնեն:
-Նա ամբողջովի՞ն է կատարում Ձեր նշած գործառույթները:
-Եթե նա Ազգային ժողովի նախագահ է, բնականաբար, ես էլ եմ համաձայնել, որ ԱԺ նախագահ լինի: Իսկ այդ գնահատականները կարող ենք 10, 20 ամիս հետո տալ: Այժմ կանոնակարգով էլ ամեն ինչ արված է, որ նիստերը չխաթարվեն եւ կարգուկանոնով առաջ գնան:

Նյութերը` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԱՇԽԱՏՈՒՄ Է
«Ժամանակ» թերթը երեկ գրել էր, թե խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որի շրջանակներում աշխատանքից ազատվել են աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր տարիներ շարունակ տնօրինել են խորհրդարանի նյութական եւ ֆինանսական միջոցները: Աշխատանքից ազատվածների թվում շրջանառվում է նաեւ ԱԺ աշխատակազմի պետի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանի անունը: Armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնել էր, թե Մինասյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էրիկ Մինասյանը հերքեց լուրերը` ասելով, թե շարունակում է աշխատել խորհրդարանում` իր նույն պաշտոնում, եւ որեւէ կոռուպցիան սկանդալի մեջ չի հայտնվել: Հնարավոր է՝ Գալուստ Սահակյանն իր հավատարիմի հարցերը լուծել է, եւ Արա Սաղաթելյանը չկարողացավ ազատվել Էրիկից:

 

 

ՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Հրուշակեղենի եւ կոնֆետի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը արդեն մի քանի ամիս է, ինչ ուշացնում է աշխատողների աշխատավարձերը: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ընկերության աշխատողները, ովքեր պատմեցին, որ իրենց աշխատավարձերը ամիսներով ուշացնում են կամ էլ մաս-մաս են վճարում: Նրանց խոսքերով՝ այդ պատճառով շատերը պարզապես աշխատանքից ազատվելու դիմումներ են գրում: Մեր աղբյուրի պնդմամբ՝ աշխատանքից ազատվելուց հետո իրենից պահել են համազգեստի գումարը` 10 հազար դրամ, այն դեպքում, երբ այն իրեն տվել են արդեն օգտագործված, հնամաշ վիճակում: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց «Գրանդ Քենդի», սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Հիշեցնենք, որ Վարդանյան եղբայրները պարբերաբար տարբեր բարեգործություններ են անում, փոխարենը վճարեն իրենց աշխատակիցներին աշխատանքի դիմաց:

 

 

ՎԱՂԱՐՇԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին պատկանող գույքի վրա արգելանք է դրվել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Մարինե Հայրապետյանը հունիսին հայց է ներկայացրել դատարան «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով, որ ՍՊԸ-ն ճանաչի իր սեփականության իրավունքը: Նա նաեւ միջնորդել է, որպեսզի ՍՊԸ-ի գույքի վրա արգելանք դրվի, ինչը դատարանը բավարարել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» ՍՊԸ սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը հայտնեց, որ 7 տարի է՝ դատվում են. «Մարինե Հայրապետյանը «Արարատ» բանկից վարկ է վերցրել եւ մեր ընկերության կողմից կառուցված բնակարաններից բնակարան է գնել: Մենք 160 հոգու համար նախատեսված բնակելի շենք ենք կառուցել, 159 հոգի գնել են եւ մեր արեւով են երդվում, իսկ Մարինե Հայրապետյանը, որը բանկի միջոցով է բնակարան գնել, այդ գումարը բանկին չի վճարել, եւ բանկը արդեն քանի տարի է՝ մեզ է դատի տվել ու իր գումարն է պահանջում»:




Լրահոս