ՄԻԵԴ-ը պատասխանել է «Սասնա ծռեր»-ի անդամի դիմումին. փաստաբանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի կառավարությունը պատասխանել է «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության հետ կապված ՄԻԵԴ-ի հարցերին։

ArmLur.am-ի հետ զրույցում Հովհաննեսի փաստաբանը՝ Հայարփի Սարգսյանը, մանրամասներ ներկայացրեց ՄԻԵԴ-ի պատասխաններից.

«Գանգատն ի սկզբանե անցած տարվա գանգատն էր, որը վերաբերում էր Հովհաննես Հարությունյանին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն: Այս տարվա հուլիսին արդեն վերջնական որոշմանն էինք սպասում «Հովհաննես Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով, սակայն դատական նիստերի դահլիճում բռնություն կիրառվեց Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, բացի այդ դատարանը մեզ զրկեց խոսքի իրավունքից:

Մենք այդ բողոքն էլ` որպես լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացրինք Եվրոպական դատարան, որից հետո դատարանը որոշեց վերջնական որոշում չկայացնել և այդ հարցի հետ կապված համապատասխան պահանջներ ներկայացնել ՀՀ կառավարությանը, ինչպես նաև հարց հնչեցնել, թե ինչպես է Հովհաննես Հարությունյանի ներկայիս առողջական վիճակը, արդյոք որևէ բուժում իրականացվում է: Այս մասով պատասխաններ պիտի ներկայացվեր կառավարության կողմից, որի համար մինչև սեպտեմբերի 6-ը ժամանակ էր տրվել:

Ինչպես միշտ, ներկայացվել է նույն պատասխանը, որ Հովհաննես Հարությունյանը բուժհսկողության տակ է և բուժում ստացել է ու շարունակում է ստանալ: Բացի դրանից, դատական նիստերի հետ կապված ևս կառավարությունը մեկնաբանություն էր կատարել` անդրադառնալով հուլիսի 27-ի նիստին` նշելով, որ դատական նիստի արձանագրությունը, որն ինձ էր տրամադրվել, և ես նշել էի, որ այն ամբողջական չէ, և այն հատվածը, որը վիճարկում էի՝ ինձ ձայնի իրավունքից զրկելու հետ կապված, այդ հատվածը ձայնագրության մեջ բացակայում էր, այդ մասով կառավարությունը մեկնաբանություն էր կատարել՝ ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Իսկ օգոստոսի 3-ի հետ կապված, երբ բռնություն էր կիրառվել Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, այդ մասով կառավարությունը նոր ոգևորությամբ չէր պատասխանել. այդ հարցին ընդհանրապես չէր անդրադարձել: Դատարանը մեզ հնարավորություն է ընձեռել առարկելու, մինչև հոկտեմբերի 10-ը ժամկետ է տրվել», – ընդգծեց փաստաբանը:

Խոսելով Հովհաննեսի առողջական վիճակի մասին` փաստաբանը շեշտեց. «Այն լուրերը, որոնք տարածվել էին, որ նա հոգեկան խնդիր ունի, իրականության հետ որևէ աղերս չունի: Իմ մտահոգությունները, որոնք դեկտեմբերին բարձրաձայնում էի, կապված էին նրա անհասկանալի վարքագծի հետ: Ես նույնսիկ դատաբժշկական փորձաքննություն էի պահանջել` տեսնելու համար, թե ինչպես է մարդը միանգամից փոխվել և հինգ օր այդ վիճակում գտնվել, հետո արդեն բժշկական միջամտությամբ նրա վարքագիծը կարգավորվել էր:

Այսինքն` այդ մասով կասկածներ էի հայտնել, որ նրան հոգեմետ դեղեր էին տրամադրել և այդ կասկածներս ավելի ամրապնդվեցին այն ժամանակ, երբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու իմ միջնորդությունը մերժվեց», – ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հայարփի Սարգսյանը՝ հավելելով, որ հոգեբանական ճնշումներ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ պարբերաբար գործադրվում են:

«Երբ կառավարությունը նշում է, որ Հովհաննեսին պարբերաբար բժիշկներ են այցելում, ցավազրկում են, ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այդ այցելությունները և հայտարարույթյունները չեն բուժում Հովհաննեսին:

Կառավարությունն իր պատասխանը եզրափակել էր հետևյալ արտահայտությամբ` այն փաստերը, որ ներկայացվել էին դիմումատուի կողմից, ընդամենը նպատակ են հետապնդում, որպեսզի Եվրոպական դատարանում սույն գործով հաջողության հասնեն: Դա, կարելի է ասել, ծաղր է մարդկային կյանքի և առողջության համար, այսպիսով կարող ենք հանգել այն եզրակացության, որ ՀՀ-ն բացարձակապես չի գնահատում մարդկային կյանքը և առողջությունը: Կառավարության համար ավելի ընդունելի է, որպեսզի արդարացումներ պարբերաբար ներկայացվեն, քան բուժումներ իրականացվեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս