ԱԳ նախարարը համանախագահների առաջարկներին երկու նոր պահանջ է ավելացրել. Շավարշ Քոչարյանի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության շուրջ բարձրացած իրարանցումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստան- Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում մասնակիցներից մեկը Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ո՞ր տարածքների մասին է խոսել Էդվարդ Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախի համար:

«Ինձ համար անհասկանալի է առաջացած իրարանցումը: Նախարարը ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է: Այսինքն՝ 3 համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված են միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Մինչև այդ հիշատակելով ապրիլյան պատերազմը, երկու բան է նշել. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ դա կա, նշվել է՝ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ անվտանգ և հուսալի լինի, որ որևէ զենքի համար հասանելի չլինի:

Երկրորդ՝ եթե խոսքը վերաբերում է տարածքներին, ապա պետք է պարտադիր ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը: Այսինքն՝ այն, ինչ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, եղածին դրվել է նոր երկու պահանջ, ընդամենը»,- պարզաբանեց Շավարշ Քոչարյանը: Քոչարյանը ընդգծեց, որ. «ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս:

Այն փաթեթը, որը մեզ ներկայացրել էին միջնորդները, դրա երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Ինչու՞ է դա այդպիսի իրարանցում առաջացրել՝ չեմ հասկանում: Ավելին, խոսքը վերաբերում է փաթեթին:

Հիշենք նաև այն հանգամանքը, որ այսօր մենք գտնվում ենք մի փուլում, երբ եղել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններ, և այդ համաձայնությունների էությունը հետևյալն է՝ ընդհանրապես բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջև: Այսինքն՝ եթե կրակում են, սադրում են, չկան հետաքննության մեխանիզմներ և այլն: Ավելին, ինչը նաև երեկ ասաց նախարարը՝ առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Սա է եղել ասվածը»,- եզրափակեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:




Լրահոս