Ռուսաստանից եկած վարչապետն ու ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վերջին նախաձեռնությունը՝ ռուսաց լեզվի ուսուցումը դպրոցներում խորացնելու մասին, դժգոհությունների տեղիք է տվել: ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը:

Որպես հիմնավորում նշված է հետեւյալը. «Հայ երիտասարդների կողմից մի քանի օտար լեզուների տիրապետումը դարձել է ժամանակի, ինչպես նաեւ աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջը:

Նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարեւորությունը` ՀՀ կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն) եւ արեւելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն եւ այլն) լեզուներ»:

Համաձայնեք՝ հիմնավորումը բավական լավ է գրված. ժամանակի պահանջն է, որ ՀՀ քաղաքացիները տիրապետեն տարբեր օտար լեզուների: Բայց այստեղ խնդիրն այն է, որ իշխանությունները «ինտեգրացիոն գործընթացների» եւ այդ պայմաններում տարբեր օտար լեզուների իմացության մասին խոսելուց հետո պատրաստվում են խորացնել ռուսերենի դասավանդումը: Իսկ ահա մյուս օտար լեզուների հանդեպ նման նախանձախնդրություն չեն ցուցաբերում: Աննորմալ երեւույթ:

Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ ինտեգրացիոն գործընթացների պահանջով պետք է դպրոցներում եւ բուհերում խորացված ուսուցանեին նաեւ մյուս օտար լեզուները, առաջին հերթին՝ անգլերենն ու ֆրանսերենը, որոնք աշխարհում ամենատարածված լեզուներից են: Եւ հետո, չէ՞ որ Սերժ Սարգսյանը նաեւ եվրաինտեգրման ուղի է բռնել՝ պատրաստվելով ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, որտեղ, եթե հիշում եք, աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Իրականում պարզ է, որ կառավարության այս նախաձեռնությունը որեւէ կապ չունի ներկայացված հիմնավորումների հետ: Ռուսաց լեզվի ուսուցման խորացումը Հայաստանում կազմակերպվում է ՌԴ-ի պահանջով. ռուս պաշտոնյաները բազմիցս են խոսել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին:

Եւ հիմա ՀՀ իշխանություններն այս հանձնարարությունն են անում՝ Սերժ Սարգսյանի, Մոսկվայից եկած վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԿԳ ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի միջոցով:




Լրահոս