Եթե ներպետական ատյանները չկարողանան նաիրիտցիների իրավունքները պաշտպանել, կդիմենք միջազգային ատյաններին. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Սարգսյանը ներկայացրեց Վերաքննիչ դատարան դիմած 132 նաիրիտցիների ներկայացրած հայցի` այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացված վճռի մանրամասները:

Այսօր դատարանը հօգուտ նաիրիտցիների վճիռ կայացրեց: Կխնդրեի մանրամասներ ներկայացնել կայացված վճռից:

– Նախ նշեմ, որ նաիրիտցիները երեք խմբով են դիմել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Ունենք 3, 18 և 132 հոգանոց խումբ: Առաջին երկու խմբի գործերը դատարանն ընդունել է և նորմալ քննություն է իրականացնում, երրորդ խմբի գործը, երբ 132 հայցվորներ միասին դիմել են դատարան, առաջին ատյանի դատարանը վարույթ չընդունեց: Վերադարձրեց հայցադիմումը, նշեց, որ չենք հիմնավորում, որ 132 հոգու պահանջը միասին քննելը արդյունավետ է: Մենք լրացուցիչ հիմնավորեցինք, սակայն առաջին ատյանի դատարանը չտեսավ մեր հիմնավորումները՝ պատճառաբանելով, որ չհիմնավորեցինք, որ այդքան մարդու գործ քննելն արդյունավետ է: Մենք ասում ենք, որ եթե դուք 132 հոգու հայցադիմումը չընդունեք, դուք պարտավոր կլինեք 132 հոգու հայցն առանձին-առանձին քննել: Մենք գտնում էինք, որ 132 հոգու գործը քննելը բխում է հենց արդարադատության շահերից: Առաջին ատյանի դատարանը չհամաձայնեց և մենք դիմեցինք Վերաքննիչ դատարան:

Բացի դա, առաջին ատյանի դատարանը իր որոշման մեջ մեկնաբանություններ էր գրել, որոնք ինքը չէր կարող անել, քանի որ ինքը նիստ չէր հրավիրել, դատավարության կողմերին չէր լսել, ինքնուրույն տեղեկատվություն էր փնտրում դատական նիստից դուրս, իսկ դա դատական օրենսգրքի, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների խախտում է: Այս հիմքերով գործը տարանք վերաքննիչ դատարան, երեք նիստ տեղի ունեցավ, այսօր հրապարակվեց վճիռը, որով մեր պահանջները բավարարվել են: Այսինքն առաջին ատյանի դատարանին պարտավորեցրել են, որ մեր գործը վարույթ ընդունի և քննի:

– Ինչո՞ւ են գործարանի աշխատակիցները դիմել դատարան, ի՞նչ որոշում են բողոքարկում:

-Նաիրիտցիներին երկար տարիներ աշխատավարձ չեն տվել, հետո էլ դիմում-բողոքի ակցիաներ են կազմակերպել: Նաիրիտ ՓԲԸ-ին զուգահեռ հիմնադրվել է Նաիրիտ 2 ՓԲԸ, որն էլ նաիրիտցիներին առաջարկել է կնքել պահանջի իրավունքի զիջման պայմանագրեր, այսինքն ինքը գնում է Նաիրիտի աշխատակցի Նաիրիտ գործարանի նկատմամբ ունեցած պահանջը, աշխատավարձերի և աշխատավարձերի ուշացման համար նախատեսված տույժերը: Ինքը տալիս է աշխատավարձերի մայր գումարը ՝ պայմանով, որ Նաիրիտի աշխատակիցը հրաժարվի դրա ուշացման համար նախատեսված տույժերից ու տուգանքներից, որոնք հսկայական թվեր են՝ ամեն նաիրիտցու համար մոտ 20 միլիոն դրամի չափով: Քանի որ այդ մարդիկ երկար ժամանակ պայքարել են այդ աշխատավարձի համար, նրանց թվացել է, որ շանս կա և եթե այս փաստաթուղթը չստորագրեն, հետագայում հնարավորություն չեն ունենա աշխատավարձի մայր գումարն էլ ստանալու: Այսպիսով, մարդիկ գնում և ստորագրում են մի գործարք, որն ակնհայտորեն դեմ է նրանց շահերին: Սա քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է, որ սա ստրկացուցիչ գործարք է, երբ մի կողմը ստորագրում է գործարք՝ կյանքի ծանր պայմաններից ելնելով, որն իր շահերին դեմ է, այսինքն Նաիրիտի աշխատակիցը կամավոր ինչո՞ւ 10-20 մլն դրամի չափով գումար պետք է զիջեր Նաիրիտ 2-ին: Մենք ուզում ենք այդ գործարքները դատական կարգով անվավեր ճանաչել:

-Մտավախությո՞ւն չկա, որ դատական նիստերը կձգձգվեն և ինչպիսի՞ ելք կունենա դատական նիստը:

Դատական համակարգից մենք դժգոհ ենք, նաև արդարադատության խորհուրդ այդ մասին դիմում ենք ներկայացրել: 3 հոգանոց խմբի գործով դատավորը իրեն թույլ էր տալիս 7 ամսով դատական նիստը դադարեցնել: Մենք դիմեցինք արդարադատության խորհուրդ, նշեցինք, որ սա վարքագծի կանոնի խախտում է, բայց խորհուրդը դա նորմալ համարեց, որ դատական նիստը կարող է 7 ամսով հետաձգվել: Սա նշանակում է, որ մեր պետությունը դատական համակարգ չունի, եթե տարիներով խնդիրները ձգձգվում են:

Գործի վերջնական ելքի մասով ես կանխատեսումներ ունեմ, բայց փաստաբանի վարքագծի կանոններն արգելում են, որ որևէ ելք հրապարակենք:

Միայն հավելեմ հետևյալը, որ եթե ներպետական ատյանները չկարողանան մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, կդիմենք իրավունքի պաշտպանության միջազգային ատյաններին:

Լուսինե Առաքելյան




Լրահոս