Երևանում գնալով գարշահոտությունը շատանում է, իսկ քաղաքապետն արդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ նշել է, որ այն գործարարները, որոնք ցանկություն ունեն ներդրումներ իրականացնել, քաղաքապետարանը պատրաստ է աջակցել: Դիտարկմանը՝ սփյուռաքահայերը նկատել են, որ զարգանում է միայն Երեւանը, այն էլ՝ Օպերային հարակից փողոցներով, նա արձագանքել է, «Ես համաձայն չեմ, որ Երեւանը զարգանում է միայն Օպերային հարակից շրջաններով»:

Տիրող համատարած գարշահոտության մասին քաղաքապետը հայտնել է, որ հոտն արդեն նվազում է. ««Սանիտեկ» ընկերությունն իր աշխատանքներն արդեն մեծ թափով իրականացնում է: Մենք օր օրի նկատում ենք դրական շարժ: Եղել են խնդիրներ, բայց դրանց պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ շոգն աննախադեպ էր: Բնակչությունն էլ պետք է կենցաղային աղբը սահմանված վայրում թափի»:

Թե ինչպես է դրական շարժ նկատել Տարոն Մարգարյանը մի ոլորտում, որտեղ մրջյունի շարժման չափ անգամ տեղաշարժ չկա, դժվար է ասել: Բայց փաստ է, որ ե՛ւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ե՛ւ նրա աշխատակիցները ամեն անգամ պատասխանատվությունից խուսափելու համար մեղավոր են համարում եղանակային պայմանները: Հիմա շոգ է, աղբահանության հարցը չի կարգավորվում, Մարգարյանն ասում է, թե մեր ժողովուրդը ձմերուկ ու սեխ շատ է սիրում, դրանց կեղեւների հյութն է հոտ առաջացնում: Ձմռանը ցուրտ է լինում, առատ ձյուն է գալիս, ասում են՝ աննախադեպ էր, պատրաստ չէինք:

Այս լուսանկարն ունի ոչ վաղ անցյալ՝ սեպտեմբերի 16, որը արվել է Երեւանի հենց փոքր կենտրոնում՝ Ոսկու շուկայի հարակից տարածքում: Եւ խոսուն վկայությունն է այն իրողության, որ Տարոն Մարգարյանի ասած դրական տեղաշարժը պարզապես չկա:




Լրահոս