Վլադիմիր Բարխոյանը` իր և Մարգարիտայի սպասված դուետի ու ընտրյալի մասին

Վլադիմիր Բարխոյանը` իր և Մարգարիտայի սպասված դուետի ու ընտրյալի մասին

Երգիչ Վլադիմիր Բարխոյանը 15 տարի անց կրկին հանդես կգա քրոջ` Մարգարիտա Բարխոյանի հետ զուգերգով` իրականացնելով երկրպագուների վաղեմի երազանքը: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` Վլադիմիրը: Նոր երգի հեղինակը հենց Մարգարիտան է, այն, ինչպես նախորդ դուետը, ընտանեկան թեմայով է, նվիրված է ծնողներին. «Անպայման մտադիր ենք նկարահանել նաեւ տեսահոլովակ: Վաղուց նոր տեսահոլովակ չեմ ունեցել. սա լավ առիթ է»,-ասաց երգիչը:

Բացի այդ` Վլադիմիրը կներկայանա մեկ այլ նոր երգով եւս: Ստեղծագործության հեղինակը կրկին Մարգարիտան է, այն սիրո մասին է. «Դա կլինի իմ առաջին ռուսալեզու երգը: Այս պարագայում որոշել ենք թիրախավորել նաեւ ռուսական շուկայի հանդիսատեսին»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նա պատմեց, որ վերջին շրջանում ինքն ու Մարգարիտան ասպարեզում չէին երեւում, սակայն ստեղծագործական պրոցեսի մեջ էին, իսկ այժմ արդեն աշխատանքային կոնկրետ փուլում են: Հարցին, թե Վլադիմիրը, որը զբաղվում է նաեւ դասական երգարվեստով, մտադիր չէ՞ արդյոք մասնակցել միջազգային մրցույթների, վերջինս պատասխանեց. «Որոշ ժամանակ առաջ Իտալիայում նման մի մրցույթի մասնակցել եմ, բայց, առհասարակ, չեմ սիրում, երբ երաժշտության միջոցով մրցակցում են իրար հետ, ուստի հեռու եմ մնում նման միջոցառումներից: Բայց եթե ասելիքով մրցույթ լինի, առողջ, ուսուցանող մթնոլորտ, գուցե համաձայնեմ մասնակցել»:

Շատերին հետաքրքիր է` բացի երգարվեստից Վլադիմիրն արդյո՞ք դրսեւորվում է այլ ոլորտներում եւս, օրինակ` բիզնես ունի՞, թե՞ ոչ. «Բնականաբար, ունեմ, բայց այդ մասին չեմ ցանկանա խոսել: Պետք չէ, որ այդ մասին հանրությունն իմանա»:

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նաեւ` արդյո՞ք Վլադիմիրը մտադիր է օրինականացնել ընտրյալի հետ հարաբերությունները: Վերջինս հաստատեց, որ ընտրյալ ունի, սակայն նշեց, որ չի շտապում կարգավիճակի փոփոխություն գրանցել. «Այս պահին դեռ նման մտադրություն չկա»,-եզրափակեց նա:

Անի Անտոնյան