ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀՅԴ-Ն ԴԵՄ ՉԷ ԲՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ գնալով ավելի հստակ է ուրվագծվում 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմը: Գրել էինք, որ մեր ունեցած տեղեկություններով` հաջորդ տարի ձեւավորվելիք կառավարության կազմում երեք փոխվարչապետներից մեկի պորտֆելը տրվելու է ԲՀԿ-ին (կամ որ նույնն է՝ «Ծառուկյան» խմբակցությանը), իսկ դա էլ նշանակում է, որ նոր կոալիցիան եռակողմ կլինի` ՀՀԿ, ԲՀԿ ու ՀՅԴ: Նոր կոալիցիա կազմելու հավանականությունը լրագրողների հետ զրույցում չեն բացառել ո՛չ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ո՛չ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում, իսկ 2018 թվականին կոալիցիան ինչպիսի տեսք կունենա, կքննարկենք 2018 թվականին», – նշել է Շարմազանովը` ըստ էության չբացառելով ոչինչ: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ նշել էր. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարեւորը իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին ես պահելու եմ, պահպանելու եմ»:
Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս է հնարավոր եռակողմ կոալիցիային վերաբերում ՀՅԴ-ն, ով այժմ ՀՀԿ-ի հետ քաղաքական կոալիցիայի մեջ է գտնվում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հետ:
-Պարո՛ն Ռուստամյան, ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերում ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր եռակողմ կոալիցիային:
-Ես ասել եմ, որ այդպես հիպոթետիկ իրավիճակներին չեմ անդրադառնում: Այդ խոսակցությունները մեր իրականության մեջ հաճախ այնքան են տեղի ունենում, որ բացարձակապես երբեւէ չեն դառնում իրականություն: Եվ ուրեմն, երբ որ գա, նման իրավիճակ առաջանա, ըստ այդմ էլ մենք կքննարկենք կոնկրետ ստեղծված իրավիճակը:
-Բայց այդպիսի հայտարարություններ այժմ հնչում են կուսակցության ղեկավարի եւ ՀՀԿ մամուլի խոսնակի շուրթերով:
-Բայց ոչ մի կոնկրետ բան չի հնչում այդ նույն շուրթերից: Ես որեւէ կոնկրետ բան չեմ լսել: Իսկ ո՞վ կարող է ինչ-որ բան բացառել: Եթե դու ինչ-որ մի բան բացառում ես, նշանակում է, որ դու ամեն ինչ գիտես:
-Իսկ ՀՅԴ-ն ինչպե՞ս է վերաբերում հենց ԲՀԿ-ի հետ համագործակցությանը:
-Մենք բոլորի հետ էլ այսօր պատրաստ ենք համագործակցել` անկախ նրանից, որ մենք կոալիցիոն համաձայնագրով գտնվում ենք կոնկրետ տեղում: Բայց երբեք մենք մեր ծրագրերն իրականացնելու առումով չենք վարանել որեւէ մեկի հետ հարաբերություններ իրականացնել, պահպանել նորմալ կապեր: Հիմա էլ ենք այդպես լինելու, որովհետեւ, ի վերջո, ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է, եւ իր ընդդիմության կամ իշխանության մեջ լինելով չի պայմանավորված իր ծրագրերի իրականացման հավատարմությունը: Բնական է, ով տվյալ պահին ընդունի կամ աջակցի մեր մոտեցումները, մենք պատրաստ ենք նրա հետ համագործակցել` անկախ նրանից, թե իրենք էլ որ դաշտում են գտնվում:
-Եվ անկախ նրանից, թե ինչպիսի՞ հարաբարություններ ունեք տվյալ քաղաքական ուժի հետ:
-Մենք մեր երկրում թշնամիներ չունենք, կարող ենք ունենալ գաղափարական հակառակորդներ, որը շատ էլ նորմալ է: Ուր է, որ մենք ունենանք այնպիսի քաղաքական դաշտ, որ հստակ բաժանված լինեն հստակ գաղափարախոսությունների, բայց այդ դաշտը չի ձեւավորվել, սակայն մենք հետեւողականորեն պայքար ենք տանելու եւ ամեն ինչ անելու ենք, որ մեր օրինակով ցույց տանք, թե դա ինչ է նշանակում:
-Եթե եռակողմ կոալիցիա լինի, ՀՅԴ-ն չի՞ խանդի: Ի վերջո, պորտֆելների քանակը կարող է կրճատվել:
-Խանդ լինում է նրանց մոտ, ովքեր փորձում են ամուսնանալ մյուս քաղաքական ուժի հետ: Մենք ամուսնության որեւէ ակտ չենք արձանագրել: Մենք միշտ էլ ասել ենք, որ մեզ համար քաղաքական պորտֆելներն ու դրանց քանակը կարեւոր չէ: Կարեւորն այն ծրագիրն է, ինչը հիմք է կազմում համագործակցության համար: Մեզ համար հավասար ընդունելի է այն պորտֆելակիրը, ով չի հանդիսանում ՀՅԴ անդամ, սակայն կատարում է այն ծրագրերը, որոնք մենք իրար հետ համաձայնացրել ենք: Իսկ այն դաշնակցականը, որը չի հաջողում իր ոլորտում, ավելի լավ է՝ օր առաջ իր տեղը զիջի մեկ ուրիշին:
-Պարո՛ն Ռուստամյան, Ձեր խոսքում նշեցիք, որ ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է եւ ընդդիմության կամ իշխանության մեջ լինելով՝ հայտարարություններ չի անում: Սակայն նախօրեին Ձեր կողմից հնչած հայտարարությունն այն մասին, որ հաղթել ենք ապրիլյան պատերազմում եւ այն էլ շնորհիվ նաեւ ԵՏՄ-ի կազմում գտվելու, քննադատությունների տեղիք տվեց: Հատկապես այն միտքը, որ Դուք խոսում եք հաղթանակի մասին այն դեպքում, երբ մենք 800 հա հող ենք կորցրել:
-Եթե որեւէ մեկին թվում է, որ մենք խնդիր էինք դրել նոր տարածքներ գրավելու, ապա այդպիսի ռազմավարական հարց այդ ժամանակ չի դրվել: Մենք հասել ենք շատ ավելի լուրջ ձեռքբերումների, որի մասին մենք խոսել ենք: Այն է, որ Հայաստանն այսօր ձեռք է բերել առավելություններ բանակցային գործընթացի մեջ: Եվ այն բոլոր փաստարկները, որով առաջնորդվում էր Ադրբեջանը, ձախողվել է: Հիմա անհրաժեշտություն է առաջացել իսկապես վերականգնել նորմալ բանակցային գործընթաց, որից հրաժարվել եւ շարունակում է հրաժարվել Ադրբեջանը: Իսկ ինչ վերաբերում է հողերին, ապա ես միշտ ասել եմ, որ բաժանարար գիծը սահման չէ, դա դինամիկ փոփոխության ենթակա մի շփման գիծ է, որն անընդհատ կարող է փոփոխվել: Իսկ ո՞վ է հաշվել, մենք ուրիշ տեղեր ենք ունեցել ձեռքբերումներ: Դրա մասին չենք խոսում:
-Բայց տարածքների կորստի հարցը մատնանշեց հենց Սերժ Սարգսյանը:
-Հասկանալի է, ես չեմ էլ վիճարկում այդ փաստը, այդպես էլ կա: Բայց պետք չէ մտածել, թե դա այդպես հավերժապես մնալու է: Մենք մի օր դա հետ ենք բերելու եւ ավելին ենք ունենալու, եթե Ադրբեջանը շարունակի այդ պահվածքը:
-Այսինքն՝ չնայած տարածքների կորստին՝ մենք ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել:
-Իհարկե, հաղթանակ ենք տարել, Դուք պարզապես տեղյակ չեք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը: Բլից պատերազմով փորձել է ստատուս-քվոն փոխի, որը չի հաջողվել: Նա ցանկացել է մտնել Ստեփանակերտ, եւ մենք կարողացել ենք ձախողացնել դա եւ հետ շպրտել նրանց: Պարզապես չենք ուզեցել լայնածավալ պատերազմը եւ կանգնել ենք այն շփման գծի վրա, որը եղել է հաստատված, քանի որ մեզ պետք է եղել հրադադարի եռակողմ պայմանագիրը վերահաստատել, որից ցանկանում էր ազատվել Ադրբեջանը, եւ որը նրան չի հաջողվել:

 

 

 
ՊՈՂՈՍՅԱՆԸ ՓԱԽԱՎ ԱՐՏԱՇԱՏԻՑ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռ վերջնականապես չի որոշել` կմասնակցի՞ նոյեմբերի 5-ին Արտաշատում կայանալիք ընտրություններին, թե՞ ոչ: Դեռեւս ամիսներ առաջ մանսակցելու հաստատուն որոշում ունեցող ուժն այժմ կարծես թե հետ է կանգնել իր մտքից, իսկ պատճառներից մեկն էլ հարմար թեկնածուի բացակայությունն է:

Նշենք, որ ՀՀԿ-ն, ըստ երեւույթին, արդեն որոշել է իր թեկնածուի հարցը. հավանաբար ընտրությունը կանգ կառնի Արտաշատի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանի վրա:
Մինչ այս, «Ծառուկյան» խմբակցության հիմնական թեկնածուն համարվում էր Գագիկ Պողոսյանը, ով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռն է եւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը: Սակայն նա եւս փոշմանել է եւ այժմ ցանկություն չունի պայքարի մեջ մտնել ՀՀԿ-ի հետ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Պողոսյանը նախօրեին ընտանիքով մեկնել է Հայաստանից. շառից, փորձանքից հեռու:
Այսպիսով՝ Ծառուկյանը վերջնականապես Արտաշատը հանձնեց ՀՀԿ-ին: Մինչ այդ, այստեղ իշխողը Աբրահամյանների կլանն էր: Բայց նրանք եւս թեկնածու չեն առաջադրի, քանի որ ՀՀԿ թեկնածուն Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի ընկերն է: Այսպիսով՝ առվակներն ու վտակները հաշտ, համերաշխ ապրում են:

Նյութերը` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԸՆԿԵՐԱԿՑՈՒՄ ԷՐ
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը խորհրդարանի նորընտիր պատգամավորների համար դասընթացներ է կազմակերպել` սովորեցնելու օրենսդիր մարմնի ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները: Նախօրեին տեղի էր ունեցել առաջին դասը, որին մասնակցել են նորընտիր պատգամավորներ բոլոր խմբակցություններից: «Ժողովուրդ» օրաթերթի աչքից չէր վրիպել, որ այդ թրեյնինգին ներկա էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախորդ խորհրդարանում պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից: Երեկ մեր թղթակիցը փորձեց պատգամավորից հասկանալ` ինչն էր մոռացել, որ էլի սովորում է: Ի պատասխան՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց, թե ինքը ոչ թե մասնակցել է այդ թրեյնինգին, այլ ընկերակցել եւ ուղեկցել է իր խմբակցության պատգամավորներին. «Չեմ էլ լսել, թե ինչ է ներկայացվել»:

 

 

ԹԱՔՑՆՈՒՄ Է
Այն, որ պաշտոնյաների պաշտոնական կենսագրություններում ոչ միշտ է ամեն ինչ ներկայացված կամ ճիշտ ներկայացված, հայտնի է բոլորին: Սակայն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի դեպքում երեւույթը փոքր-ինչ տարօրինակ էր: Վերջինիս կենսագրության մեջ բացակայում է այն հանգամանքը, որ նա 2011-2012 թվականներին եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, որը ձեւավորվել էր հիմնականում նախկին ՀՀՇ-ականներից: Հետաքրքիր է, որ կենսագրության մեջ նշված է, որ նա 1996-2002թթ. եղել է ՀՀՇ վարչության փոխնախագահ, 2002-2010թթ. ՀՀՇ վարչության նախագահ, իսկ 2013 թվականից էլ ՀՀՇ կուսակցության նախագահ, սակայն վերը նշված երկու տարիների մասին տեղեկությունն ու «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիրներից լինելը Զուրաբյանը խնամքով թաքցրել է:

 

 

ՊԵՏԱԿԱՆՑՄԱՆ ՎՆԱՍԸ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը նախորդ տարիների համեմատ նվազեցրել է պետական բյուջե վճարած հարկերն ու տուրքերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 516 մլն 720 հազար 800 դրամի չափով հարկ ու տուրք: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 547 մլն 839 հազար դրամ, 2015-ին` 859 մլն 366 հազար դրամ: Ընկերության հարկերի նվազեցման պատճառն այն է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանը որոշեց պետականացնել մասնավոր բիզնեսը: Ինչն էլ իր անմիջական ազդեցությունը թողեց վճարած հարկերի չափերի վրա: Տեղեկացնենք, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով:




Լրահոս