Ո՛Չ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ Ո՛Չ ԷԼ ԱՌԱՋԸՆԹԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Սերժ Սարգսյանը նախագահության երկրորդ ժամկետում խոստանում էր կառուցել ավելի ապահով Հայաստան, իսկ ՀՀԿ-ն ԱԺ վերջին ընտրություններում՝ «անվտանգություն եւ առաջընթաց», Հայաստանում անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում, եւ զենքով հարցեր լուծելու, վրեժխնդրության դրսեւորումները դարձել են սովորական: Ընդ որում, տարբեր քրեական հեղինակությունների միջեւ զինված մարտերն ընթանում են անարգել՝ Հայաստանի քաղաքներում, անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում: Երեկ՝ օրը ցերեկով, Երեւանում՝ Վերնիսաժի տարածքում, ՀՀ-ում Լեհաստանի եւ Ճապոնիայի դեսպանատների, իշխող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գրասենյակների հարեւանությամբ, կրակում էին: Վիրավորներից մեկը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմից է: Ինչպես հայտնի է՝ Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց: Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: Եւ ահա երեկ կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը:
Ու կարելի է ասել, որ կրիմինալը երեկ հերթական ապտակը հասցրեց իրավապահ համակարգին՝ ցույց տալով, որ ինքն է իրադրության տերը: Իհարկե, նրանց այս անարգել խրախճանքը պատահական չէ. նույն քրեական տարրերն ընտրություններին աշխատում են իշխանությունների համար, եւ որպես փոխհատուցում արտոնություններ ստանում:

 

 

 
Արդյո՞ք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր մոտ չի հրավիրել ՀՀԿ ավագանու անդամներին եւ չի քննարկել ավագանու վերջին նիստում նրանց լկտի պահվածքը: Հիշեցնենք՝ ավագանու անդամներից Ծիտ մականունով Արմեն Սահակյանն ու Բլդի մականունով Հովհաննես Ավանեսյանը Անահիտ Բախշյանի հետ փորձել էին վիճել՝ ասելով. «լսի՛, արա՛ Անո», «պարո՛ն Բախշյան»: «Քաղաքապետի դիրքորոշումն հստակ է այդ հարցում. լինել մեկը մյուսի նկատմամբ հարգանքով: Ես չեմ պատկերացնում, թե դրանից ավել ինչ պետք է ասվեր, երբ բոլոր լրագրողները ականատես են եղել, որ փոխադարձ վիրավորանքներ են հնչեցվել, որը քաղաքապետի սաստելուց հետո հանդարտվել է»,- ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի՝ փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Մինչդեռ, համաձայնեք, Տարոն Մարգարյանը պարտավոր էր առանձին նախատելու ՀՀԿ-ականներին: Ի վերջո, Անահիտ Բախշյանն իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի ընկերոջ՝ Յուրի Բախշյանի այրին է:

 

 

 
Խաղողագործներին չեն գոհացնում մթերող ընկերությունների սահմանած գները. այսօր Հայաստանում խաղողի մեկ կիլոգրամը վերամշակող ընկերությունները մթերում են մինչեւ 120 եւ 130 դրամով: Գյուղացիների պնդմամբ՝ արտադրանքի ինքնարժեքը բարձր է, առավել եւս, երբ այս տարի խաղողի բերքը մոտ 10 տոկոսով պակաս է լինելու նախորդ տարվա համեմատ: Պատճառն էլ ցրտաշունչ ձմեռն էր եւ այգեթաղ չկատարելը: Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե այս իրավիճակի հետեւանքով գյուղացիները հայտնվել են դժվար կացության առաջ: Ըստ նրա՝ տեխնիկական սորտի խաղողի մեծ քանակություն գյուղացիները չեն կարող ներքին շուկայում իրացնել, այն արտահանել նույնպես հնարավոր չէ: Ստիպված պետք է լուռ համակերպվեն մթերող ընկերությունների սահմանած գների հետ:

 

 

 
Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց դատավորների ծանրաբեռնվածության եւ դատական գործերը համապատասխան ժամկետներում նշանակելու հարցը: Ձեր կողմից Դատական օրենսգրքում փոփոխություններ են արվել: Արդյո՞ք այդ փոփոխությամբ դատարանների նախագահները մյուս դատավորների հետ հավասարաչափ գործեր կունենան քննելու, թե էլի կլինեն արտոնյալներ, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Խնդիրը արտոնություններն են. եթե նայեք դատարանների նախագահների՝ 2015թ. որոշումը, կտեսնեք, որ դատավորներ կան, որ ունեն 90, 95 տոկոս արտոնություն, ինչը նշանակում է, որ նրանց մակագրվում է տվյալ դատարան մուտք արվող գործերի 5 կամ 10 տոկոսը: Եվ նրանք հնարավորություն ունեն այլ դատավորներին խնդրելու, որ չմակագրվի իրենց գործը, ու արդյունքում մենք ունենում ենք անհավասար իրավիճակ»: Նոր օրենքը հավասարության նշան կդնի բոլոր դատավորների միջեւ, որպեսզի բոլորն էլ շատ գործեր ունենան քննելու:

 

 

 
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ՉԻՔ
Սերժ Սարգսյանի կարծիքով՝ խորհրդարանական կառավարման համակարգը, որին անցնում է Հայաստանը փոփոխված Սահմանադրությամբ, առավել առաջադիմական է եւ կապահովի երկրի ժողովրդավարական անշրջելի զարգացումը: Նման գնահատականներ երեկ նա հնչեցրել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով միջոցառմանը հղած ուղերձում՝ ընդգծելով. «Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում. մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը»: Սերժ Սարգսյանից, իհարկե, այլ գնահատականներ չէինք սպասում. նա հիմա մեկ գերխնդիր ունի՝ ամեն քայլափոխի համոզել, թե նոր Սահմանադրությունը եւ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի ապահովում է ժողովրդավարություն: Միայն թե հայաստանյան իրականությունը բոլորովին այլ է: Հայտնի փաստ է, որ երկրի ժողովրդավարությունն ամենեւին էլ կապված չէ կառավարման համակարգի հետ, որ ժողովրդավարություն կարող է լինել ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական, ե՛ւ կիսանախագահական կառավարման համակարգերի պարագայում ու հակառակը: Այնպես որ, ժողովրդավարական անշրջելի զարգացման համար հարկավոր է երկրում անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:
Եւ հետո, նոր Սահմանադրությամբ՝ Հայաստանում վերացնելով նախագահական ընտրությունները, բայց պահպանելով նախագահի պաշտոնը՝ դրանում նշանակում կատարելու իրավունքը տալով խորհրդարանին, Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին պարզապես զրկեց երկրում իշխանություն ձեւավորելու մեկ հնարավորությունից: Եթե նախկինում ՀՀ քաղաքացիներն իշխանություն ձեւավորում էին նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ապա հիմա մնացել է միայն այդ հնարավորություններից մեկը՝ ԱԺ ընտրությունները: Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարության ոտնահարում:
Ու վերջապես, գնալով ավելի է հիմնավորվում տեսակետը, որ ժամանակին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնեց՝ իր անձնական իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Ընդ որում, նա ծրագրել է պաշտոնավարել ցմահ՝ դրա համար ստեղծելով օրենսդրական հնարավորություններ: Նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին այս օրերին ՀՀԿ-ականների՝ իրար հաջորդող հայտարարությունները եւս մեկ անգամ հիմնավորում են ասվածը: Եւ այս պարագայում ժողովրդավարության զարգացման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:




Լրահոս