ԽԱՂՈՂԸ ԿՄԹԵՐՎԻ, ԲԱՅՑ ՑԱԾՐ ԳՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օգոստոսի 31-ից սկսվել է վաղահաս խաղողի մթերումը, իսկ այսօր պաշտոնապես խաղողի մթերման աշխատանքներն է սկսելու Երեւանի կոնյակի գործարանը: Նշենք, որ խաղողի մեկ կիլոգրամը վերամշակող ընկերությունները մթերում են մինչեւ 120 եւ 130 դրամով: Բայց խաղողագործներին չեն գոհացնում մթերող ընկերությունների սահմանած գները: Նրանք պնդում են, որ իրենց արտադրանքի ինքնարժեքը բարձր է:

Այն, որ այս տարի խաղողի բերքն ավելի շատ չի լինի, քան անցած տարի, այս մասին խոսում է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ըստ նախարարի` խաղողի ընդհանուր բերքը այս տարի 10 տոկոսով քիչ է լինելու ցրտաշունչ ձմռան եւ այգեթաղ չկատարելու պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթը գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում վերամշակող ընկերությունները մթերել են մոտ 110 հազար տոննա խաղող, իսկ այս տարի, նախնական տվյալներով, նախատեսվում է այդ թիվը հասցնել 141 հազարի: Թե ինչպես դա կհաջողվի ԳՆ-ին, ցույց կտա ժամանակը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արարատ գինու, օղու, կոնյակի կոմբինատը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, խաղողի մեկ կիլոգրամը գյուղացիներից մթերում է 120 դրամով: Ավշարի գինու, կոնյակի եւ Երեւանի կոնյակի գործարանները մեկ կիլոգրամ խաղողը մթերում են 130 դրամով, Արարատի գինու գործարանը՝ մինչեւ 120 դրամով:
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ վերամշակող ընկերությունների կողմից մթերման համար սահմանած գները ցածր են: «Տարին 12 ամիս աշխատանք է տարվում խաղողի վազերի վրա: Այսօր ամենածախսատարն ու բարձր ինքնարժեքով ապրանքը խաղողն է: Իսկ վերամշակող ընկերությունները խաղողի ինքնարժեքը այս տարի հաշվել են 90-95 դրամ: Այս դեպքում 5 հոգուց բաղկացած ընտանիքը, որը մշակում է 1 հա խաղողի այգի, չունի եկամտի այլ աղբյուր, պետք է չուտի, չխմի, հոսանք չծախսի, օդով սնվի եւ 90-95 դրամ ինքնարժեք ունեցող խաղողը հանձնի 130 դրամով, որ կարողանա նորմալ եկամուտ ապահովել: Իսկ հակառակ դեպքում, երբ ընտանիքը ուտի, խմի ու հոսանք ծախսի, խաղողի ինքնարժեքը դառնում է 120 դրամ, եւ 130 դրամով հանձնելու դեպքում նա 10 դրամ եկամուտ է ունենում: Ես ինքս, որպես խաղողագործ արդեն գիտեմ, որ խաղողի ինքնարժեքը իմ վրա հաշվվում է 120 դրամ, եւ ես 10 դրամի եկամուտ եմ ունենալու: Ճիշտ է՝ մուրացկանի կարգավիճակով չեմ ապրի, բայց սոված-ծարավ, 06 քշելով մի կերպ յոլա կգնամ: Ես եմ ընտրել խաղողագործությունը, ոչ մեկին չպետք է մեղադրեմ: Այս հարցին պետք է կառավարությունը ուշադրություն դարձնի»,- նկատեց խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
Նա նաեւ փոխանցեց, որ տեխնիկական սորտի խաղողի մեծ քանակություն գյուղացիները չեն կարող ներքին շուկայում իրացնել, այն արտահանել նույնպես հնարավոր չէ: Ստիպված պետք է լուռ համակերպվեն մթերող ընկերությունների սահմանած գներին: «Եթե գյուղացին արտադրում է ինքնարժեքը բարձր ապրանք, եւ այն ինքնարժեքից ցածր է վաճառում, ապա ինչպես կարող է լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել, իր այգու վրա հակակարկտային ցանց քաշել, կաթիլային ոռոգում ապահովել, այն դեպքում, երբ ինքը ընչազուրկ է դառնում»,- վրդովվեց խաղողագործների միության նախագահը:
Սակայն կառավարությունն այստեղ ձեռքերը լվանում է` կրկնելով նույն, անգիր արած ֆրազը` ազատ տնտեսական շուկա է, եւ չի պատրաստվում միջամտել գնագոյացմանը: Մոռանալով նշել, թե ով պետք է պաշտպանի ե՛ւ գյուղացու, ե՛ւ արտադրողի շահերը: Միայն հիշենք 2015 թվականի դեպքերը, երբ գործարարները հրաժարվում էին խաղող մթերել, քանի որ դժվարին վիճակում էին: Սակայն այս դեպքում եւս կառավարությունը չմիջամտեց: Արդյունքում վերամշակող ընկերությունները մթերեցին մեծ քանակությամբ խաղող` այդպես պարտք մնալով գյուղացիներին: Ինչի հետեւանքով «Վինար» ընկերությունը սնանկացավ եւ դադարեցրեց գործունեությունը, իսկ Երասխի գինու գործարանը այս տարի փակվել է:
Նշենք, որ 120-130 դրամով խաղող մթերող գործարանների վրա 1 շիշ գինին արժենում է 500-600 դրամ: Մինչդեռ այսօր երեւանյան խանութներում ու սուպերմարկետներում 1000 դրամից պակաս գինի չկա: Եւ չնայած սրան՝ գյուղացուց խաղողը գնում են կոպեկներով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս