ԱՖՂԱՆՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՎ ՀԱՏԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից հատվածով մի խումբ աֆղաններ հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը: Ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ թողտվությամբ, դեռ պարզ չէ:

Այն, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն իրականացնողները կա՛մ տեղում չեն, կա՛մ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ երբեմն չեն կանխում օտարերկրացիների կողմից ապօրինի մուտքը Հայաստան, միանշանակ է: Համենայնդեպս, այդ մասին են վկայում մինչ այժմ պաշտոնապես բացահայտված դեպքերը, թե ինչպես են հայ-թուրքական սահմանը հատում թուրքերը, քրդերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աֆղան Բասիր Ղոլամջեյրանի Նիազին ցանկացել է հատել ՀՀ սահմանը ու որպեսզի կարողանա իր ցանկությունը կյանքի կոչել, խոսել է իր ծանոթ, ազգությամբ աֆղան Նեմաթոլլահ Փարվիզի Քուչայի հետ: Ըստ էության, երկու ծանոթների միջեւ խոսակցությունը այն աստիճան համոզիչ է եղել, որ վերոնշյալ անձինք համաձայնության են եկել հատել ՀՀ սահմանը:
Ահա, այսպես՝ 2017 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 04:00-05:00-ի սահմաններում, վերոնշյալ անձինք ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի, հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի ինքնավար մարզից ապօրինի մուտք են գործել Հայաստան:
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ օտարերկրացիները անգամ սահմանը հատում են մարտական դիրքի կողքով ու այս դեպքում մնում են աննկատ:
Իսկ ինչպե՞ս է իրավապահներին հաջողվել նշյալ անձանց բռնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու աֆղաններին բռնել են ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Երասխ գյուղի Օղակաձեւ հրապարակից:
Տեղեկացանք, որ Բասիր Ղոլամջեյրանի Նիազին եւ Նեմաթոլլահ Փարվիզի Քուչային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ ի՞նչ են ասել իրավապահներին մարտական դիրքով սահմանը հատած աֆղանները, ի՞նչ նպատակով էին առանց փաստաթղթի ցանկանում մուտք գործել Հայաստան: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրավապահները նրանցից հետաքրքրվել են, թե ինչպես են իմացել, որ մարտական դիրքով կարող են հատել ՀՀ սահմանը, վերջիններս ասել են, թե իրենք տեղյակ չեն եղել, որ մարտական դիրքով են հատում սահմանը: Ուղղակի այդպես են հատել:
Թե որքանով է իրավապահներին համոզիչ եղել աֆղան մեղադրյալների պատասխանը, դժվար է ասել:
Բայց այս պատմության մեջ ամենակարեւոր հարցն այն է, թե ինչ նպատակ էին հետապնդում նրանք, որ ցանկացել են հատել սահմանը: Իհարկե, նրանք բացատրել են, թե ՀՀ սահմանը ցանկացել են հատել, որպեսզի ՀՀ իշխանություններից քաղաքական ապաստան խնդրեն: Բայց արդյո՞ք դա է ճիշտ պատճառը:
Նշենք, որ այս գործով նախաքննությունը օրերս ավարտվել է:
Ու այս պայմաններում առավել մտահոգիչ է այն, որ մարտական դիրքով են հատել սահմանը եւ զորամասի պաշտոնատար անձինք, պարզապես ձեռքները ծալած, նստած են մնացել:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի հետ կապված մեկնաբանության համար դիմեց պաշտպանության նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել ազգային անվտանգության ծառայություն: Իսկ ահա ԱԱԾ-ն իր ոճով կրկին հորդորեց հարցերը ուղարկել գրավոր: Էլի ուղարկեցինք: Բայց պատասխան չկար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԱՐԶԵՐԻՑ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր այն խնդրին, որ տեւական ժամանակ է, ինչ մի շարք դատավորներ ծանրաբեռնված լինելու պատճառով դիմում են ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ խնդրելով սահմանափակել կամ հստակ տոկոսաչափ սահմանել իրենց մակագրվող քրեական կամ քաղաքացիական գործերին: Պատճառն այն է, որ չեն հասցնում քննել գործերը: Ու հիմա պարզվում է՝ դատարանների նախագահների հույսը մարզերի դատավորներն են:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին՝ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, միջնորդություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին եւ ծանոթացրել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի վիճակը:
Մասնավորապես դատարանի նախագահը հայտնել է, որ 2017 թվականի հուլիսի 14-ի դրությամբ դատարանում ստացվել է 2847 քաղաքացիական գործ, 142 սնանկության գործ, 2439 վճարման կարգադրություն: Նախորդ տարվանից փոխանցվել է ընդհանուր առմամբ 4537 քաղաքացիական եւ 374 սնանկության գործ:
Հուլիսի 14-ի դրությամբ դատավոր Նաիրա Հովսեփյանի վարույթում առկա է անավարտ 1691 քաղաքացիական գործ, դատավոր Արմեն Չիչոյանի վարույթում առկա է անավարտ 1695 քաղաքացիական եւ 222 սնանկության գործ, դատավոր Արա Կուբանյանի վարույթում առկա է անավարտ 570 քաղաքացիական եւ153 սնանկության գործ, գործուղված դատավոր Գեւորգ Նարինյանի վարույթում առկա է անավարտ 746 քաղաքացիական եւ 33 սնանկության գործ: Հիշյալ գերծանրաբեռնվածության պայմաններում ակնհայտ է, որ դատավոր Գեւորգ Նարինյանի գործուղման ժամկետի ավարտից հետո վերջինիս վարույթում գտնվող անավարտ գործերը մյուս քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների միջեւ վերաբաշխելու դեպքում կխախտվի գործերի ողջամիտ ժամկետներում քննության հարցը, ինչը բացասաբար կանդրադառնա դատական ակտերի որակի վրա: Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է քննարկել դատավոր Գեւորգ Նարինյանի գործուղման ժամկետի ավարտից հետո դատարան քաղաքացիական մասնագիտացում ունեցող նոր դատավոր գործուղելու հարցը:
ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն արձանագրել է դատարանի նախագահ Բալայանի միջնորդությունը, որ իսկապես դատարանում գերծանրաբեռնված է իրավիճակը: Որոշում է կայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին 2017 թվականի սեպտեմբերի 19-ից վեց ամիս ժամկետով գործուղել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Իսկ թե 6 ամիս հետո ինչքանով կբեռնաթափվի դատարանում առկա գործերի քանակը, ցույց կտա ժամանակը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատրաստակամություն է հայտնել զբաղվել Հայաստանի կազմ Արարատ լեռան վերադարձի հարցով: «Կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք «Կուրսկի» կայարանում կարողանանք դիմավորել Երեւան-Մոսկվա գնացքները: Որպեսզի ե՛ւ Հայաստանում մոսկվացիները, ե՛ւ մեզ մոտ հայերն իրենց զգան ինչպես տանը, եւ չառաջանա զգացողություն, որ մենք օտար ենք, առավելեւս որ հայերն այդքան լավ ռուսերեն են խոսում»,- ասել է Վ. Ժիրինովսկին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել անել ամեն բան, որպեսզի մեծացնի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման ծավալները:

 

 

ՄԻՋԱԴԵՊ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ՝ «Սէֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստից առաջ, հերթական միջադեպն է գրանցվել փաստաբանի եւ կարգադրիչների միջեւ: Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանի պայուսակի զննության ժամանակ մետաղորսիչ սարքն ազդանշան է տվել, սակայն Պապիկյանը հրաժարվել է բացել պայուսակը՝ ասելով, որ դրանում մետաղական մաս պարունակող արգելված իրեր չկան:

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն եւ Բարեկամավան գյուղերում ադրբեջանական զինուժի կողմից բնակիչների տների, դպրոցի, մանկապարտեզի ու արոտավայրերի ուղղությամբ կրակոցների եւ գնդակոծության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի հետքերով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ այցելել են նշված համայնքներ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ համայնքի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաեւ արձակված կրակոցների հետեւանքների վերաբերյալ հրապարակային տվյալների եւ անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:




Լրահոս