ՈՐՍՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ, ԼՈՐԵՐԸ` ՊԱԿԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարի, նախորդ տարիների համեմատ, որսորդների թիվը 2.5 անգամ ավելացել է: Հետեւաբար աճել է նաեւ որոշ կենդանատեսակների սիրողական որսի համար տրված թույլտվությունների քանակը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ 2015 թվականին սիրողական որսի թույլտվությունների համար վճարված գումարը կազմել է մոտ 15 մլն դրամ, 2016 թվականին` 8 մլն 520 հազար դրամ, իսկ այս տարի` 19 մլն 430 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ բնապահպանության նախարարի հրամանով օգոստոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը: Իսկ սիրողական որսաշրջանը սկսվում է օգոստոսի 26-ից մինչեւ 2018 թվականի փետրվարի վերջը: ԲՆ-ն յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու 2164 թույլտվություն: Մինչդեռ անցած տարում սիրողական որս իրականացնելու համար տրամադրվել էր 1065 թույլտվություն:
«Եթե նայենք այս թվերին, ապա պարզ է դառնում, որ անցած տարի որսորդների թիվը մոտ երկու անգամ նվազել է, իսկ այս տարի` մոտ 2.5 անգամ ավելացել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը:
Օրինակ՝ եթե 2015 թվականին «Հայաստանի որսորդների եւ հրաձիգների միավորում» ՀԿ-ն որոշ կենդանատեսակների սիրողական որսի թույլտվության համար ԲՆ-ին վճարել է 1 մլն 870 հազար դրամ, 2016 թվականին՝ 400 հազար դրամ, ապա այս տարի` 2 մլն 400 հազար դրամ: «ՀՀ որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ-ն այս նպատակով ԲՆ-ին 2015 թվականին վճարել է 5 մլն 975 հազար դրամ, 2016-ին` 2 մլն դրամ, իսկ այս տարի` 6 մլն 400 հազար դրամ: Այսինքն՝ նշված ՀԿ-ն այս տարի 800 որսորդի տվել է սիրողական որսի թույլտվություն: Նշենք, որ թույլտվություն ստանալու համար քաղաքացին վճարում է 8000 դրամ:
«ՀՀ որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ-ի տնօրեն Վարդգես Խաչատրյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է որսորդների թվաքանակի ավելացմամբ: Ըստ Խաչատրյանի` լորի որսը թույլատրվում է օգոստոսի 26-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը` 8 հատից ոչ ավել, յուրաքանչյուր որսի օրում: Վայրի աղավնիներից տատրակ եւ անտառային թխակապույտ աղավնի թույլատրվում է որսալ այս տարվա օգոստոսի 26-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը, բայց յուրաքանչյուր որսի օրվա ընթացքում 4 հատից ոչ ավել: Ըստ հրամանի` արտույտներ եւ սարյակներ կարելի է որսալ սեպտեմբերի 2-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը, կրկին յուրաքանչյուր որսի օրում 4 հատից ոչ ավել:
Բացի այս՝ օգոստոսի 26-ից դեկտեմբերի 31-ը հնարավոր է որսալ նաեւ սեւ կեռնեխ եւ սինակեռնեխ, յուրաքանչյուր որսի օրում 3 հատից ոչ ավել: Իսկ ջրլող թռչունները` կռնչան բադերը, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ չքչքան մրտիմներ, ջրահովվիկներ, փառփառ եղեգնահավ թույլատրվում է որսալ սեպտեմբերի 15-ից մինչեւ փետրվարի 28-ը: Ի դեպ, որսի մեկ օրում թույլատրվում է որսալ 2 հատ բադ եւ 2 հատ ջրահավիկ, ոչ ավել: Իսկ ահա կտցարը` բացառությամբ ՀՀ Կարմիր գրքում գրանցվածների, հնարավոր է որսալ այս տարվա սեպտեմբերի 2-ից մինչեւ մյուս տարվա փետրվարի 28-ը, բայց յուրաքանչյուր որսի օրվա ընթացքում 2 հատից ոչ ավել: «Ժողովուրդ»-ի հարցին` որսորդը տեղյա՞կ է, որ չպետք է որսա ՀՀ Կարմիր գրքում տեղ գտած կտցարին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը պատասխանեց, որ տվյալ թռչնատեսակը ունի խիստ տեղային բնույթ: Նրա խոսքերով՝ Կարմիր գրքում գրանցված կտցարը մի քանի տարածքում է լինում, որտեղ որսը արգելված է:
Համապատասխան հրամանով որսորդին չի թույլատրվում 8 լորից ավել որսալ, սակայն այստեղ հարց է առաջանում` եթե նա 9 կամ ավել լոր որսաց, ապա ո՞վ է վերահսկում նրան, եւ ինչ պատասխանատվության է նա ենթարկվելու: Ի պատասխան մեր այս հարցին՝ Արթուր Բեգլարյանն ասաց, որ որսահանդակներում տարածքային տեսուչներ կան, ովքեր ստուգայցեր են կատարում: «Եթե հայտնաբերեցին, ապա արձանագրում են որպես որսի կանոնների խախտում: Իսկ տուգանքներն էլ բավականին բարձր են: Եթե մեկը մեկ-երկու հատ ավել որսա, ապա հաստատ հաջորդող որսի ժամանակ պակաս կլինեն կենդանիները, որովհետեւ մեր ստուգումներում գոյություն ունի որսագիտական տոկոս. ընդհանուր թռչունների քանակից 10-15 տոկոսից ավել չի կարելի որսալ: Բայց նշեմ, որ այս ընթացքում այդքան էլ լոր չկա, հազիվ մի որսորդ երկու կամ երեք հատ լոր որսա»,- ներկայացրեց պաշտոնյան` ընդգծելով, որ տեսուչները միշտ լինում են որսահանդակներում:
«Ժողովուրդ»-ը մասնագետից տեղեկացավ, որ եթե թույլատրվում է 8 հատից ոչ ավել լոր որսալ, եւ որսորդը որսացել է 9 հատ, ապա նա ենթարկվում է վարչական տուգանքի` 70-ից 140 հազար դրամ, ինչին գումարվում է նաեւ ավել որսված լորի վնասի հատուցումը` 2000 դրամ:
Արթուր Բեգլարյանը հայտնեց նաեւ, որ նոր կարգ է մշակվում, որպեսզի որսորդության անդամատոմս ձեռքբերողները քննությունը հանձնեն ԲՆ-ում: «Ինչպես վարորդական վկայականն են ստանում, նույն կարգով էլ որսորդական վկայականը պետք է ստանան: Կանոնները խստացվելու են: Նրանց գիտելիքները պետք է բարձր լինի, պետք է տարբերեն կենդանիներին, պահպանվող տարածքները, կենդանիների առանձնահատկությունները, եւ այլն»,- հայտնեց Բեգլարյանը:
Մեզ մնում է հուսալ, որ ԲՆ-ն օրենքի տառին հետեւելով կտրամադրի որսորդական անդամատոմս, այլ ոչ թե, ինչպես վարորդական վկայականի դեպքում է, մի կլորիկ գումարի կամ ծանոթ-բարեկամի միջոցով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը Ադրբեջանի մասնակցությամբ «Ադրբեջանական լվացքատուն» կոչված կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արիֆ Մամեդովը հայտարարությունը տարածել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով: Նախկին դեսպանը գրում է, որ «Ադրբեջանական լվացքատան» ուսումնասիրությունների արդյունքում պարզված հաջորդ հանգամանքները կապված են լինելու Ադրբեջանի եւ եվրապատգամավորների մասնակցությամբ սեքս-սկանդալի հետ: «Ես արդեն գրել եմ, որ Ֆրանսիայում Ադրբեջանի իշխանությունների գլխավոր լոբբիստը հանդիսացող «Ֆրանսիայում Ադրբեջանի ընկերներ» ասոցիացիայի նախագահ Ժան Ֆրանցիս Մանսելը եւ նրա կինը այլասերվածներ են, եւ, կներեք մանրամասնելուս համար, նրանք խմբակային սեքսի սիրահարներ են: Գրեթե բոլոր լոբբիստները ունեն սեռական շեղումներ եւ տարօրինակ սեռական նախասիրություններ: Բաքուն եղել է տարբեր սենատորների եւ եվրապատգամավորների զվարճանքի սիրելի վայրերից մեկը: Նրանք աշխատանքային գործուղման պատրվակով գալիս են Ադրբեջան, բայց իրականում գալիս են՝ Բաքվում սիրային հանդիպումներ ունենալու համար, եւ, իհարկե, այս ամենի համար վճարում է Ադրբեջանը: Հյուրանոցային սենյակները, որտեղ եղել են այդ հանդիպումները, նախապես կահավորված են եղել նկարահանող սարքերով, եւ իշխանություններն ամեն բան տեսագրել են: Կարծում եմ, որ մեր իշխանությունները, կարդալով այս ամենը, հասկանում են, որ ես գիտեմ նաեւ շատ այլ բաներ»,- նշված է Մամեդովի գրառման մեջ: Նախկին դեսպանը ենթադրում է, որ վերջին աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներից հետո կարող են ջրի երես դուրս գալ նաեւ այդ տեսանյութերը:

 

 

ԿՈՉ՝ Ի ՀԵՃՈՒԿՍ ՄԻԵԴ ՈՐՈՇՄԱՆ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Ադրբեջանի նկատմամբ «աննախադեպ իրավաբանական գործողությունների» կոչ է արել՝ ի հեճուկս ՄԻԵԴ որոշման՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հրաժարվելու համար։ Եվրոպայի խորհրդի դեսպանների նիստում իր ելույթի ժամանակ նա կոչ է արել դատական պարզաբանումներ սկսել, հաղորդում է The Guardian-ը։ Խոսքն ընդդիմադիր Իլքար Մամադովի մասին է, որը դատապարտվել է՝ իշխանություններին քննադատելու համար։ Յագլանդը ցանկանում է կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46.4-րդ հոդվածը, որի կիրառումը կարող է հանգեցնել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից հեռացվելուն։ Նախկինում նման պատժամիջոցներ չեն կիրառվել, եւ նախարարների կոմիտեի կողմից համապատասխան գործողություններ կպահանջվեն։

 

 
ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ Է
Սեպտեմբերի 16-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 2-3, սեպտեմբերի19-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս