Հարց քաղաքացիներից` համատեղության կարգով աշխատող անձն իրավունք ունի՞ օգտվելու սոցիալական փաթեթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս համատեղության կարգով աշխատում է երկու տեղ: Ցանկանում է իմանալ՝ նա իրավունք ունի՞ օգտվելու սոցիալական փաթեթից, եթե այո, ապա ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրա սոցիալական փաթեթի սահմանաչափը:

Սիրանույշ Խեչումյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունների ցանկում: Եթե աշխատողի հիմնական եւ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար: Այս դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը (դրույքը) գումարվում է հիմնական աշխատաժամանակին (դրույքին):

Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չի հանդիսանում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատաժամանակին (դրույքին) համապատասխան:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ, այսինքն՝ պահպանվում եւ կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:




Լրահոս