744 մլն դրամ` գյուղապետի ընտրությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա նոյեմբերի 5-ին Հայաստանի 10 մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Դրանք կազմակերպելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ է 744 մլն 744 հազար 300 դրամ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար հատկացված գումարի մնացորդը կազմում է 394 մլն 691 հազար 200 դրամ: Իսկ պահանջվող գումարի չափը կազմում է 350 մլն 53 հազար 100 դրամ, որն էլ կառավարությունն առաջիկայում կհատկացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նույն օրը` նոյեմբերի 5-ին, Գորիս քաղաքում եւս անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Դրանց նախապատրաստման եւ անցկացման նպատակով կառավարությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել է 20 մլն 590 հազար դրամ, որից 2 մլն 278 հազար դրամը տրվելու է ՀՀ ոստիկանությանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 64 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընրությունները կազմակերպելու եւ անցկացնելու են 24 տարածքային ընտրական հանձնաժողովներ, ձեւավորվելու են 510 տեղամասային ընտրական հանձնաժողովներ եւ տպագրվելու է 885 հազար քվեաթերթիկ:

Ի դեպ, նոյեմբերի 5-ին 34 խոշորացված համայնքներում եւս կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Խոշորացված համայքներն են` Արագածոտնի մարզի Ալագյազը, Ապարանը, Ծաղկահովիտը, Արագածավանը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակը, Վարդենիսը, Գեղամասարը, Շողակաթը, Լոռու մարզի Ալավերդին, Ախթալան, Շնողը, Լոռի Բերդը, Մեծավանը, Ստեփանավանը, Տաշիրը, Գյուլագարակը, Սարչապետը, Օձունը, Կոտայքի մարզի Չարենցավանը, Ակունքը, Բյուրեղավանը, Մեղրաձորը, Եղվարդը, Ջրվեժը, Շիրակի մարզի Անին, Ախուրյանը, Մարմաշենը, Սյունիքի մարզի Սիսիանը, Կապանը, Քաջարանը, Վայոց ձորի մարզի Արենին, Գլաձորը, Եղեգիսը, Տավուշի մարզի Բերդը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս