Երիտասարդ էինք, գլուխներս տաք էր, շատ էինք իրար խանդում. Լևս Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում պատմում ենք հանրային ճանաչում վայելող անձանց կյանքի անհայտ դրվագներ, բացահայտում սիրային գաղտնիքներ, որոնք մնացել էին անցյալում: Մեր զրուցակիցները հիշում են հուզիչ, հետաքրքիր պահեր, կատարում անկեղծ խոստովանություններ: Այսպիսով` մեր զրուցակիցը «Արտիստը», «Ես եմ», «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմերից, «Եռաչափ սեր», «Երե1», «Կյանքը շարունակվում է» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Լեւս Դավթյանն է:

«Առաջին լուրջ սիրավեպն ունեցել եմ ուսանողական տարիներին, երբ սովորում էի երկրորդ կուրսում: Ի դեպ, այդ աղջիկն ինձնից բարձր կուրսում էր սովորում, մեր ասպարեզից էր: Գրեթե մեկ տարի տեւած հարաբերություններից հետո բաժանվեցինք»,-պատմեց Լեւսը:

Հարցին, թե որն էր բաժանության պատճառը, նա պատասխանեց. «Երիտասարդ էինք, գլուխներս տաք էր, շատ էինք իրար խանդում, շատ էինք կռվում…Նման դեպքերում, սովորաբար, սիրահարները բաժանումից հետո փոշմանում են, վերադառնալու փորձեր են անում: Մենք էլ նման բան փորձեցինք, բայց հասկացանք, որ իզուր: Հնարավոր միացումը ֆանտաստիկայի ժանրից էր»:
Մենք հետաքրքրվեցինք` ի՞նչ կասի Լեւսը, եթե հանդիպի իր առաջին սիրուն. «3-4 տարի է` նրան չեմ տեսել, բայց երբ էլ հանդիպել եմ, ողջունել եմ` առանց որեւէ թշնամանքի: Համոզված եմ` որ նա հետեւում է իմ գործունեությանը եւ ուրախանում է իմ հաջողություններով»,-պատասխանեց դերասանը:

Նրա խոսքով` ինքը հիմա ժպիտով է հիշում իր առաջին սիրուն: Լեւսը կարծում է, որ առաջին սիրո ուժն ու պարգեւած զգացումները կյանքում չեն կրկնվում. «Այդ ժամանակ իսկապես առաջնորդվում ես զգացմունքներով, ոչ թե մտքով, առավել եւս` հաշվարկներով: Ես իմ ապրած ոչ մի պահի համար չեմ փոշմանում: Եթե բաժանումից հետո ինձ թվում էր, որ դա աշխարհի վերջն էր, հիմա հետ եմ նայում եւ այդ ամենին ուրիշ, ավելի հասուն հայացքով եմ նայում: Իհարկե, առաջին սերը չի մոռացվում, բայց, այնուամենայնիվ, պետք է դրան հիվանդագին հայացքով չնայել»,-շեշտում է նա:

Մեր զրուցակիցն այն կարծիքին չէ, որ մարդ իր կյանքում մի անգամ է սիրում: Նրա համոզմամբ` կարելի է բազմիցս ապրել այդ զգացմունքը: Լեւսը հավատում է, որ կհանդիպի այն միակին, որի հանդեպ զգացածը չի կորչի, այլ միայն կփոխակերպվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս