Ինչ մարտեր են ընթանում ՀՀԿ-ականների միջև. Սերժ Սարգսյանը նախապատվությունը երիտասարդներին է տալու

Ինչ մարտեր են ընթանում ՀՀԿ-ականների միջև. Սերժ Սարգսյանը նախապատվությունը երիտասարդներին է տալու

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան համայնքապետի ընտրություններ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ում թեկնածություններն է իրենց կուսակցությունը առաջադրել համայնքային առաջիկա ընտրություններում, նշեց, որ դեռեւս ոչինչ որոշված չէ, տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի մեկից հետո:

Բոլոր խոշորացված համայնքներում, շունչները պահած, սպասում են, թե ով է լինելու իշխանական ՀՀԿ-ի թեկնածուն եւ ով կհաղթի: Այլ կուսակցություններ ընտրություններին մասնակցելու հայտ այդպես էլ չեն հայտնել մինչ օրս:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս ընթացքում ՀՀԿ մարզային կառույցների ղեկավարները հանդիպել են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի, Ռուբեն Թադեւոսյանի հետ եւ քննարկել տարբեր համայնքներում նոյեմբերի 5-ին առաջադրվելիք թեկնածուներին: Վերջնական ցուցակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին, ով էլ թեկնածուների միջեւ ընտրություն կկատարի եւ կտա, այսպես ասած, դաբրոն:

Մեր տեղեկություններով` այս ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը հակված է նախապատվությունը տալ երիտասարդներին, որոնց մասով մի լուրջ խնդիր կա. նա այնքան էլ լավ չի ճանաչում թեկնածուներին, այս դեպքում թերեւս վստահ չի լինի` նրանք որքանո՞վ արժանի թեկնածուներ են:

Ինչպես նշեցինք` համայնքային այս ընտրություններին իրենց թեկնածուներին առաջադրելու մասին չեն բարձրաձայնում ԲՀԿ-ն եւ «Ելք»-ը: Սա, իհարկե, առաջին հայացքից տարօրինակ է, քանի որ այս կուսակցությունները մշտապես բարձրաձայնում են, որ ակտիվություն են ցուցաբերելու երկրի քաղաքական կյանքում, մինչդեռ այս դեպքում ակնհայտորեն պասիվություն են դրսեւորում: Միայն Ախթալայում կայանալիք ընտրությունների հետ կապված է շրջանառվում ԲՀԿ-ի անոււնը, սակայն էլի չեն շտապում հայտնել, թե ով է լինելու իրենց թեկնածուն: Գուցե վերջին պահին նրանք էլ փոշմանեն:

Բայց փաստն այն է, որ ԲՀԿ-ն եւ «Ելք»-ը այս ընտրություններին չեն մասնակցում այն պարզ պատճառով, որ այս համայնքներում ընտրված անձինք հնարավորություն են ունենալու աշխատել առավելագույնը երկու տարի: 2 տարի հետո խոշորացված համայնքներում այլեւս չեն լինելու համայնքային ղեկավարի ընտրություններ. ողջ երկրում կամաց-կամաց պետք է կուսակցական ընտրություններ լինեն:

Այսինքն` ընտրվի ավագանի, որն էլ կկայացնի որոշումներ, ինչպես Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի դեպքում: Դրա համար էլ շատ համայնքի ղեկավարներ ինքնակամ չեն առաջադրվում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում: Նրանք հասկանում են, որ հնարավոր է` տեղ չունենան ապագա ավագանիում, իսկ ունենալու դեպքում միայն մի ձայն են ունենալու, եւ դժվար է ասել` իրենց բարձրացած ձեռքը որքանով ազդեցիկ կքվեարկի եւ կնպաստի որոշում կայացնելուն:

Ինչեւէ, վերադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքային ընտրությունների թեկնածուների թեմային` նշենք, որ Գորիսում շրջանառվում է Առուշ Առուշանյանի թեկնածությունը, ով նշանակվեց Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ մտադիր է առաջադրվել ՀՀԿ-ի կողմից որպես թեկնածու:

Չարենցավանում Հակոբ Շահգալդյանն է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին:

Կապանում ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանն է, թեեւ նրա դեմ մտադիր են դուրս գալ Կապանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կարապետյանը եւ նախկին քաղաքապետ, ՀՅԴ-ական Արթուր Աթայանը: Սիսիանում գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը կլինի թերեւս միակ ՀՀԿ թեկնածուն: Բերդում ներկայիս քաղաքապետ Հարություն Մանուչարյանի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանի անուններն են շրջանառվում:

Իսկ Վարդենիսի պարագայում քննարկվում է երեք անուն` քաղաքի կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Արամ Հարությունյանը, քաղաքապետի նախկին թեկնածու ՀՀԿ-ական Կարեն Մկրտչյանը եւ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:

Արտաշատում ավագանու անդամ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ներտնային սպասարկման ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունն է քննարկվել, բայց վերջնական պատասխան էլի չկա: Սերժ Սարգսյանն իր վերջնական, «տղամարդու» խոսքը դեռ չի ասել: Մեզ մնում է սպասել մինչեւ հոկտեմբերի 1, երբ պարզ կլինի, թե ով ունի հաղթանակի հնարավորություններ:

Լուսինե Առաքելյան