25.09.2017

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի կունենա նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսը՝ կառավարության մեկ տարվա գործունեության վերաբերյալ:
Հրավիրում ենք լուսաբանելու
Ներկայանալ նախօրոք՝ անձը հաստատող փաստաթղթով:

***

Սեպտեմբերի 25-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  Հայոց ազատամարտի շարքային,  ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.)  խոշորացված համայնքի հնարավոր թեկնածու՝  Սամվել Հարությունյանի ասուլիսը։

Թեման՝ «Սեպտեմբերի 8-ին Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականը և նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվելիք Գորիսի և նրա հարակից 11 գյուղերի խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը։ Նախընտրական իրավիճակը Սյունիքում  և հնարավոր խմորումներ.  ազգաբնակչության տրամադրվածությունը. «վախի մթնոլորտում»  նրանց  մասնակցության  ակտիվությունը.  ընտրության ընթացքում հնարավոր բարդությունների կանխատեսում և կանխարգելում. հետընտրական ակնկալիքներ և քաղաքական հնարավոր զարգացումնր»։
***
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման արարողությունը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և
մենակատարներ: Փառատոնի բացմանը ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

***

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սեպտեմբերի 25-ին, ժամը 12։00-ին Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի հետ սիրով հրավիրում է Գրատպության թանգարանի բացմանը, ինչից հետո նախարարը Ձեզ կպատմի, թե մշակութային ինչ ձեռնարկներ են իրականացվելու առաջիկայում, և որոնք են արդեն իրականություն դարձել կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում։

Ազգային գրադարանի Գրատպության թանգարանը որպես այդպիսին առաջինն է Հայաստանում։

Հավաքածուն ընդգրկում է հնատիպ գրքեր, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլն։ Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որոնք ստեղծում են ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր։

Գրատպության թանգարանի հասցեն է՝ Երևան, Տերյան 72 ( Ազգային գրադարան)։

***

Սեպտեմբերի 25-ին` ժամը 9:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ-2017» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, CSIT-2017 գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը:

«CSIT-2017» գիտաժողովի հիմնական նպատակն է խթանել գիտելիքների և փորձի փոխանակումը արտասահմանցի և հայ գիտնականների միջև, մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու և տարածելու  կոմպյուտերագիտության տեսական  ու կիրառական արդյունքները, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները, քննարկել համատեղ աշխատանքային նախագծեր։

«CSIT-2017»-ը լավ հարթակ է Հայաստանում թվային տնտեսության ոլորտի հարցեր քննարկելու և դրանք ճշգրտելու համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն