Տարածքների հանձնումը կհանգեցնի պատերազմի. ռուս ռազմական փորձագետ

Տարածքների հանձնումը կհանգեցնի պատերազմի. ռուս ռազմական փորձագետ

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, անդրադարձել էր նաեւ ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:

«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը հետեւեցին Արցախի պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր միաբերան նշում էին, թե Արցախում այնպիսի տարածքներ չկան, որոնց վերադարձի դեպքում անվտանգության համակարգին վնաս չի հասցվի: Օրեր առաջ էլ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Նալբանդյանը նշել է, թե ինքը խոսել է հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին: Որքան էլ արտաքին գերատեսչության ղեկավարը փորձում է արդարանալ եւ սրբագրել իրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե առանց հստակ երաշխիքների եւ վստահության ամրապնդման՝ նման քայլի դիմելը սխալ կլինի:

-Պարո՛ն Եվսեեւ, ՀՀ արտաքին գործերի նախարարն իր ելույթում խոսել էր այն տարածքների վերադարձի մասին, որոնք անվտանգությանը վնաս չեն հասցնելու: Որպես ռազմական փորձագետ՝ կարո՞ղ եք ասել՝ կան արդյո՞ք Արցախում նման տարածքներ:

-Իհարկե, այդպիսի տարածքներ չկան, քանի որ հենց անվտանգության նկատառումներից ելնելով՝ ամեն ինչ կազմված է, գրված, եւ թեկուզ փոքր խաթարումը կարող է ավելի վատ հետեւանքների հանգեցնել: Կարծում եմ, որ առկա իրավիճակի, Ադրբեջանի հռետորաբանության եւ վարքագծի ֆոնին ցանկացած տարածքի հանձնում կհանգեցնի բացառապես իրավիճակի է՛լ ավելի թեժացման եւ մարտական գործողությունների վերսկսման, ինչը Ռուսաստանի համար անթույլատրելի է: Եվ ես ինչքանով որ հասկացա՝ Արցախը պատրաստ չէ ոչ մի տարածք զիջել:

-Արցախի կողմից նման հայտարարություններ հնչեցին: Ստեղծված իրավիճակում ելքն ինչպե՞ս եք տեսնում:

Արցախը ոչ մի բան չի պատրաստվում տալ: Իմ կարծիքով՝ նման քայլը Ադրբեջանին կհրահրի նոր սադրանք դիմելուն: Բացի դրանից՝ մի քանի տարածքներ ազատելու համար պետք են կտրուկ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի ձգտի ամեն ինչ վերադարձնել իրեն: Իսկ այդպիսի երաշխիքներ չկան: Ես վատատեսորեն եմ վերաբերվում որեւէ տարածքի վերադարձին, քանի որ շատ մեծ է փոխադարձ անվստահության մակարդակը:

-Այդ դեպքում բանակցություններն ինչպե՞ս է պետք շարունակել:

-Ես կարծում եմ, որ այժմ որեւէ քայլեր ձեռնարկել պետք չէ, քանի որ այժմ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ սառեցում է նկատվում: Ադրբեջանի նախագահի կողմից կան հստակ խոստումներ, որոնք մինչ այժմ չեն կատարվել, եւ այս պարագայում այլ քայլերի մասին չպետք է մտածել: Այս պարագայում ես կարծում եմ՝ շփման գծում հանգստությունը կպահպանվի, սակայն լարվածության աճ հնարավոր է՝ ընդհուպ մինչեւ պատերազմական գործողությունների վերսկսում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ամենամեծ խնդիրը վստահության պակասն է: Իսկ այդ հանգամանքը չի կարող հակամարտության լուծման խթան հանդիսանալ: Ես չեմ հասկանում, թե այդ պարագայում ինչպես կարելի է խոսել տարածքների վերադարձի մասին: Իսկ երաշխիքներ պետք է տան այն պետությունները, որոնք կարող են դրանք իրացնել:

-Ո՞ր պետությունների մասին է խոսքը:

-Երաշխիքները կարող են տալ այն պետությունները, որոնք կարող են դրանք կատարել: Բայց ինչպե՞ս այդ երաշխիքները կարող են գործնականում կատարվել: Օրինակ՝ պետք է խաղաղապահներ տեղակայել, սակայն ես չեմ պատկերացնում, թե որտեղ պետք է տեղակայվեն: Ես կարծում եմ, որ հիմա ոչ թե երաշխիքներն են կարեւոր, այլ փոխադարձ անվստահության նվազումը: Այսպիսի պարագայում կողմերից եւ ոչ մեկը ոչ մի զիջման չի գնա:

-Արցախի ձայնն ինչպե՞ս պետք է լսելի դարձնել: Երկար ժամանակ է, ինչ խոսվում է Արցախին բանակցային սեղան վերադարձնելու մասին, բայց ոչինչ չի փոխվում իրականության մեջ:

-Իհարկե, միակ տարբերակը բանակցային սեղանի վերադարձն է: Եվ ամենակարեւորն այս պարագայում հենց Արցախի տեսակետն է: Պետք չէ խոսել Ստեփանակերտի մասին, եթե նա չի ասում՝ պատրաստ է տարածքներ վերադարձնել, պետք չէ նրանց փոխարեն խոսել: Եվ, առհասարակ, ոչ թե պետք է մտածել տարածքներ հանձնելու մասին, այլ պետք է իրականացնել այն որոշումները, որոնք նախկինում ընդունվել են: Իսկ տարածքների հանձնումը պետք է լինի բոլոր քայլերից եւ ժամանակից հետո: Հիմա այդ մասին չպետք է խոսակցություն գնա:

Նաիրա Հովհաննիսյան