«Հերքում` Գոռը չէր կարող սիրել ոստիկաններին». բիլիարդի սրահը մի քանի մուտք ուներ. ինչո՞ւ ոստիկանները նախընտրեցին մահացու կրակոց արձակել պատանդառուի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում չգործող բիլիարդանոցներից մեկում արտակարգ դրություն էր:

31-ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր վերցրել Նոր-Նորքի 23-ամյա մի կնոջ, ում ավելի ուշ ներկայացրին որպես նրա ընկերուհի: Գոռը, ըստ մամուլի որոշ հրապարակումների և ՀՀ ոստիկանության պաշտոնական մեկնաբանության, սպառնում էր սպանել ընկերուհուն:

«Երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ  դարձավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է  սպառնում ու այլ միջոցներով հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուն վնասազերծվեց: Պատանդն ու Գոռ Հակոբյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մի քանի օր անց ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց` ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով: Քննչական կոմիտեն կփորձի պարզել` արդյոք իրավաչափ էին ոստիկանության աշխատակիցների գործողությունները:

Մի կողմ դնենք «վնասազերծումից» հետո բարձրացած քննադատություններն ու աղմուկը, թե ինչու ոստիկանությունը հանրության, անչափահաս երեխաների աչքի առաջ պարզապես մարդու կյանք խլեց, մանավանդ երբ «Էրեբունի» ԲԿ-ից ասել էին, որ երիտասարդն իրենց մոտ է տեղափոխվել արդեն մահացած վիճակում. մահը հիվանդանոցում չի վրա հասել: Մի կողմ դնենք նաև այս աղմուկին զուգահեռ ոստիկանության պարզաբանումները, արդարացումները, և առհասարակ, իրավապահ համակարգի նկատմամբ տիրող անվստահության մթնոլորտը:

Միևնույն ժամանակ մոռանանք նաև մեկ-երկու կայքերի հրապարակումներն այն մասին, թե իբր Գոռը Միացյալ Նահանգներում 5 մեքսիկացու է սպանել. սա անգամ քննարկելն է զավեշտ ԱՄՆ օրենսդրությունը հաշվի առնելով (5 մարդու սպանությունը 500 տարվա ազատազրկում է պահանջում, նույնիսկ` ոչ ցմահ):

Գոռը քաղաքացի էր, հայ, մեզնից մեկը: Եվ նա սպանվեց դիպուկահարի կողմից:

Հարկ չէր լինի հերթական անգամ անդրադառնալ այս դեպքին, եթե չլիներ Գոռի` ԱՄՆ-ում գտնվող ազգականների զանգը ArmLur.am-ի խմբագրություն. «Գոռը չէր կարող սիրել ոստիկան կոչվածին, ինչպես ասվում է հրապարակումներից մեկում: Դա սուտ և անհեթեթ հրապարակում էր: Մարդասեր ու նվիրված անձնավորությանը անճանաչելի դարձրին հենց ոստիկանները. նա սպանվեց ոստիկանի կողմից` իր սիրած հայրենիքում»,- այսպես սկսեց իր խոսքը Գոռի ազգականը:

Ինչո՞ւ Գոռը չէր սիրում ոստիկաններին հարցին` մեր զրուցակիցը հանգամանալից պատասխանեց. «Մինչև Հայաստան վերադառնալը նա դատապարտված է եղել, պատանեկության հասակում սխալներ էր գործել, որոնց պատճառով հայտնվել էր բանտում… բայց ոչ գողության, ոչ նարկոտիկի և ոչ էլ, մանավանդ մարդասպանության համար… Գոռը Ամերիկայի ամենավատ բանտերից մեկում է եղել, նա դիմակայել է ամեն բանի, մեծ հարգանք ու պատիվ է ձեռք բերել, հավատարիմ ընկերներ, պատվով շրջապատ: Մարդուն սպանել և դրանից հետո անհեթեթ ու զրպարտիչ հայտարարություններ, հրապարակումներ անել… դա անբարոյականություն է:

Հայաստանի ոստիկանությունը Գոռից վախենալու ու զգուշանալու պատճառներ ուներ»:

Շարունակելով ներկայացնել իրենց հայտնի տվյալներն ու փաստերը` մեր զրուցակիցը հանգամանքներ ներկայացրեց, որոնք խոսում են մի բանի մասին` Գոռին հնարավոր էր վնասազերծել` նրան ողջ թողնելով:

«Նախ` ամենակարևոր հանգամանքը. բուքմեյքերական կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, երկհարկանի է, և ոստիկանությունը միանշանակ կարող էր օգտագործելով այդ հանգամանքը` ներս մտնել առաստաղի կողմից կամ երկրորդ հարկի պատուհանից և աննկատ վնասազերծել Գոռին: Մանավանդ այն դեպքում, որ նա այն վիճակում չէր, որ կարողանար դիմադրել:

Ինչու ոստիկանությունը մեկ ժամ սպասեց, ապա ներկայացում ցույց տվեց ու մարդկանց աչքի առաջ մարդ սպանեց. թող հետաքննությունը գտնի այս հարցի պատասխանը:

Երկրորդ` այդ աղջիկը հայտարարել է, որ Գոռն իրեն մատով չի կպել. Գոռն իրեն չէր սպանի: Ավելին, այդ աղջկա հարազատներն էլ ասել են, որ նա հաճախ էր կապտուկներով տուն գնում, իսկ նրա վրա առկա կապտուկներն ու մարմնական վնասվածքները այդ օրը չէին առաջացել. դա պրոֆեսիոնալ և վաստակաշատ բժիշկներն են վկայում: Մինչդեռ, հրապարակումներն այնպիսին էին այդ օրերին, իբր Գոռն է աղջկան այդ վիճակին հասցրել: Ոստիկանությունն էլ իր հերթին տեսանյութ հրապարակեց, թե աղջկա վրա ծանր մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել` հանրությանը մոլորեցնելով ու այլ պատկեր ներկայացնելով:

Մեկ կարևոր հանգամանք ևս` ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված պրակտիկա է, որն օրինաչափություն է դարձել` հանրության և շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող անձին վնասազերծում են մեկ կրակոցով` ուղղված ոտքին, նրան կարող են թմրեցնել, քնեցնել և այլն… Մեր ոստիկանները, սակայն, նախընտրեցին կրակել կրծքավանդակի շրջանում, ավելին` արձակեցին երկու կրակոց…

Կա նաև պարտակված մի փաստ. Գոռը, ինչպես հայտարարեցին իրավապահները, փաստաբան և ևս 5 անձի էր պահանջում: Հարց է առաջանում` ինչո՞ւ չի հրապարակվում` ում անուններն էր տալիս Գոռը, ովքեր են այդ մարդիկ, որոնց նա պահանջում էր:

Չի հրապարակվում, բնականաբար, մի պատճառով, ոստիկաններին դա ձեռնտու չէր»:

Մեր զրուցակիցը հիշեց, որ նախքան Հայաստան գալը` այս տարեսկզբին, Գոռն ամեն ինչ անում էր, որպեսզի Հայաստան գար: Նա դիմում էր ներկայացրել` Հայաստան տեղափոխվելու համար. «Շատ հայրենասեր էր: Դա էին վկայում նաև նրա դաջվածքները: Ո՞ր հանցագործն այդ նշանակության դաջվածքներ կունենար: Նրա մեջ չարություն առաջացրին Հայաստանում, հայ ոստիկանները: Այն թմրանյութը, որն իբր նրա մոտ եղել է, չէր կարող հենց այնպես հայտնվել որևէ շարքային քաղաքացու մոտ, որևէ մեկի ձեռքում:

Հայաստանում ամեն մեկի մոտ չի կարող նման թմրատեսակ լինել. եթե, իհարկե, չկա համապատասխան «թույլտվություն», իսկ դա կարող են տալ միայն ու միայն իրավապահները: Նույնիսկ ԱՄՆ-ում նման թմրատեսակ չես կարող գտնել: Գոռը թմրամոլ չէր. նրան փոխեցին Հայաստանում: Նա անգամ ծխախոտն էր գաղտնի ծխում, որ հայրը չիմանա: Ինչո՞ւ էր այդ հումորով, կատակասեր տղան հրեշ դարձել, ի՞նչ տեսակի դեղեր էին վաճառել նրան քնաբերի անվան տակ… ժամանակը ցույց կտա և իրավապահների քննության արդյունքները:

Իսկ հիմա հաջորդ հարցը` ո՞վ էր այդ աղջիկը, որը դատապարտվել էր թմրամոլության համար… նա, կարծում ենք, Գոռի կյանք էր մտել հատուկ ծրագրով, և Գոռը, իմանալով դրա մասին, երևի ուզում էր հաշվեհարդար տեսնել նրա հետ: Որտեղի՞ց էր այդ աղջիկը հայտնվել նրա կյանքում, ի՞նչ ակնկալիքով, ո՞ւմ թելադրանքով և ի՞նչ չար նպատակների համար…

Գաղտնիք չէ, որ թմրանյութերի առք ու վաճառքի ոչ մի գործարք չի արվում առանց որևէ մեկի, կամ խմբավորման հովանավորության… կարծում եմ՝ դա էր պատճառը, որ մեր «օրենքը» սպանելով փակեց նրա բերանը:

Հուսով եմ՝ հետաքննությունը կպարզի, թե ինչու էր Գոռը փաստաբան պահանջում, և ինչ հինգ անձանց անուններ էր նա տվել, որ այդպես էլ չի հրապարակվում: Չի բացառվում, որ նրանք գործով վկաներ էին: Չնայած Գոռի ոչ ադեկվատ վիճակին՝ կարելի էր նրա կցկտուր բառերից հասկանալ, որ ինքն, այնուամենայնիվ, ասելիք ուներ…»:

Հ.Գ. Թե ինչ կպարզի հետաքննությունը, ցույց կտա ժամանակը: Փաստ է մեկ բան` Գոռը չկա, իսկ արդարադատությունը հիվանդ է, բայց ոչ մեռած:

Սպասենք` տեսնենք…

Տաթև Հարությունյան




Լրահոս