Ինչպես կարող է ՀՀ-ն Թուրքմենստանից գազ ներկրել, և ինչպես կարձագանքի Մոսկվան Հայաստանի՝ այդպիսի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը, նաեւ անդրադարձ է կատարվել օգոստոսի 24-ին Բերդիմուհամեդովի` Հայաստան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ Երեւանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար` ռուսական կողմի հետ պայմանավորվածոության շրջանակներում՝ որպես ԵՏՄ անդամ երկիր։ Ըստ մեր տեղեկությունների` նախատեսված է Թուրքմենստանից Պարսկաստանով Հայաստան գազ ներկրել, սակայն առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ, թերեւս, երրորդ երկրներ վաճառքի նպատակով:

Իսկ պաշտոնական Մոսկվան ինչպես կարձագանքի Հայաստանի՝ այդպիսի որոշմանը, եւ, առհասարակ, ինչպես կարող է այդ գործընթացն իրականացվել: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

-Պարո՛ն Կոլերով, Սերժ Սարգսյանի` Թուրքմենստան այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքմենստանից Հայաստան գազ ներկրելու մասին: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում իրադարձությունների այդպիսի զարգացմանը:

-Ցանկացած խոսակցություն Թուրքմենստանից գազի ներկրման մասին, որը կարող է հասնել Կովկաս, ոչ միայն տեսական, այլ նաեւ սիմվոլիկ խոսակցություն է: Դա մի քանի պատճառներ ունի: Նախ Թուրքմենստանից գազի ներկրման մասին խոսում են միայն երկու վայրում` Ադրբեջան եւ ԵՄ: Կարող ենք ենթադրել, որ Հայաստանը խոսելով Թուրքմենստանից Կովկաս գազի ներկրման մասին, իհարկե, չի միանում Ադրբեջանին, այլ ԵՄ-ի տեսակետին: Երկրորդ` գազի ներկրման համար այլ ճանապարհ, բացի Ադրբեջան պետության տարածքով, չկա:

-Իսկ Իրա՞նը: Հայաստանը դիտարկում է հենց այդ տարբերակը:

-Իրանի տարածքով թուրքմենական գազի տրանզիտի մասին որեւէ նախագիծ չկա եւ երբեք էլ չի եղել: Իրանը Թուրքմենստանից գազ ստանում է երկրի հյուսիսային հատվածում, սակայն իր կարիքների համար, ուղղակի իրեն ավելի մոտ եւ հարմար է այդպես: Թուրքմենստանից գազի ներկրման բոլոր պայմանագրերը նախատեսված են Կասպից ծովով: Ինչպե՞ս Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքով գազ ստանալ, օրինակ՝ Վրաստանի միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը: Այսինքն՝ Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ բանակցել թուրքմենական գազի ներկրման համար: Թուրքմենստանից Կասպից ծովով գազի ներկրման ոչ մի ռեալ նախադրյալ չկա, քանի որ դա քննարկվում է միայն որպես գազատարի միջոցով ներկրում: Որպեսզի այդ տարածքում գազատար կառուցես, պետք է ստանաս կասպյան բոլոր երկրների համաձայնությունը: Այդպիսի համաձայնություն չկա, իսկ Կասպից ծովի ջրային տարածքն էլ բաժանված չէ եւ պահպանում է այդպիսի հարցերի միասնական ընդունումը: Սա, հստակ թեորիա է, եւ, ամենագլխավորը, Թուրքմենստանում Կասպից ծովով ներկրելու համար ազատ գազ չկա: Այն, ինչ կա, ստանում է Չինաստանը: Այդ պատճառով Թուրքմենստանի կողմից այդպիսի հայտարարությունները կարող եք ընդունել միայն դեպի ԵՄ հարգանքի նշան:

-Իսկ ինչո՞ւ պետք է նման քննարկումներ լինեն, եթե դա անհնար է: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները չգիտեն այդ մասին:

-Իսկ միգուցե չգիտեն: Դուք գիտե՞ք` որքան շատ են խոսում այդ մասին ԵՄ-ում, որ այդ աղմուկից շատ դժվար է ճիշտը տեսնելը: Եվ այն մարդիկ, ովքեր խոսում են թուրքմենական գազի ներկրման մասին, շատ են, սակայն դա միայն տեղեկատվական աղմուկ է, ոչ ավելին: Իրականում նման բան լինել չի կարող: Երբ ՀՀ-ն խոսում է այդ մասին, առաջին հերթին նրանք կրկնօրինակում են ԵՄ-ի հայտարարությունները:

-Իսկ ինչպե՞ս է ՌԴ-ն վերաբերում նման հնարավորությանը:

-Իսկ ինչո՞ւ պետք է ՌԴ-ն անհանգստանա: Մեր անհանգստության համար ոչ մի ռեալ հիմքեր չկան: Բայց կրկնեմ, որ այդ ամենն ուտոպիա է: Ազատ գազ Թուրքմենստանը չունի. ազատ գազը ստանում եւ շարունակում է ստանալ Չինաստանը: Գովազդն ու քարոզչությունն այն մասին, որ Ադրբեջանը կարեւոր է ԵՄ-ի համար որպես այլընտրանքային աղբյուր, եւս քարոզչություն է: Եթե նույնիսկ Ադրբեջանն իր ամբողջ գազը տա, ապա դրա ծավալները կհասնեն միայն վեց տոկոսի: Դա զուտ քաղաքական քարոզչություն է, եւ ոչ ավելին: Կրկնեմ՝ Թուրքմենստանից գազի ներկրման համար առաջին հերթին պետք է Ադրբեջանի համաձայնությունը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս