Կառավարությունը կջրի՞ գյուղացիների պարտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական աջակցության ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի եւ սերմերի դիմաց կուտակված պարտքերը հնարավոր է զիջվեն: ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում 2012-2016 թվականներին գյուղացիների կուտակած պարտքերը զիջել եւ սկսել մաքուր էջից:

«Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ 5 տարի շարունակ` 2012-2017 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարարը «Մասիսի Բերրիություն» ընկերությունն է: Եւ գյուղացիների պարտքերը հավաքագրելու նպատակով ընկերությունը դիմել է դատարան` ընդդեմ Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռիի, Արմավիրի մարզպետարանների: Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետարանի պարտքը կազմում է 15 մլն 813 հազար դրամ, Լոռիինը` 18 մլն 34 հազար դրամ, Սյունիքինը` 8.9 մլն դրամ, Արմավիրինը` 125 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մարզպետներին մեկամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական ցանկերը եւ ներկայացնել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի պարտքը կազմում է 4 մլն 842 հազար դրամ: Ի դեպ, այս գյուղից միայն 5 բնակիչ է բացակա, այսինքն՝ գյուղում չեն: Իսկ Արտամետ գյուղի պարտքը կազմում է 7 մլն 200 հազար դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ծննդավայր համարվող Տեղ գյուղն էլ պարարտանյութի մասով պարտք ունի` 306 հազար դրամի չափով:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի` պարտատերերի 12 տոկոսը կազմում են այն գյուղապետերը, որոնք ստացել են պարարտանյութը կամ սերմացուն, բայց չեն բախշել կամ էլ փողը հավաքել են եւ չեն մուծել: Սակայն մի շարք գյուղապետեր «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցին, որ այդ պարտքերը իրենցը չեն, այլ գյուղացիներինը: Բայց կան համայնքներ, որոնց մի մասի ղեկավարները մահացել են, կավ փոփոխվել են:

Օրինակ՝ ՀՀ Լոռու մարզի Արջուտի գյուղապետ Վարդան Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զարմացավ` լսելով պարարտանյութի եւ սերմացուի պարտքերի մասին. «Մենք պարտք չունենք: Եթե ունեցել ենք, կառավարությունը զիջել է, էլ ինչ պարտք: Ու այդ մասին կառավարության վերջին նիստին վարչապետը հայտարարեց: Ես դա հեռուստատեսությունից եմ լսել, ժողովուրդն էլ է լսել: Լսած էլ չլինեն, իրենք հաստատ չեն կարող մարել, որովհետեւ բերք չեն ստացել, փող չունեն»:

Գյուղապետ Մկրտչյանի խոսքերով՝ այս տարի գյուղացիները պետական աջակցության ծրագրերից չեն օգտվել. նրանք ո՛չ պարարտանյութ են վերցրել եւ ո՛չ էլ սերմացու: «Իրենք իրենց ուժերով ով ոնց կարողացել է, ցանել է, բայց միեւնույն է` ցրտահարվեց: Ու իրենք հստակ որոշել են, որ այլեւս ո՛չ սերմացու եւ ո՛չ էլ պարարտանյութ չեն վերցնելու»,- ներկայացրեց Արջուտի գյուղապետը:
Բայց ահա նույն մարզի Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պարարտանյութի եւ սերմացուի պարտքերը կուտակվել են նախկին գյուղապետի պաշտոնավարման տարիներին, որոնց համար ինքը որեւէ պատասխանատվություն չի կրում եւ չի էլ կրելու: «Ես պարտք ու պարտավորություն չունեմ, իմ օրոք չեն հավաքվել այդ պարտքերը: Ես անգամ չգիտեմ, թե ովքեր են պարտք: Այդ պարտքերի ցուցակները չեն պահպանվել գյուղապետարանում»,- արդարացավ դսեղցի գյուղապետը:

Ինչպես Դսեղում, այնպես էլ Լուսաղբյուրում նույն իրավիճակն է ստեղծվել: Գյուղացիների պարտքերը կուտակվել են նախկին գյուղապետի օրոք, ով մահացել է: Այս մասին «Ժողովուրդ»-ին ասաց Լուսաղբյուրի ներկայիս գյուղապետ Արամայիս Հակոբյանը: «Հիմա մարզպետարանի աշխատակիցների հետ ճշտումներ ենք անում, թե կոնկրետ ով որքան է պարտք: Բայց ես չեմ կարող մարել, ի վիճակի չեմ: Իսկ գյուղացիները ընդհանրապես չեն կարող վճարել: Անգամ մարզպետարանի աշխատակիցներն են եկել ու իրենց հետ հանդիպել, զրուցել, բայց մարդիկ փող չունեն: Անգամ հողերը մշակելու գումար չունեն, հետո ջուր չկա, հակակարկտակայան չունենք, որ գոնե հույս ներշնչի՝ մարդկանց հողի վրա գումարներ ծախսեն»,- մեծ ափսոսանքով նկատեց գյուղապետը: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ Լուսաղբյուրի բնակիչները կանխիկ գումար չեն ունեցել, որ այս տարի պարարտանյութ ու սերմացու գնեն: Ինչի արդյունքում ստիպված խոտ են քաղում: «Համայնքը 606 հեկտար վարելահող ունի, որից միայն 100 հա-ն է մշակվում»,- լրացրեց Լուսաղբյուրի գյուղապետը:

Սյունիքի մարզում եւս կան գյուղեր, որոնք պետությանը պարտք են ե՛ւ պարարտանյութի, ե՛ւ սերմացուի դիմաց: Ի դեպ, Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովվեց` նշելով, որ խոսքը 30-40 հազար դրամ պարտքի մասին է: «Հնարավոր է՝ մուծելիս 30-40 հազար դրամ մնացորդ է մնացել: Այնպես չէ, որ միլիոնների պարտք ունենք»,- նկատեց գյուղապետը: Նա նաեւ նշեց, որ այս տարի գյուղացիների մի մասն է միայն պարարտանյութ վերցրել, իսկ սերմացու` ոչ ոք:

Օրինակ՝ Բռնակոթի բնակիչների պարարտանյութի դիմաց ունեցած պարտքը կազմում է ավելի քան 2 մլն դրամ: Իսկ սերմացուի պարտքի չափը դեռ ճշտվում է: «Մենք մի կերպ պետք է պարտքը հավաքենք, բայց չգիտեմ, թե ոնց: Այստեղ մարդիկ հրաժարվում են պարտքը մարել: 2012 թվականից մինչ այսօր չենք կարողանում հավաքել, որովհետեւ 2013-14 թվականներին երաշտ էր, այս տարի նույնպես: Դրա համար ոչ ոք պարարտանյութ, սերմացու եւ դիզելային վառելիք պետությունից ձեռք չի բերել: Արդյունքում, այս տարվա բերքատվությունը քիչ է եղել. այսինքն՝ 3 տոննա ցորենի փոխարեն մարդիկ հավաքել են 800 կգ կամ մեկ տոննա»,- ներկայացրեց Բռնակոթի գյուղապետ Ատոմ Առաքելյանը: Ապա հույս հայտնեց, որ վարչապետն իր խոսքերին տեր կկանգնի եւ կզիջի գյուղացիների պարտքը:

Եւ չնայած սրան` կառավարության անդամները ոգեւորված նշում են, որ այս տարի տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որեւէ պարտք չի գոյացել: Այնինչ՝ պարզվում է, որ գյուղացիները անգամ չեն էլ օգտվել պետական աջակցության ծրագրերից, որովհետեւ կա՛մ փող չեն ունեցել, կա՛մ էլ հույսները կորցրել են գյուղատնտեսության ոլորտից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս