ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Սան Պաուլոյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին Սան Պաուլոյի հայկական ակումբում (ՍԱՄԱ) տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին: Միջոցառմանը ներկա էին համայնքային բոլոր կազմակերպությունների և կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ, Սան Պաուլո քաղաքի ավագանու անդամներ և այլ հանրային գործիչներ:

Միջոցառման մեկնարկին ՍԱՄԱ-ի երգչախումբը կատարեց երկու երկրների պետական օրհներգները, որից հետո ներկաների առջև ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը: Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց օրեր առաջ Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նշանակությունը Հայրենիք-Սփյուռք առնչությունների հետագա ամրապնդման գործում: Դեսպան Գալոյանը բարձր գնահատեց Բրազիլիայի հայ համայնքի ձգտումը միասնաբար սատարելու Հայաստանին և Արցախին և հաղթահարելու հայության առջև ծառացած մարտահրավերները:

Հատուկ անդրադարձ կատարվեց երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության խնդիրներին, ներհամայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված նոր ծրագրերի իրականացմանը և ընդգծվեց, որ ՀՀ դեսպանությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը՝ հնարավոր խնդիրներն միասնաբար հաղթահարելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանը խոսեց նաև Հայաստանի տնտեսության զարգացման գործում բրազիլահայերի մասնակցության հնարավորության մասին:

Պաշտոնական արարողությունից հետո ՍԱՄԱ-ի երգչախումբը հանդես եկավ համերգային ծրագրով:




Լրահոս