28.09.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սիրով հրավիրում են Մաեստրոյի առաջիկա երկու աննախադեպ համերգներին նվիրված ասուլիսին։
Ասուլիսը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 11։ 00-ին։

«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգը, որին մասնակցելու են մանսուրյանական ստեղծագործությունների լավագույն կատարողները, հոկտեմբերի 1-ին կայանալու է Վանաձորի Կզարթմյանի անվան դահլիճում, հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում:
Մաեստրոյի մանկության տարիներն անցել են Արթիկում: Առաջին անգամ նա դաշնամուրին մոտեցել է այդ դահլիճում, և Մշակույթի տունն այդ համերգին պաշտոնապես կանվանակոչվի Տիգրան Մանսուրյանի անունով:

Վանաձոր քաղաքի ընտրությունը ևս պատահական չէ: Մաեստրոն իր հոգու մեծ պարտքն է համարում համերգ ունենալ լոռեցիների համար և  իր ընկերոջ` Հրանտ Մաթևոսյանի հիշատակին:
Համերգային երեկոներին  հնչելու են Իսահակյանի և Չարենցի բանաստեղծությունների հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգերը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ։

Համերգներն իրականացվում են  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարը հետագայում կհասնի Էջմիածին և Արցախ:

Համերգների պրոդյուսերը  Տիգրան Վիրաբյանն է։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:30-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիս:

Այն լրագրողները, ովքեր հավատարմագրված չեն Կառավարությունում պետք է մինչև սեպտեմբերի 27-ը, ժամը 18:00-ն հաստատեն իրենց մասնակցությունը՝ զանգահարելով 010594072 կամ 098546420 հեռախոսահամարներով և ասուլիսին ներկայանան անձնագրով:

***

Համահայկական գրողների միությունը սկսում է գրական ասուլիսների, հանդիպումների և քննարկումների շարք, որոնց ընթացքում երիտասարդ ստեղծագործողները կծանոթանան ավագ գրողներին, կշփվեն հասակակիցների հետ:

Անդրանիկ հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի, սեպտեմբերի 27-ին ՀՀ ազգային գրադարանի Նիստերի դահլիճում: Հանդիպման հյուրն է Բեյրութից ժամանած երիտասարդ բանաստեղծ Գրիգոր Տարագճեանը:
Մուտքն ազատ է, սկիզբը` 16:00

***

Սեպտեմբերի 28-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ տարածաշրջանային առկա գործընթացների և հնարավոր զարգացումների վերաբերյալ:

***

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում փաստաբան Յուրիկ Խաչատրյանը կխոսի Օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի գործի ընթացքից:

***

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, «Մեսսիեր 53» հյուրանոցում (հասցե՝ Վարդանանց փող., 15/4 շենք) անցկացվելու է Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիումը՝ նվիրված «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության հիմնադրման 20- ամյակին:

***

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

ԹԵՄԱ՝   սեպտեմբերի 28-ը Անվտանգ և օրինական աբորտների ընդունման  միջազգային օրն է:

***

Սեպտեմբերի 28-ին ժամը 18:30-ինՀայաստանում Արգենտինայի դեսպանատան Մշակութային կենտրոնում տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելության հիշատակման արարողություն` «Էկումենիզմը` որպես երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ուղի» խորագրով: Միջոցառմանը ներկա կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ Հայ կաթողիկե եկեղեցուց ներկայացուցիչներ ու այլ հյուրեր:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 10:45-ին  ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կկայանա «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:




Լրահոս