ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարոն Մարգարյանը կյանք չունի՞ առանց կոնյակի. քաղաքապետարանը միլիոնավոր դրամներ է ծախսում` կոնյակ գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտ 30 տոկոս, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են ճոխ գնումներ կատարել: Այդպիսի մի օրինակ է Երեւանի քաղաքապետարանը: Տպավորություն է, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կյանք չունի առանց կոնյակի: Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը պետական միջոցներից միլիոնավոր դրամներ է ծախսում` կոնյակ գնելու համար: Դրանք գնվում են նվիրելու կամ էլ խմելու համար: Հիշեցնենք, որ ավագանու նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիրները բարձրացրել էին այս հարցը, բայց պարոն Մարգարյանն այդպես էլ հստակ պարզաբանում չէր տվել»:

ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, այս տարվա հունիսի 3-ին Երեւանի քաղաքապետարանը գնել է 8 հատ կոնյակ: Մասնավորապես գնվել է 10 տարվա հնեցմամբ 3 կոնյակ, որոնց համար քաղաքային բյուջեից ծախսվել է 45 հազար դրամ, 15 տարվա հնեցմամբ 3 կոնյակի համար` 75 հազար դրամ, 20 տարվա հնեցմամբ 2 կոնյակ` 70 հազար դրամ:

Սրանով դեռ չբավարարված, հաջորդ ամիս՝ հուլիսի 27-ին Երեւանի քաղաքապետարանը Երեւանի կոնյակի գործարանից միանգամից գնել է 500 հատ կոնյակ, որոնց համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երեւան- 2799» հոբելյանական լոգոյով գրվածքով: Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաեւ, որ կոնյակներն ունենան 10 տարվա հնեցում:

Հաջորդ` պաշտոնական փաստաթղթի տվյալներով, սեպտեմբերի 20-ին Երեւանի քաղաքապետարանը հերթական պայմանագիրն է կնքել Երեւանի կոնյակի գործարան ՓԲԸ-ի հետ:  Ըստ որի`գնվել է 5 հատ խմիչք, իսկ յուրաքանչյուրի համար վճարվել է 50 հազար դրամ: Գնման տեխնիկական բնութագրում նշված է, որ գնվել է հուշանվեր-խմիչք-թափանցիկ առանց նստվածքի եւ կողմնակի խառնուկների, բաց դարչնագույնից մինչեւ մուգ դարչնագույն, ոսկեգույն երանգով, տվյալ տեսակի գունավոր խմիչքին բնորոշ համով եւ բուրմունքով: Սպիրտը 20 տարվա հնեցումից ոչ պակաս, իսկ տարան պետք է լինի հախճապակե, 0.7 լ տարողությամբ:

Բացի այս, քաղաքապետարանը սեպտեմբերի 1-ին պայմանագիր է կնքել եւ գնել 4 հատ «Արենի» հուշանվեր`գինու բաժակներ սպիտակ օնիքսից լատունով:

Բայց ուշագրավը գինն է. քաղաքապետարանը գինու մեկ բաժաը ձեռք է բերել 145 հազար 200 դրամով` ընդհանուր 4 բաժակի համար վճարելով 580 հազար 800 դրամ: Պարզվում է, որ դրանք նախատեսված են եղել «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառման համար: Ենթադրվում է՝ ռուս գործընկերոջը «թանկանոց» բաժակներ է նվեր տարել քաղաքապետը, որ ջերմ վերաբերվեն պատվիրակությանը:

Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, որի բանակը հակառակորդի դեմ կռվում է 80-ականների զենքով, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի համապատասխան տեխնիկասարքավորումներ՝ հրդեհները հանգցնելու համար, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն:




Լրահոս