Առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու, դրամական վճարները անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը պարզեցնելու վերաբերյալ։ Նա նշեց, որ 2017թ սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի հիման վրա համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով:

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում։ Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով »,- նշեց վարչապետը:

Նա հանձնարարեց պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարումը: