Ինքնաբացարկ հայտնեց արդեն երկրորդ դատավորը. դատախազի և դատավորների գործը պատուհաս է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա օգոստոսի 15-ին ՀՔԾ-ում ավարտվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու դեպք, ինչի արդյունքում կալանավորվել էին դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը:

Այսինքն՝ կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ, իսկ 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Նկատենք, որ պաշտոնատար անձանցից որեւէ մեկը ցուցմունք չի տվել եւ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Սեպտեմբերի 12-ին այս գործը ընդունվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, սակայն դատավոր Մելիքյանը ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ «դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ…:

Վերը նշված իրավակարգավորումը կիրառելով՝ նշված փաստական տվյալների նկատմամբ գտնում եմ, որ տվյալ պարագայում առկա է ինքնաբացարկ հայտնելու հիմք, մասնավորապես վերը նշված փաստական տվյալները կարող են կողմերի եւ անաչառ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով իմ անկողմնակալության մեջ, եւ տվյալ դեպքում պետք է հայտնել ինքնաբացարկ»:

Գործը մակագրվեց մեկ այլ դատավորի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա եւս ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ Աղվան Պետրոսյանը իր ընկերն է:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանն այն դատավորն է, որի հետ Աղվան Վարդանյանը խոսել էր դատական համակարգում առկա խնդիրներից՝ մասնավորապես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու կողմից արված բեկանումներին, եւ նրան բնորոշել էին «ինքնահավան, քիթը տնկած գյադա»:

Եվ այսպես՝ գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին, իսկ թե ինչ կորոշի այս դատավորը, ժամանակը ցույց կտա:

Բայց հետաքրքիր է, որ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ դատավորները հրաժարվում են քննել իրենց գործընկերների քրեական գործերը: Գործընկերային համերաշխության դրսեւորումներ են:
Քնար Մանուկյան




Լրահոս