«Մենք աշխատում ենք թաքցնել իրողությունը». Տիգրան Մանսուրյանն անդրադարձել է «Խավարում» ցուցահանդեսին և «Վաստակավոր արտիստ» կոչմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանում խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը հայոց պետականության հաստատման առաջին օրերին պետք է բացվեր, որպեսզի բոլորի համար պարզ դառնար, թե ինչո՞ւ փլուզվեց առաջին հանրապետությունը, ովքե՞ր էին դրա մեղավորները, ու՞մ ջանքերով դա եղավ: Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: «Մենք աշխատում ենք թաքցնել իրողությունը:

Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր ԽՍՀՄ-ի տարիներին ունեցած մեծ ձեռքբերումները գնահատել գիտեն ու չեն ցանկանում այդ ամենն արժեզրկել: Դա հասկանալի է, բայց իրողությունը նույնպես պետք է բարձրաձայնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մանսուրյանը: Անդրադառնալով երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար տարբեր էստրադային երգիչներին «Վաստակավոր արտիստ» պատվավոր կոչմանն արժանացնելուն` կոմպոզիտորը շեշտեց, որ եթե կարելի է մեկին նման կերպ գնահատել, ապա ինչո՞ւ չանել դա: «Ումի՞ց ենք պակաս, ումի՞ց ենք վերցնում և ու՞մ ենք տալիս:

Անգամ մեր փողոցներում քայլող յուրաքանչյուր մարդ մի փոքր ժպիտի, կարեկցանքի, աջակցության կարիք ունի: Եթե կարող են ժպիտ ու ջերմություն պարգևել, ինչու՞ չանել»,- եզրափակեց Մանսուրյանը:




Լրահոս