Այս տարի եղանակային պայմանները գործել են հօգուտ իշխանությունների. Վրաստան առաքած էլեկտրաէներգիայի հմայքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ի տարբերություն իր գործընկերների, դեռեւս չի շտապում ասուլիս հրավիրելու եւ իր ղեկավարած ոլորտի մեկ տարվա գործունեության արդյուքներն ամփոփելու հարցում: Սակայն արդեն պարզ է, թե որն է լինելու գլխավոր թեման, որը նա ներկայացնելու է որպես այս կառավարության ձեռքբերում. 2017թ. ընթացքում Հայաստանն ավելացրել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, ընդ որում, տեւական ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտահանում Վրաստան:

Երեկ նախարարությունն այս մասին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Տարեսկզբի ութ ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից ավելացել է 9,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ առաքվել է շուրջ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց։ Արտահանման հիմնական մասը բաժին է ընկել իրանական շուկային: Վերականգնվել են մատակարարումները նաեւ դեպի Վրաստան. նախորդ տարվա զրոյական առաքումների դիմաց, այս տարի վրացական շուկա է մատակարարվել ավելի քան 116 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ …Այս տարվա ութ ամիսներին իրանական շուկա է մատակարավել 805 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Ակնկալվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի առաքման տեմպերը կակտիվանան։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ արտահանման աճը հասցնել առնվազն 20 տոկոսի։ Նշենք նաեւ, որ նույն ժամանակահատվածում ներքին շուկայում սպառվել է 4,1 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 276 մլն կՎտ ժամով կամ շուրջ 7,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը»։

Հրաշալի է ասված: Հայաստանն իրոք այս տարի ավելացրել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, այդ թվում՝ վերսկսել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան: Բայց արի ու տես, որ սա այնքան էլ կառավարության ձեռքբերումը չէ: Պարզապես այդպես է ստացվել հանգամանքների բերումով, մասնավորապես այս տարվա եղանակային պայմանների հետեւանքով:

Փորձենք բացատրել. 90-ականներից սկսած Վրաստանը մշտապես էլեկտրաէներգիա է գնել Հայաստանից: Սակայն Միխայիլ Սահակաշվիլու նախագահության տարիներին իրավիճակը կտրուկ փոխվեց. Վրաստանի էներգետիկ համակարգում շրջադարձային բարեփոխումներ իրականացվեցին, եւ արեւմուտքի օժանդակությամբ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ կառուցվեցին:

Արդյունքում, Վրաստանը ՀԷԿ-երի շնորհիվ կարողացավ դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր եւ դադարեցրեց ՀՀ-ից էլեկտրաէներգիայի ներկրումը: Պատահական չէ, որ նախորդ տարվա ընթացքում Վրաստան էլեկտրաէներգիա չի առաքվել: Իսկ ահա այս տարվա սահմռկեցուցիչ ցուրտ եղանակները, որ շարունակվեցին նաեւ գարնան ամիսներին, վերհանեց Վրաստանի էներգետիկ համակարգի թերությունները. այնտեղ էլեկտրաէներգիայի 80 տոկոսն արտադրում են ՀԷԿ-երը, որոնք ձմռան խիստ ցրտին չկարողացան աշխատել ամբողջ ծավալներով: Ու վրացիները ստիպված էին դիմել Հայաստանի օգնությանը:

Որ էլեկտրաէներգիայի հիմնական արտահանումը եղել է ցուրտ ամիսներին, երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ: Փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ն ու «Գլոբալ Ինթերնեշիոնալ Էներջի» կորպորացիան ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագիր: Եվ հենց փետրվարից Հայաստանը սկսել է հարեւան երկրին էլեկտրաէներգիա վաճառել: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ ապրիլին, ամփոփելով առաջին եռամսյակի տվյալները, տեղեկացրել էր. «Փետրվարին վրացական շուկա է առաքվել շուրջ 25,4 մլն կՎտժ, մարտին` 50,5 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Կանխատեսվում է, որ ապրիլին արտահանումը Վրաստան կկազմի շուրջ 40 մլն կՎտժ»:

Այսինքն՝ միայն առաջին եռամսյակի ընթացքում Վրաստան էր առաքվել 75.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Սա, ի դեպ, այս տարվա ութ ամիսներին արտահանված էլեկտրաէներգիայի 65.4 տոկոսն է: Այսինքն՝ էլեկտրաէներգիայի հիմնական մասն արտահանվել է ցուրտ ամիսներին: Արդեն հաջորդ եռամսյակի ընթացքում Վրաստան արտահանված էլեկտրաէներգիայի ծավալները, ՊԵԿ մաքսային ծառայության վիճակագրության համաձայն, կազմել են 76.2 մլն կՎտ ժամ: Ինքներդ եք հասկանում՝ միշտ չէ, որ եղանակային ցուրտ պայմանների պատճառով վրացական ՀԷԿ-երը կարող են ողջ ծավալներով չաշխատել եւ ստիպել հարեւան երկրից՝ Հայաստանից էլեկտրաէներգիա գնել:

Նույն կերպ միշտ չէ, որ եղանակային ցուրտ պայմանները կարող են ստիպել նաեւ երկրի բնակչությանը՝ ավելի շատ գազ ու էլեկտրաէներգիա սպառել, իսկ ամռան սարսափելի շոգը՝ օդորակիչներ ու հովացման այլ համակարգեր աշխատեցնել. սրանք եւս աշխատում են էլեկտրաէներգիայով: Եղանակային պայմանների հետեւանք էր նաեւ այս տարվա ընթացքում բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ավելացումը: Այնպես որ, արձանագրենք՝ այս տարի եղանակային պայմանները գործել են հօգուտ իշխանությունների, հօգուտ ՀՀ-ում գործող ռուսական էներգետիկ ձեռնարկությունների՝ «Գազպրոմ Արմենիայի» եւ ՀԷՑ-երի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս