Գերմանիայում աջ ծայրահեղականների ընդլայնումը իրեն երկար սպասեցնել չի տա. ընտրությունների հակասական արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կիրակի օրը կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ամփոփեցին արեւմտյան կիսագնդում քաղաքական վերջին շրջանի իրադարձությունները:

Եթե նախորդ տարի ԱՄՆ-ում հաղթող դարձավ ծայրահեղականությունը՝ հանձին Թրամփի, իսկ Ֆրանսիան այս տարվա սկզբին դեռ տատանվում էր ու բարեհաջող կերպով հաղթահարեց աջ ծայրահեղականության սպառանլիքը, ապա Գերմանիայում հարցը վաղուց լուծված էր թվում: Այդ առումով ընտրությունների արդյունքները անակնկալ էին, քանզի աջ ծայրահեղականներն այսօր հայտնվել են խորհրդարանում՝ պատմական նվաճում արձանագրելով եւ նոր հոռետեսական կանխատեսումների հիմք տալով:

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը իր «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությամբ 4-րդ անգամ հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում: Սա պատմական ձեռքբերում է անձամբ նրա համար, քանզի նման հաջողություն կրկնել էր Կոնրադ Ադենաուերը, իսկ 5 անգամ էլ կանցլեր էր դարձել Հելմուդ Քոլը: Սակայն Մերկելի համար այս նվաճումը խամրում է, որովհետեւ նա, ըստ էության, կորցրել է իր նախկին դիրքերը: Եթե 2013թ. Մերկելի կուսակցությունը ստացել էր 41 տոկոս, այս անգամ՝ սոսկ 33: ԳՔԴՄ-ի հիմնական մրցակից համարվող Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը» (ԳՍԴԿ) նույնպես էական կորուստներ է ունեցել: 2013թ. ստանալով ընտրողների ավելի քան 25 տոկոսի աջակցությունը՝ այսժամ կուսակցությունն իր կողմն է կարողացել գրավել ընդամենը 20 տոկոս կողմնակիցներին: Սրանք բավականին մտահոգիչ տվյալներ են եւ խոսում են Գերմանիայում դասական քաղաքական կացութաձեւի փոփոխության մասին:

Խնդիրն այն է, որ այս երկրում տասնամյակներով պայքարը գնում է նշյալ հիմնական քաղաքական հոսանքների միջեւ, այնինչ՝ այժմ կրկին գլուխ է բարձրացնում ետպատերազմյան շրջանում վարկաբեկված եւ լիովին մերժելի աջ ծայրահեղությունը՝ հանձին «Գերմանիայի այլընտրանք» կուսակցության: Վերջինս 2013թ. հավաքել էր ընտրողների 4.7 տոկոսի ձայները եւ անգամ չէր էլ հայտնվել խորհրդարանում: Բայց ահա այս ընտրություններում ստացել է միանգամից 13 տոկոս՝ շուրջ 94 խորհրդարանական մանդատ:

«Գերմանիայի այլընտրանք» կուսակցության (ԳԱԿ) նորահայտ մուտքը ինչպես գերմանական, այնպես էլ եվրոպական քաղաքական ասպարեզ բազմաթիվ վերլուծաբանների մտահոգության տեղիք է տվել: Խնդիրն այն է, որ այս կուսակցությունը քարոզում է ազգայնականություն, ընդդիմանում իսլամին եւ հանդես գալիս ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիայի խորացման դեմ: Նրանց քաղաքական նպատակները գերմանացիների շրջանում հատկապես ընդունելի դարձան Անգելա Մերկելի «բաց դռների» քաղաքականության պատճառով, որի համատեքստում Գերմանիան պատրաստակամորեն ընդունում եւ տեղավորում է օտարերկրյա բազմաթիվ փախստականների:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիան ստիպված է իր քաղաքացու վճարած հարկերով պահել օտար երկրներից եկած անձանց, որոնց մեծ մասը հաճախ, բառի իսկական իմաստով, անգրագետ է, կաղում է արհեստավարժությունից, անկարող է լուծել նոր պայմաններին հարմարվելու խնդիրը, ինչպես նաեւ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ, բնական է, որ գերմանացիների մի ստվար հատված պիտի դժգոհի նման իրավիճակից ու ձայն տա մի կուսակցությանը, որը այդ ամենը կանխելու խոստումներ է տալիս: ԳԱԿ-ը անթաքույց կերպով օգտագործում է գերմանական նացիստների հռետորաբանությունը, Եվրոպական խորհրդարանում էլ դաշնակցում Ֆրանսիայի ազգային ճակատի հետ, որը մերժում է հոլոքոստը եւ Եվրոպայի առանձին երկրների մեկուսացման ծրագրերով հանդես գալիս:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ աջ ծայրահեղականության նման արդյունքը դեռ հիմք չէ, որպեսզի կառավարությունը վերանայի իր քաղաքականությունը: Անշուշտ, մի կուսակցության թեկուզեւ 3-րդ տեղում հայտնվելը չի կարող բավարար լինել մեծամասնության նախընտրած քաղաքական ուղու վերանայման համար, սակայն պետք է հստակ ազդակ հանդիսանա առնվազն կառավարող վերնախավի համար: Գերմանիայի քաղաքացիների շրջանում արհամարհված քաղաքական հոսանքներն աստիճանաբար ոտքի են կանգնում, ինչի հետ հաշվի չնստել պարզապես հնարավոր չէ: Եթե Մերկելը շարունակի հին գործիքներով քաղաքականության մշակումը, հաջորդ ընտրություններին կարող է խիստ տխուր փաստի առաջ հայտնվել: Որքան էլ նա լինի ընդունելի առաջնորդ, միեւնույնն է, գալիս է հեռանալու պահը: Վտանգավորությունը՝ հին գործիքներով շարունակել նախկին քաղաքականությունը, գուցե առժամանակ չի դրսեւորվում, սակայն արդեն իսկ հաղորդում է իր նշանները:

Անկախ ամեն ինչից, Գերմանիան կարիք ունի նոր առաջնորդի, որը թարմ գաղափարներով կձեւակերպի պետության արտաքին ու ներքին քաղաքական առաջնահերթությունները: Յուրաքանչյուր առաջնորդ, որքան էլ խելացի ու պատրաստված լինի, տեւական ժամանակ հետո կորցնում է Կարեն Կարապետյանի սիրելի «դրայվը», իսկ նոր քաղաքական իրողությունները շարունակում տեսնել հին տեսնակյունից: Դա վերաբերում է համաշխարհային բոլոր առաջնորդներին, ինչպես Չերչիլին, դը Գոլին եւ այլոց: Առաջիկա 4 տարիների կանցլերությունը, արդ, Մերկելը պետք է օգտագործի կուսակցության ներսում առողջ սերնդափոխություն կատարելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում իր կուսակցությունը ներկայանա նոր մարտահրավերներին համարժեք լուծումներ տալու պատրաստվածությամբ:

Հակառակ դեպքում աջ ծայրահեղականների անընդհատ ընդլայնումը իրեն երկար սպասեցնել չի տա՝ գերմանական քաղաքական համակարգը խոշոր երկրաշարժի ենթարկելով: Եվրոպական միության անկյունաքարը համարվող Գերմանիայում նմանօրինակ տեղաշարժերը անխուսափելիորեն կազդեն ոչ միայն միության, այլեւ ողջ աշխարհի վրա, եթե, իհարկե, մինչ այդ ամերիկյան աջ ծայրահեղականությունն ու Թրամփը աշխարհը չկանգնեցնեն հյուսիս-կորեական աղետի առաջ:

Ն. Հոսվեփյան




Լրահոս