Ավելի բարեկարգ Երևանն այդպես էլ չի նկատվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքը հիրավի համարվում է մայրաքաղաք Երեւանի տեսարժան կառույցներից մեկը: Ու ենթադրվում է, որ դրա հանդեպ քաղաքային իշխանությունների վերաբերմունքը եւս յուրահատուկ պետք է լինի: Սակայն, ավաղ, իրականությունն այդպես չէ:
Շենքի շուրջբոլորն առկա սրճարանների գոյությունը դեռեւս արդարացվում է նրանով, որ քաղաքի կենտրոնում հատկապես շատ են զբոսաշրջիկները, երեկոյան մեր համաքաղաքացիները դուրս են գալիս զբոսանքի եւ օգտվում են նաեւ հանգստի այս վայրերից: Հարցի մեկ այլ կողմն, իհարկե, այն է, որ նախկինում սրճարանների տեղում կանաչ տարածք էր, եւ հանգստի գոտիները կառուցվեցին քաղաքի թոքերի՝ թթվածնի եւ ծառերի հաշվին:

Սրճարանները մի կողմ թողնելով՝ անդրադառնանք Օպերայի շենքի շրջակայքում գտնվող արագ սննդի կետին (տե՛ս լուսանկարը): Եթե նույնիսկ չխոսենք սննդի կետի հակասանիտարահիգիենիկ վիճակի մասին, ապա որքանո՞վ է ճիշտ նման կառույցի առկայությունը հենց օպերայի բակում, որքանո՞վ է դրա տեսքը հարիր ազգային թատրոնի շենքին, որքանո՞վ է հաճելի փողոցով քայլող մարդկանց «ըմբոշխնել» ուտելիքի հոտը: Ստացվում է, որ մեզանում գլխավորը գումարն է: Եթե մարդը վճարունակ է, կարող է վճարել եւ սննդի նման մի կետ էլ բացել, ասենք, նման թույլտվություն տված Երեւանի քաղաքապետարանի կամ էլ պետական որեւէ կառույցի հարակից տարածքում:
«Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեցին նաեւ Օպերայի բակում գտնվող երկու գերծանրաբեռնված աղբամանները, որոնցից տարածվող հոտն, իհարկե, անկարելի է փոխանցել ընթերցողներին:

Ինչ վերաբերում է շենքերի արտաքին տեսքին, ապա այս տարվա մայիսի 25-ին կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր շենքերի եւ շինությունների արտաքին տարրերի միասնական պահանջների մասին: Եւ հիմա ասել, որ այդ օրվանից մինչ օրս մեծ աշխատանք է տարվել, իրականում կնշանակի ոչինչ չասել: Վաղուց արդեն ոչ վարդագույն մեր մայրաքաղաքում սնկի պես ավելանում են անհրապույր շինությունները. դրանց կողքին անտեսվում են մշակութային իրական արժեք ներկայացնող շենքերը: Ոմանք դա «սարայ» կկոչեն, ոմանք կասեն, որ քանդված, մշակութային արժեք ներկայացնող շենքերի քարերը պահպանվում են, որպեսզի հետագայում շենքերը վերականգնվեն, եւ կյանքի կոչվի «Հին Երեւան» այդքան սպասված նախագիծը, որը սակայն այդպես էլ չի մեկնարկում, եւ գուցե տասնամյակներ հետո, երբ ֆինանսներ մսխելու հերթական առիթն ընձեռվի, այն իրականություն դառնա, եթե, իհարկե, Երեւանից ինչ-որ բան մնացած լինի:

Մայրաքաղաքի շատ փողոցներում կարելի է հանդիպել «Այս տանն ապրել է…» գրությունը: «Այս տանն ապրել է ՀՀ առաջին վարչապետ Արամ Մանուկյանը»: Արդյո՞ք սա որեւէ նշանակություն ունի քաղաքային իշխանությունների համար: Արամի փողոցում գտնվող շենքի անմխիթար վիճակը ձեզ կհուշի՝ կարեւո՞ր է այդ շենքի պահպանությունը պետական մարմինների համար, թե՞ վերջիններս էլ գործում են հայտնի սկզբունքով. «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»:
Իհարկե, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչ-որ քայլեր, այնուամենայնիվ, անում է: Բայց մայրաքաղաքում ամեն քայլափոխի տեղադրված նստարանները, աղբամանները հաճելի մանրուք են, բայց ոչ այնքան կարեւոր, որքան շինությունների պահպանությունը:
Ու բոլորովին հաճելի տեսարան չէ փողոցների մայթերին կանգնած եւ փոշու մեջ գիրք վաճառող մարդկանց տեսնելը: Հաճելի եւ ճիշտ կլիներ, եթե նրանք աշխատեին ավելի մարդավայել պայմաններում: Այդպիսի մի վայր կարող էր լինել, օրինակ, մայրաքաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում գտնվող գետնանցումը, որը կորել է գարշահոտության եւ կեղտի մեջ, եւ տպավորություն է ստեղծվում, թե անցնում ես քաղաքային զուգարանի կողքով, մինչդեռ այդ վայրը կարող է դառնալ գրքերի յուրօրինակ տոնավաճառ: Էլ չենք խոսում տրանսպորտային համակարգի անմխիթար վիճակի մասին: Գծատերերը չեն բարեփոխում տրանսպորտային ցանցը, ավտուբուսների քանակը քիչ է, եւ այսպես շարունակ:
Հ. Գ. Հուսանք, որ մոտ ժամանակներս Կարապի լճի փոքրիկ կամրջակի վրա եւս սննդի արագ կետ չի գործարկվի:

Լուսինե Առաքելյան




Լրահոս