Այդքան սարսափելի չեմ համարում. Տնտեսագետը՝ Հայաստանի պետական պարտքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը նախօրեին հաստատեց 2018 թվականի բյուջեի նախագիծը: Իր կանխատեսումներում գործադիրը բարձրացրել է տնտեսական աճի ցուցանիշը. հաջորդ տարվա համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Արդյո՞ք իրականություն կդառնան կառավարության կանխատեսումները, թե՞ ոչ:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, 2018 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը խոստացել է 4.5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Բայց այդ կանխատեսվող տնտեսական աճը կառավարությունը պայմանավորում է ռուսական տնտեսության բարելավմամբ եւ պղնձի գների բարձրացմամբ: Որքանո՞վ է դա իրատեսական:

-Դա իրատեսական է, որովհետեւ պղնձի գները իջել էին, հիմա դրանք փոքր-ինչ բարձրանում են: Իսկ ռուսական էկոնոմիկան արդեն մեկուկես տարի առողջանում է ավելի արագ տեմպերով, քան արժույթի միջազգային հիմնադրամն էր կանխագուշակել: Եթե մենք մեր արտահանման կառուցվածքը նայենք, ապա կարձանագրենք, որ 1.2-1.3 մլրդ դոլարը մեր արտաքին առեւտուրն է Ռուսաստանի հետ: Եթե գազը եւ ՌԴ-ից բերվող ապրանքները հանենք, ապա արտահանվող մասը մոտավորապես կազմում է 300-400 մլն դոլար: Հիմա ՌԴ-ն պահանջարկ ունի պահածոների, խմիչքների, բանջարեղենի: Եթե նշված ապրանքատեսակների արտահանումը խթանվի, ապա այն մեծ դերակատարություն կունենա մեր տնտեսության մեջ: Զուգահեռ մենք էլ դիֆերսիկացրել ենք մեր շուկաները. սկսել ենք արտահանումներ իրականացնել դեպի Իրաք, Շվեցարիա, Քուվեյթ, հեռանկարներ կան, որ պատերազմն ավարտվի, Սիրայի հետ էլ Հայաստանը կաշխատի:

–Մյուս կողմից, հաջորդ տարի ոչ միայն չեն բարձրանալու թոշակները, նպաստները, աշխատավարձերը, այլեւ հակառակը` այդ ոլորտին տրվող հատկացումներն են նվազեցվելու…

-Ես միշտ ասել եմ` վերջին մի քանի տարիներին մեր բյուջեի 1/3-ը կազմում են սոցիալական պաշտպանության ծրագրերը: Մենք վերածվել էինք իսկապես խորը սոցիալական պետության: Ճիշտ է՝ մենք սահմանադրորեն հռչակել ենք սոցիալական պետություն, բայց բյուջեի 1/3 տալ սոցիալական պաշտպանությանը, նշանակում է, որ մեր էկոնոմիկան, հետեւաբար մարդիկ այդքան առողջ չեն՝ ծերեր, հիվանդություններ, դեպքեր, սոցիալական պաշտպանության ծրագրեր, գործազրկություն, աղքատ ժողովուրդ… Հիմա եթե մենք էկոնոմիկան զարգացնում ենք, բնականաբար գործազրկությունն էլ, աղքատությունն էլ կսկսեն նվազել, եւ դրանց վրա ծախսվող գումարները կուղղվեն այլ ոլորտներ:

-Բայց հաջորդ տարի ակնկալվում է 4 տոկոս գնաճ: Այս իրավիճակում, երբ թոշակը, աշխատավարձը չեն բարձրանալու, ապա մարդիկ հաջորդ տարի ավելի վատ են ապրելու:

-Գնաճը պայմանավորված կլինի նաեւ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներով, որը սկզբունքորեն սահմանված է: Մենք գիտեինք, որ որոշ ապրանքների վրա ակցիզային հարկը կաճի, տուրքերը պետք է ավելանան, դրա համար չպետք է ժամանակ կորցնենք: Ամենակարեւորն այն է, որ մենք պետք է այնքան արագ աշխատենք, որ տնտեսական աճը Ձեր նշած բոլոր խնդիրները կոմպեսացնի, գերազանցի:

-Պարո՛ն Մակարյան, ՀՀ իշխանությունները նախատեսել են 2018 թվականին պետական պարտքը հասցնել 7 մլրդ դոլարի: Այդ բեռին ինչպե՞ս ենք դիմանալու:

-Պետական պարտքը չեմ համարում այդքան սարսափելի: Եթե տնտեսական աճ կա, ապա ՀՆԱ-ն մեծանում է: Միշտ արտաքին պարտքը հաշվվում է ՀՆԱ-ի նկատմամբ, իսկ ռիսկային սահմանը 60 տոկոսն է: Այժմ ՀՆԱ-ի` 10.5 մլրդ դոլարի մեջ 6 մլրդ դոլարն է սահմանը, 60 տոկոսը: Բայց եթե մենք հաջորդ տարի 4 տոկոս աճ ենք ունենում, ենթադրենք 11-11.5 մլրդ դոլարի չափով, ապա դրա 60 տոկոսն արդեն կկազմի 6.6 մլրդ դոլարը: Այսինքն՝ մենք կարող ենք 600 մլն դոլարի պարտք ավելացնել, եթե կարիք լինի, բայց կարող է եւ չլինի: Քանի որ կառավարությունը ձգտում է իր մուտքերի եւ ծախսերի մասը բալանսավորել: Նաեւ հաջորդ վերջին ռեսուրսն է հարկերի լավ հավաքումը:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի նախագծով կրճատելու է սոցիալական ոլորտի ծախսերը: Եթե այս տարի սոցիալական ոլորտի համար հատկացրել 409 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի ցանկանում են հատկացնել 408.6 մլրդ դրամ: Նվազեցվելու են նաեւ առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները. այս տարի առողջապահական նպատակներով հատկացվել է 85.9 մլրդ դոլար, իսկ ահա հաջորդ տարվա բյուջեում այս ոլորտին 80 մլրդ դրամ է նախատեսված հատկացնել: Արդյոք այս ամենի արդյունքում կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքը, ցույց կտա ժամանակը:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս