ՖՈՏՈ. Մշակույթի նախարարությունը քաշեց «Շարմին», որն էլ չհերքեց այդ «պաստավկան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ կոմպոզիտոր Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային ծրագիրը, որը պետք է կայանար սեպտեմբերի 29-ին Զվարթնոց տաճարում, չեղարկվել էր:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կասեցրել էր համերգի կայացումը` ձեւակերպելով, թե համերգը համաձայնեցված չի եղել մշակույթի նախարարության հետ:

«Ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել որեւէ համերգի կազմակերպման մասին: Կազմակերպիչը մեր ՊՈԱԿ-ին կամ մեզ որեւէ կերպ տեղյակ չի պահել: Ո՛չ ունենք պայմանագիր, ո՛չ ունենք պայմանավորվածություն»,-լրագրողների հետ զրույցում պատճառաբանել էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նշենք, որ համերգի կազմակերպչական հարցերով զբաղվում էր «Շարմ Հոլդինգ» ընկերությունը։ Վերջինս, սակայն, հանդես էր եկել մի պարզաբանմամբ` համերգի չեղարկման պատճառը տանելով բոլորովին այլ հարթություն: Հոլդինգից մատնանշել էին երկու պատճառ` օդերեւութաբանների կանխատեսումներն ու ոչ բավարար քանակով տոմսերի վաճառքը. «Տոմսերի վաճառքը դեռ նոր էր սկսվել եւ լիարժեք չէր իրականացվել, հետեւաբար բոլոր հանգամանքները հաշվի առնելով` համերգը տեղափոխվեց»,-ասված է հայտարարության մեջ:

Արծրունին ինքը նշել էր, որ համերգից ընդամենը 3 օր առաջ հոլդինգի ներկայացուցիչն իրեն հայտնել էր, որ միջոցառումը տեղի չի ունենա։ Իսկ դրանից մեկ օր առաջ խորհրդավոր հեռախոսազանգ էր եղել ՊՈԱԿ-ից՝ Արծրունուն եւ «Շարմին»։ Երգահանը շեշտել էր, որ 2014-ին Զվարթնոցում տեղի ունեցած սրբապղծությունից հետո (երբ գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա դիալոգն» այդտեղ հարսանիք էր կազմակերպել) ինքը նպատակ ուներ Մաշտոցի շարականներով մաքրել այդ սրբապղծությունը: Բոլոր այս փաստերի ֆոնին, սակայն, ի հայտ են գալիս բազմաթիվ հարցականներ: Նախ՝ ինչպես նկատեցինք, մշակույթի նախարարության եւ «Շարմ հոլդինգի» պատճառաբանությունները տարբեր հարթություններից էին եւ ոչ մի կերպ չէին խաչվում միմյանց հետ:

Տարակուսելու տեղիք

Նախ` ինչպե՞ս է համերգի կազմակերպիչը տոմսեր վաճառել կամ գովազդային արշավ սկսել այն դեպքում, երբ մշակույթի նախարարության հետ նախապես ոչ մի պայմանավորվածություն չի ունեցել: Երկրորդ` եթե նախարարությունը մատնանշում է պայմանագրի բացակայության հանգամանքը, ինչո՞ւ է «Շարմը» իր հայտարարության մեջ շրջանցում դա: Երրորդ` ինչպե՞ս է «Շարմը» բերում ոչ բավարար քանակով վաճառված տոմսերի վարկածն այն պարագայում, երբ նախորդ օրերի ընթացքում տոմսերի վաճառքի դինամիկան հստակ ֆիքսվել է, ավելին` կան տվյալներ, որոնք փաստում են, որ բավարար քանակով տոմսեր արդեն իսկ վաճառված եղել են:

Ամենահնարավոր վարկածները

Եթե «Շարմը» իր հայտարարության մեջ չշրջանցեր պայմանագրի բացակայության հանգամանքը, կա՛մ պետք է ասեր. «Այո՛, մշակույթի նախարարությունը ճիշտ է ասում, պայմանագիր չի եղել, եւ համերգի չեղարկման մեղավորը մենք ենք», կա՛մ հակառակը. «Ո՛չ, նախարարությունից ստում են, պայմանագիր կամ պայմանավորվածություն եղել է, եւ համերգի չեղարկման մեղավորը նախարարությունն է»: Բայց «Շարմը» ցանկություն կամ հնարավորություն չի ունեցել առաջ քաշելու այս երկու մեկնաբանությունից որեւէ մեկը: Ստացվում է` հոլդինգը պատասխանատվության ամբողջ բեռը վերցնում է իր վրա: Կամ, այլ կերպ ասած, մշակույթի նախարարությունը «Շարմին» քաշում է, «Շարմն» էլ չի հերքում այդ «պաստավկան»: Արդյունքում միակ տուժող կողմը Արծրունին է ու իր թիմը:

Ծանոթ պատճառաբանություն

Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է այն փաստը, որ մշակույթի նախարարությունն ավելի վաղ փակել էր Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված ցուցադրությունը: Ընդ որում, ինչպես Արծրունու համերգի պարագայում, պատճառաբանությունը նույնն էր` «Նախարարությունը տեղյակ չի եղել»: Փաստերի այս համադրությունը, բնականաբար, չի կարող խորհելու առիթ չտալ, իսկ շատերն էլ կարող են եզրակացնել, որ արգելքների ետեւում թաքնված են քաղաքական դրսեւորումներ: Մտավորականներից շատերը հասցրել են նկատել, որ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի եւ Վահան Արծրունու ըմբոստ կեցվածքը ճնշելու փորձ է արվում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս