ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԸ Ե՞ՐԲ ԿՀԱՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հարսանիքների միջակայքում ժամանակ է գտնում նաեւ զբաղվելու պետական հարցերով: Շաբաթ օրը նա Մոսկվայում մասնակցել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին, իսկ արդեն կիրակի օրը աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը, նաեւ անդրադարձ է կատարվել օգոստոսի 24-ին Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դեռ Երեւանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար՝ ռուսական կողմի թույլտվությունը ստանալուց հետո: Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսված է Թուրքմենստանից Պարսկաստանով Հայաստան գազ ներկրել, սակայն առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ, թերեւս, երրորդ երկրներ վաճառքի նպատակով: Ըստ ամենայնի, այդ ողջ գործընթացն էլ արվելու է «Գազպրոմ»-ի միջոցով:

 

 
Իշխանական թեւի նախկին պատգամավորները հերթով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման են գնում՝ փորձելով ճշտել իրենց ապագան: Սակայն այդպես էլ հստակ պատասխան չեն ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ս. Սարգսյանին վերջերս հանդիպել են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ ընկերության սեփականատերը եւ նախկին ԲՀԿ-ական, վերջին ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը: Ս. Սարգսյանը խորհուրդ է տվել սպասել մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, երբ նոր Սահմանադրության պարագայում կորոշվի նոր կառավարությունը, որից հետո նոր պարզ կդառնա, թե ում ինչ պաշտոն կտա: Այդ հանդիպումը, բնականաբար, չի գոհացրել նախկին պատգամավորներին, բայց նրանք այլ բան չունեն անելու, քան էլի սպասելը:

 

 
«Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Սիսիանի ճանշին» ընկերությունները հայտնվել են ե՛ւ ֆինանսների, ե՛ւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների «սեւ ցուցակում»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել նշված ընկերություններին ներառել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սեւ ցուցակում»: Իսկ ահա տրանսպորտի նախարարությունը միակողմանի լուծել է այդ ընկերությունների հետ կնքված պայմանագիրը: Հիշեցնենք, որ նախկինում այս ընկերությունների սեփականատերն էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Սակայն երբ բացահայտվեց, որ այս ընկերությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, Նաղդալյանն այն, ըստ ամենայնի՝ ձեւական, վաճառեց ռուսաստանաբնակ գործարար Կարեն Գրիգորյանին, վերջինս էլ իր հերթին ընկերությունները վաճառել է ուրիշի, որի անունը գաղտնի են պահում:

 

 

 
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին անակնկալ հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հրաժարականը խորը արմատներ ուներ: Ադունցը համարվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդը, նրա բարեկամն է, իսկ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը ամեն ինչ անում էր՝ նրանից ազատվելու համար: Տեւական պայքարից հետո հասավ արդյունքի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագահականից զանգել են քաղաքապետ Ադունցին եւ ասել, որ հրաժարականի դիմում գրի: Այս լուրը «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել Վաչագան Ադունցից, ով չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ իրեն հարմար չէ խոսել: Նշենք, որ Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել 26-ամյա Առուշ Առուշանյանը, որը քաղաքապետարանի աշխատակից չէ, հայտնի է քրեական պատմություններով ու կենցաղավարությամբ: Ի դեպ, Մարզպետ Վ. Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել է, թե ինքն է որոշել՝ ով պետք է Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի:

 

 
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ
Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Մինչ այդ, սակայն, «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին՝ որոշակի մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացի վերաբերյալ:
Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է ԼՂ խնդրի լուծման մասին եռանախագահների առաջարկները, ըստ որի՝ հիմնահարցը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության սկզբունք: Եւ այս համատեքստում սփյուռքից ժամանած հյուրերի հետ հարցուպատասխանի ժամանակ նա անդրադարձել է ամենացավոտ խնդրին՝ տարածքների վերադարձին: ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով. «Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է այն տարածքների վերադարձը, որոնք Ղարաբաղի համար վտանգ չեն ներկայացնի: Այսինքն՝ խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը»: Այնուհետեւ նա խոսել է տեղահանված անձանց ու փախստականների՝ վերադարձի իրավունքի մասին՝ ընդգծելով, որ «այդ իրավունքը պետք է ունենան, բայց ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ հայերը»:
Հայտնի փաստ է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի քայլերը ենթադրում են նաեւ Արցախի շուրջ անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձ՝ 5+2 հաջորդականությամբ. այս մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ: Ու սա լինելու է այն փոխզիջումը, որ Հայաստանից պահանջում են Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Բայց Հայաստանի իշխանությունները հատկապես երկրի ներսում խուսափել են այս մասին խոսելուց, տարածքների վերադարձի մասին հստակ դիրքորոշում հայտնելուց: Միայն Սերժ Սարգսյանն է օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցներում մի քանի անգամ հայտարարել, թե բանակցություններում եղել են պահեր, ինչպես, օրինակ, Կազանում, երբ կողմերը մոտ են եղել համաձայնության, եւ Հայաստանը պատրաստ է եղել զիջել 7 շրջանները, բայց չեն գնացել այդ քայլին Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով: Ու հիմա հետաքրքրական է, որ Նալբանդյանը Հայաստանում բացահայտ խոսել է այս մասին՝ լավ իմանալով, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ Սփյուռքում շատ-շատերը դեմ են այդ տարբերակին: Դեռ ավելին՝ հենց սա եղավ 1998թ. ներպալատական հեղաշրջման պատրվակը:




Լրահոս