ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԵՐԵՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, չնայած դրական է համարում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության մեկ տարին, սակայն կան քայլեր, որոնց այնքան էլ դրական չի վերաբերվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով վարչապետի գործունեության մասին, նա նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում քայլեր արվել են նաեւ ներդրումային միջավայր ստեղծելու համար, սակայն ուսումնական հաստատություններում ռուսերեն լեզվի առանձնացմանը Հանրային խորհրդի նախագահն այնքան էլ դրական չի վերաբերվում:

Ինչպես հայտնի է՝ կրթության եւ գիտության նախարարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի հանրակրթական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ:
«Հայաստանի կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական եւ արեւելյան լեզուներ: Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս», – նշված է նախագծում:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ով երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում էր «Հայաստան-Սփյուռք» համաժողովին:
-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ արժեք են ներկայացնում նման համաժողովները: Արդյո՞ք նպաստում են համաժողովի ընթացքում քննարկված հարցերի լուծմանը: Արդյո՞ք ելույթներից բացի՝ առարկայական քայլեր կարող ենք ակնկալել:
-Ամեն մի այսպիսի հանդիպումը նախեւառաջ ոգեւորություն է առաջացնում տարբեր երկրներից եկած սփյուռքահայերի մոտ: Իրենց վերադառնալով՝ իրենք մի քիչ աշխուժացնում են սփյուռքահայերի կյանքը: Եվ ծրագրերի տեսակետից այս անգամ բավականին լուրջ ծրագիր է նախատեսված. ես երկու ծրագիր կնշեի՝ մեկը համահայկական կառույց ստեղծելը, եւ երկրորդն ազգ-բանակի շրջանակներում համագործակցության սկզբունքներ մշակելը: Ես կարծում եմ, որ օգտակար կլինի:
-Արդյո՞ք այսպիսի համաժողովներից հետո կարող ենք ակնկալել ներդրումային միջավայրի բարելավում եւ ներդրումների աճ դեպի Հայաստան:
-Ես չեմ կարող ասել, թե որ համաժողովից հետո ինչ ներդրում է եղել: Բայց առաջին անգամ, որ հավաքվեցինք, 1991 թվականն էր, ես որպես վարչապետ, նախաձեռնեցի ոչ թե համահայկական, այլ համահայկական բիզնեսմենների ֆորում: Եվ այն ժամանակ բավականին լուրջ ծրագրեր կային, գործերն առաջ գնացին, հետո մի բան կանգնեց, մի բան առաջ գնաց: Միշտ էլ նպաստավոր են այս ժողովները:
-Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակումից հետո, վերջինս անընդհատ բարձրաձայնում էր ներդրումների ներգրավման մասին: Այս մեկ տարվա ընթացքում Դուք կառավարության կողմից դրական քայլեր տեսնո՞ւմ եք:
-Ես կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին պայմաններ, որոնք որ կխրախուսեն ներդրումները: Որովհետեւ ներդրումներից առաջ պետք է տնտեսական դաշտը մաքրվի, կարծրանա, որոշակի օրենքներ լինեն: Ես կարծում եմ՝ այդ նախապատրաստական աշխատանքներն արվել են, հիմա սպասենք արդյունքների:
-Իսկ որքանո՞վ է բարենպաստ Հայաստանում ներդրումային միջավայրը: Դուք ի՞նչ խնդիրներ կմատնանշեք:
-Մեր ներդրումային միջավայրն իսկապես անբարենպաստ է: Մի երկիր ենք, որ գտնվում ենք շրջափակման մեջ, մի երկիր, որը 3 մլն-անոց թշնամիներով շրջապատված է, մարդիկ զգուշանում են ներդրումներ անելուց: Եվ դրա համար շատ կարեւոր է, որ սփյուռքահայը ներդրում աներ մի քիչ ավելի ռիսկային, քան օտարը:
-Իսկ ներդրումների ներգրավման փորձերից զատ՝ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին ինչպե՞ս եք գնահատում:
-Դրական, սպասումով: Կան բաներ, որոնք ինձ համար ընդունելի են, կան բաներ, որ ընդունելի չեն, բայց ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում:
-Իսկ որո՞նք ընդունելի չեն:
-Օրինակ՝ այս վերջինը, որ ռուսերեն լեզուն առանձնացրեցին: Ես կարծում եմ, որ իսկապես օտար լեզուներից կարելի էր առանձնացնել, բայց ոչ թե ռուսերենը միայն, այլ ռուսերենն ու անգլերենը: Եթե ռուսերենը մեր կոմունիկացիայի լեզուն է, ԵՏՄ-ում եւ նախկին սոցիալիստական ճամբարում, ապա աշխարհի համար խոսակցական, կոմունիկացիոն լեզուն անգլերենն է, եւ չէր կարելի առանձնացնել միայ ռուսերենը:
-Իսկ մի՞գուցե դա արվել է՝ ՌԴ-ին հաճոյանալու համար:
-Ես չգիտեմ՝ որն է այդպիսի որոշման պատճառը, բայց կարծում եմ, որ Հայաստանի համար կա՛մ պետք է բոլոր լեզուների վիճակը բարելավել դպրոցներում, կա՛մ, եթե առանձնացնում ենք օտար լեզուներից որոշ լեզուներ, ապա պետք է լինեին ռուսերենն ու անգլերենը:

 

 

 
Ի՞ՆՉ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՑԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ՝ ՀԱՐՍԱՆԻՔԻ «ԸՆԴՄԻՋՄԱՆԸ»

Հանգստյան օրերը ՀՀ իշխանական էլիտայի համար իսկապես հագեցած էր: Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ ողջ վերնախավը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում էր «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանեկան արարողությանը: Իհարկե, հարսանեկան արարողությունը չի անցել առանց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարապետյանի. վերջինս, ընդ որում, հարսանեկան արարողության կնքահայրն էր:

Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ պաշտոնյաների՝ ՌԴ այցելության մասին պաշտոնապես ոչինչ նշված չէ, այնինչ՝ պաշտոնական լրահոսում կարող էր նշվել գոնե նրանց՝ մասնավոր թեկուզ մեկօրյա այցով Մոսկվա մեկնելու մասին: Չարվեց, փոխարենը համացանցը պայթում էր վարչապետի եւ նախագահի հարսանեկան ուրախ տրամադրության մասին պատմող տեսանյութերով: Ու այսքանից հետո հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք թաքցնել մասնավոր այցերը: Նկատենք, որ փոխարենը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը լուսաբանում էր Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 17-ին Թուրքմենստան կատարած այցը:
Ընդ որում, պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանը Թուրքմենստանի մայրաքաղաքում մասնակցել է Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, իսկ մինչ այդ էլ հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Նշենք, որ դեռեւս սեպտեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը իր ունեցած տեղեկությունները ճշտելու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի մամուլի քարտուղարին՝ հետաքրքրվելով.
-Ճի՞շտ են, արդյոք, տեղեկությունները, որ Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի` Հայաստան այցի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան գազ ներկրելու մասին:
-Ճի՞շտ են տեղեկությունները, որ սեպտեմբերի 16-17-ին Թուրքմենստան է մեկնելու Սերժ Սարգսյանը, եւ օրակարգում նաեւ այդ հարցն է:
-Արդյո՞ք ՌԴ-ն կհամաձայնի ռուսական «Գազպրոմ»-ի մատակարարած գազին այլընտրանք ունենալու տարբերակին:
Ի պատասխան՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը սեպտեմբերի 6-ին այսպիսի պատասխան տվեց. «Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահների միջեւ ս.թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանդիպման, ինչպես նաեւ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տարածել է համապատասխան մամուլի հաղորդագրություն: Թուրքմենստան մեկնելու տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ Նախագահի այցելությունների մասին հանրությունը տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին»:
Եւ, ահա, կիրակի օրը տարածված պաշտոնական հայտարարության համաձայն՝ Թուրքմենստանում նախագահի հետ «հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի եւ տրանսպորտի, փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել բարձր մակարդակով Երեւանում կայացած վերջին հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»: Հուսանք՝ այլընտրանքային գազի ներկրումը կստացվի:
Հ. Գ. Երեկ էլ Սերժ Սարգսյանը մասնակցում էր «Հայաստան-Սփյուռք» համաժողովին եւ նույն օրն էլ աշխատանքային այցով մեկնեց ԱՄՆ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ՈՎ Է ԹԵԿՆԱԾՈՒՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, ով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում զբաղվելու է ՀՀԿ-ի քարոզարշավով, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց՝ դեռ վերջնականապես որոշված չէ, թե ով է Արտաշատում լինելու քաղաքապետի իրենց թենածուն: Նրա խոսքով՝ քննարկումները վերջնականապես կավարտվեն երեք օր անց: Սակայն Ալիկ Սարգսյանը ընդգծեց, որ այս պահի դրությամբ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանից բացի՝ այլ անձի թեկնածություն չի քննարկվել՝ չբացառելով, սակայն, նման հավանականությունը: Հավելենք, որ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանը, ով հանդիսանում է «Էյ-Ի-Ջի» Սերվիս» ԳՀՏՍ ծառայության պետ, ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում թիվ 5 ընտրատարածքում ընդգրկված էր ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակում եւ մարզում կարողացել էր ստանալ 1239 ձայն:

 

 

ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Դատական համակարգում շարունակվում են քննարկումները «Սասնա ծռերի» գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին մեկ այլ դատավորով փոխարինելու շուրջ։ Բանն այն է, որ դատավորի անվան շուրջ դժգությունները հասունացել են, եւ որոշում է կայացվել նրան փոխարինել: Բայց հիմա փորձ է արվում այդ փոփոխությունն անել միանգամայն այլ ֆոնի ներքո: Օրերս Գաբրիելյանը դիմում գրեց, որ իրեն բաշխվելիք գործերը սահմանափակեն, նաեւ առողջական պատճառներով նա ընդհատել էր «Ծռերի» գործով դատաքննությունը եւ ընդմիջում վերցրել: Հիմա այս ամենին կհաջորդի Գաբրիելյանի՝ աղմկահարույց գործից հրաժարվելու գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբի գործը քննելու համար ամենայն հավանականությամբ դատավոր կգործուղեն Շիրակի մարզից՝ Արտակ Թադեւոսյանին, որը քաղաքական գործերով հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի ազգականն է:

 

 

ՀԱՍԱՎ ՎՃՌԱԲԵԿ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը: Նա մեղադրվում էր խարդախության մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց մեկուկես տարվա պայմանական ազատազրկման, սակայն մեղադրող դատախազը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Արամայիս Ավետիսյանը մնա կալանքի տակ: Վերաքննիչ դատարանն էլ բավարարել էր դատախազի բողոքը: Եվ հիմա էլ գործը ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, այս անգամ քաղաքապետարանի նախկին աշխատակից Արամայիս Ավետիսյանն է բողոք ներկայացրել՝ խնդրելով իրեն ազատ արձակել:




Լրահոս