«ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ՈՐ ԵՐԿԻՐԸ ԿԱՅԱՆԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ զրուցել է Հայաստանում ստեղծագործող մարդու առջեւ ծառացած խնդիրների, ներքին քաղաքական, մշակութային եւ կրթական հարցերի շուրջ: Նա կարծիք է հայտնել, որ մեր երկրի ղեկավարներն անում են ամեն բան, որ Ռուսաստանին չզայրացնեն: Պարոն Բայաթյանը, խոսելով մեր մեծագույն խնդիրներից, անդրադարձել է կրթական հարցերի` նկատելով, որ եթե ուզում են մի երկիր ոչնչացնել, փլուզում են հենց կրթական համակարգը:

-Պարո՛ն Բայաթյան, Դուք ունեք հին, հավատարիմ երկրպագուներ, որոնք սպասում են Ձեր մեծ, կենդանի համերգին: Ինչո՞ւ այն այդպես էլ չի կայանում:
-Հիմա դահլիճների վարձակալության գումարն այնքան է բարձրացել, որ կասկածում եմ, թե տոմսերի վաճառքից գոյացած գինը կծածկի այդ ծախսը: Մենք սովոր ենք ընդառաջել, նախապատվությունը տալ դրսի արտիստներին, կարող ենք մեծ գումարներ մուծել` ինչ-որ կասկածելի համերգների մասնակցելու համար, բայց տեղի արտիստների համերգներին նույն էնտուզիազմով չենք գնում, կամ գնում են, չեն ուզում վճարել, ուզում են ձրի լինի, որ գնան: Ուստի եթե հովանավոր չունես, չես կարող նման համերգով հանդես գալ:
-Այսինքն` տեղի ստեղծագործողը ոչ մի կերպ չի՞ խրախուսվում:
-Ոչ միայն չի խրախուսվում, այլեւ այնպես են անում, որ նա չերեւա, կամ էլ երեւան միայն նրանք, որոնք կոնկրետ աջակցություն ունեն:
-Պարո՛ն Բայաթյան, կցանկանայի՝ մի փոքր խոսեինք հայաստանյան ներքին կյանքին առնչվող որոշ հարցերից: Վերջերս բուռն արձագանք գտավ այն հանգամանքը, որ Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված ցուցադրությունը փակվեց: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Ես միայն մեկ մեկնաբանություն կարող եմ անել: Այն մարդիկ, որոնք որոշել են փակել տալ ցուցադրությունը, ուղղակի չեն ուզում ռուսներին զայրացնել: Թե՛ մեզ մոտ, թե՛ Ռուսաստանում նույն համակարգն է գործում: Մեզ մոտ այդպես էլ չընդունվեց «Լյուստրացիայի մասին» օրենքը, այդպես էլ իշխանության որակը չփոխվեց, եւ հասկանալի է, որ վերեւներում չեն ուզում ջրի երես գա այն, ինչ իրենց պատիվ չի բերում: Առհասարակ, Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի վերականգնի խորհրդային միությունը, ուստի դրա համար նախադրյալներ են ստեղծում: Նաեւ այդ է պատճառը, որ ԿԳՆ-ն նոր հայեցակարգ է մշակում` ռուսերենին առավելություններ տալու համար: Ես, օրինակ, այն կարծիքին եմ, որ անգլերենն ու ֆրանսերենն ավելի կարեւոր են, քան ռուսերենը: Երեխաներն ավարտում են դպրոցը, բայց չեն կարողանում անգլերենով նորմալ հաղորդակցվել: Սա լուրջ խնդիր է: Թող դրա մասին մտածեն:
-Պարո՛ն Բայաթյան, այս տարի հայաստանյան բուհերում աննախադեպ թվով թափուր տեղեր մնացին, սա ինչի՞ հետեւանք է:
-Ընդհանրապես, եթե ուզում են որեւէ երկիր կազմաքանդել, կռիվ են հրահրում, իսկ եթե ուզում են այն վերջնականապես ոչնչացնել, փլուզում են կրթական համակարգը: Մնացած հետեւություններն ինքներդ արեք: Եթե կրթական համակարգը չի ծառայում իր ճիշտ նպատակին, նշանակում է, որ մենք չենք ունենա սերունդ, որը կկարողանա երկիրը նորմալ ղեկավարել:
-Ո՞րն է լուծումը:
-Այն, որ ունենանք քաղաքացիական բարձր գիտակցություն, մեր երկրից չփախչենք, տեր կանգնենք ամեն առումով: Ընդ որում, կարեւոր է ոչ միայն հայաստանաբնակների, այլեւ դրսում ապրող հայերի ծառայությունը Հայաստանին: Հնարավորինս մեծ ներդրումներ են պետք, որ երկիրը կայանա: Այլապես մեզ կհոշոտեն: Եթե այստեղից գնացինք, դատապարտված ենք, կսրբեն, կանցնեն մեր վրայով: Բայց ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷԻՆՔ, ԳԼՈՒԽՆԵՐՍ ՏԱՔ ԷՐ…»
«Ժողովուրդ»-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում պատմում ենք հանրային ճանաչում վայելող անձանց կյանքի անհայտ դրվագներ, բացահայտում սիրային գաղտնիքներ, որոնք մնացել էին անցյալում: Մեր զրուցակիցները հիշում են հուզիչ, հետաքրքիր պահեր, կատարում անկեղծ խոստովանություններ: Այսպիսով` մեր զրուցակիցը «Արտիստը», «Ես եմ», «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմերից, «Եռաչափ սեր», «Երե1», «Կյանքը շարունակվում է» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Լեւս Դավթյանն է:
«Առաջին լուրջ սիրավեպն ունեցել եմ ուսանողական տարիներին, երբ սովորում էի երկրորդ կուրսում: Ի դեպ, այդ աղջիկն ինձնից բարձր կուրսում էր սովորում, մեր ասպարեզից էր: Գրեթե մեկ տարի տեւած հարաբերություններից հետո բաժանվեցինք»,-պատմեց Լեւսը:
Հարցին, թե որն էր բաժանության պատճառը, նա պատասխանեց. «Երիտասարդ էինք, գլուխներս տաք էր, շատ էինք իրար խանդում, շատ էինք կռվում…Նման դեպքերում, սովորաբար, սիրահարները բաժանումից հետո փոշմանում են, վերադառնալու փորձեր են անում: Մենք էլ նման բան փորձեցինք, բայց հասկացանք, որ իզուր: Հնարավոր միացումը ֆանտաստիկայի ժանրից էր»:
Մենք հետաքրքրվեցինք` ի՞նչ կասի Լեւսը, եթե հանդիպի իր առաջին սիրուն. «3-4 տարի է` նրան չեմ տեսել, բայց երբ էլ հանդիպել եմ, ողջունել եմ` առանց որեւէ թշնամանքի: Համոզված եմ` որ նա հետեւում է իմ գործունեությանը եւ ուրախանում է իմ հաջողություններով»,-պատասխանեց դերասանը:
Նրա խոսքով` ինքը հիմա ժպիտով է հիշում իր առաջին սիրուն: Լեւսը կարծում է, որ առաջին սիրո ուժն ու պարգեւած զգացումները կյանքում չեն կրկնվում. «Այդ ժամանակ իսկապես առաջնորդվում ես զգացմունքներով, ոչ թե մտքով, առավել եւս` հաշվարկներով: Ես իմ ապրած ոչ մի պահի համար չեմ փոշմանում: Եթե բաժանումից հետո ինձ թվում էր, որ դա աշխարհի վերջն էր, հիմա հետ եմ նայում եւ այդ ամենին ուրիշ, ավելի հասուն հայացքով եմ նայում: Իհարկե, առաջին սերը չի մոռացվում, բայց, այնուամենայնիվ, պետք է դրան հիվանդագին հայացքով չնայել»,-շեշտում է նա:
Մեր զրուցակիցն այն կարծիքին չէ, որ մարդ իր կյանքում մի անգամ է սիրում: Նրա համոզմամբ` կարելի է բազմիցս ապրել այդ զգացմունքը: Լեւսը հավատում է, որ կհանդիպի այն միակին, որի հանդեպ զգացածը չի կորչի, այլ միայն կփոխակերպվի:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՀԱՆՈՒՆ ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԻՔԻ

armeniasputnik.am-ն առանձնացրել է բոլոր ժամանակների հայ հայտնիների ամենատպավորիչ հարսանիքները: Հայտնիները բացարձակապես չեն սահմանափակվում ծախսերի առումով: Շատ հայ հայտնիներ պատրաստ են ամեն ինչի, միայն թե իրենց հարսանիքը լինի ամենաշատ քննարկվածը:

Գասպար Ավդոլյան եւ Լոլիտա Օսմանովա. գործարար Ալբերտ Ավդոլյանի ընտրյալը ոչ պակաս հայտնի ռուս գործարար Էլդար Օսմանովի դուստրն է` Լոլիտան: Նրանց հարսանեկան արարողությունը Forbes-ի վարկանիշային աղյուսակում 123-րդն է: Արարողությունը վարել է Կսենիա Սոբչակը, իսկ ուրախ տրամադրությունն ապահովել են Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը եւ Լեդի Գագան:
Ջեք Քեշիշյան եւ Ժակլին Սամվելյան. այս զույգը եւս մեծ խնջույք էր կազմակերպել՝ ի լուր ամբողջ աշխարհի: Հարսանեկան արարողությունը զույգը կազմակերպել էր Լոս-Անջելեսի ժամանացի կենտրոններից մեկում: Նորապսակների ուրախությունը կիսելու էր եկել ողջ Լոս-Անջելեսը` թանկարժեք նվերներով: Ասում են, թե նրանց պարի ժամանակ 100 հազար դոլար է պտտվել օդում:
Գոհար Ավետիսյան եւ Վահիկ Մարտիրոսյան. նորաձեւության թագուհի, ազգությամբ հայ Գոհար Ավետիսյանն ամուսնացել է նախորդ տարի: Նրա ընտրյալը գործարար Վահիկ Մարտիրոսյանն է: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Երեւանում` հայկական ավանդույթներին համապատասխան: Դիմահարդարն ու գործարարը հիացրել են համացանցի օգտատերերին հանդիսությունների սրահով, մեծ թխվածքով, ուտեստների տեսականիով եւ ոչ միայն:
Սիրուշո եւ Լեւոն Քոչարյան. ամենահայտնի երգչուհիներից մեկն ամուսնացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոնի հետ: Գրեթե բոլոր լուսանկարներում կարելի է տեսնել այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, առաջին տիկին Բելլա Քոչարյանին, ինչպես նաեւ մեծ թվով պաշտոնյաների եւ հայտնի մարդկանց: Ներկա են եղել նաեւ Սերժ Սարգսյանը, Թաթա Սիմոնյանը, Հայկոն, Արսեն Սաֆարյանը, Զարուհի Բաբայանը եւ այլն:
Արմեն եւ Դիանա Ղուլյաններ. Անապայում կայացել է հերթական հայկական շքեղ հարսանիքը: Չնայած կարծիքին, որ շքեղ հարսանիքները կայանում են միայն Մոսկվայում, այս զույգը կոտրեց բոլոր կարծրատիպերը: Հյուրերի ցանկում եղել են Ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը, Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցեվան եւ Ալեքսեյ Գլիզինը:
Միհրան Հարությունյան եւ Մակտինա Բեբիյա. Օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանի եւ աբխազ երգչուհի Մակտինա Բեբիյայի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Այն կայացել է Ռուսաստանի մայրաքաղաքի շքեղ հանդիսությունների սրահներից մեկում եւ բավականին թանկ է արժեցել:
Դավիթ եւ Արմինե Գալուստյաններ. հայտնի հայ շոումեն Միխայիլ Գալուստյանի եղբայրը` Դավիթը, ամուսնացել է իր ընտրյալի` Արմինեի հետ: Հարսանեկան արարողությունը կայացել է Սոչիի «Պիրոսմանի» սրահում: Նորապսակներին շնորհավորելու էին եկել նրանց մտերիմները` մոտ 500 հոգի:
Կարեն եւ Լիլիթ Կարապետյաններ. Մոսկվայում նախօրեին կայացավ «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանեկան արարողությունը` ավանդական մոտեցումներով: Հարսանիքի քավորը վարչապետ Կարեն Կարապետյանն էր, նրանց պսակադրությունն օրհնել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսը:




Լրահոս