ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

Այս կովն իր հանգիստն է վայելում Լոռու մարզում գտնվող Քոբայրի եկեղեցում: Շատ ցավալի է, որ սրբավայրերը գոմի են վերածվել, եւ մի բան հստակ է. քանի դեռ նմանատիպ երեւույթները կանխող չկա, ստիպված ենք լինելու նորից հանդիպել այսպիսի տեսարանների:

Լուսանկարը` Ներսես Մատինյանի

 

 

 
ՀԱՐՑ. Ես մտադիր եմ կենսաթոշակս վերահաշվարկել եւ ուզում եմ տեղեկանալ, թե ի՞նչ է պետք վերահաշվարկ կատարելու համար: Ո՞ր դեպքում է կատարվում կենսաթոշակի վերահաշվարկի գործընթացը:

Գրետա Եղիազարյան (67 տարեկան, կենսաթոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը եւ այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
2. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ`
1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնական տվյալների համաձայն՝ աշխատանքային կենսաթոշակառուների թիվը կազմել է 462.406, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թիվը` 2069, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թիվը՝ 223: Նկատենք, որ կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 347.9 դրամ:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե դատարանի վճիռը կա, եւ ծնողը ալիմենտ վճարելու պարտավորություն է ձեռք բերել, ապա նա ե՞րբ պետք է սկսի վճարել այն:

Կարինե Վարդանյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ալիմենտը կարող է հաշվարկվել դատարան հայց ներկայացնելու օրից՝ երեք ամիս առաջ: Եթե հայցվորը ցանկանում է ալիմենտ ստանալ գումարի տեսքով, հարկավոր է ալիմենտի վճարման ձեւ ընտրել: Կա երկու ձեւ` տոկոսներ եկամուտներից եւ կայուն դրամաչափ: Ալիմենտի բռնագանձման ձեւը եւ գումարը սահմանում է դատարանը, բայց դիմողն իրավունք ունի իր հայտում դատարանից խնդրել ալիմենտ գանձել որոշակի կերպով եւ չափով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ալիմենտային պարտավորություններ ունեցող կողմերը կարող են արտադատական կարգով համաձայնագիր կնքել ալիմենտների վճարման, դրանց չափի, վճարման կարգի եւ այլնի մասին: Ի դեպ, ալիմենտի բռնագանձման պահանջով դատարան դիմելիս հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից: Օրենքով սահմանված կարգով հաշվարկված պետական տուրքի վճարումը դատարանի վճռով բռնագանձվում է պատասխանողից:




Լրահոս