«ՊԵՊՈՆ» ՈՆՑ ՈՐ ՉԱՐԻՔ ԼԻՆԵՐ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԻ ԳԼԽԻՆ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը թատրոնում ունեցած նոր դերերի, երիտասարդ սերնդի հետ հարաբերությունների, հետկուլիսային կյանքում իր դեմ դավեր նյութելու փորձերի մասին զրուցել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի հետ։

-Պարո՛ն Մարության, Սունդուկյանի անվան թատրոնում ի՞նչ նոր ներկայացումներում եք ընդգրկված։
-Թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Արմեն Էլբակյանը, բեմադրեց «Պեպո», ինձ առաջարկեց Զիմզիմովի դերը։ Դա այն դերերից է, որ իմ «ռանգի» յուրաքանչյուր դերասան կերազեր խաղալ։ Ես, իհարկե, համաձայնեցի, ստացանք հետաքրքիր Զիմզիմով. մարդու այդ տեսակը չէի խաղացել։ Ընդհանրապես, դերասանի գործը դժվար է հենց թեկուզ այն առումով, որ եթե անընդհատ հաջողի, մեկ անգամ՝ ոչ, կհիշվի հենց վերջին դեպքը։ Պետք է շատ զգույշ լինի… «Պեպոն» ոնց որ չարիք լիներ սունդուկյանցիների գլխին, որովհետեւ տարիներ առաջ տապալվել էր, այդ ներկայացմանը նորից անդրադառնալու ցանկություն չկար, բայց Արմեն Էլբակյանը ռիսկով քայլ արեց, մենք էլ ռիսկով մտանք գործի ու դուրս եկանք։ Բացի այդ՝ հիմա թատրոնում բեմադրվում է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»։ Ազգային դրամատուրգիային հաճախ պետք է անդրադառնալ։ Եթե չունես ազգային դրամատուրգիա, չունես թատրոն։ Հետո, իհարկե, հերթը կհասնի նաեւ Շեքսպիրին, Մոլիերին, աշխարհի մյուս հզորներին։ Թատրոնում վերականգնում ենք նաեւ «Հարսնացուն հյուսիսից» ներկայացումը, ես խաղում եմ հոր՝ Մուրադի դերը։ Ներկայացումը նախկինում բեմադրել է Վարդան Աճեմյանը, հիմա արդեն այն նոր շունչ կստանա։
-Ըստ Ձեզ՝ Մայր թատրոնն այսօր ամենաշատն ինչի՞ կարիք ունի։
-Որ ասում են Մայր թատրոն, ամեն անգամ մտածում եմ՝ բա «հայր թատրո՞նը» որն է։ Մերն ազգային թատրոն է, այստեղ գործելու պատասխանատվությունը մեծ է. պետք է լինես լավերից լավը։ Էլբակյանի գործը հիմա բարդ է, պետք է ձգտի առաջինը լինել։ Թատրոնն արդեն նաեւ նոր տնօրեն ունի՝ Վարդան Մկրտչյանն է։ Կողքից նայում եմ, տեսնում եմ՝ ինչով է զբաղված, դուրս գալիս է։ Թատրոնը պետություն է, որը պետք է կառավարել ու առաջ տանել՝ իր լավ ու վատ կողմերով։
-Ոլորտի մասնագետները շատ են խոսում այն մասին, որ Ձեր թատրոնը, առհասարակ, Ձեր սերունդը «տառապում է» կարծրատիպային մտածելակերպով ու մոտեցումներով։ Ի՞նչ կասեք։
-Մեր թատրոնը նման է արջի, որը քայլում է, ճանապարհներին բորենիներ են կառչում, կպչում, թափ է տալիս ու գնում է առաջ։ Մենք ինչ-որ երիտասա՞րդ ենք բաց թողել։ Ինքս Սունդուկյանի թատրոնում հիմնադրել եմ «Վարդան Աճեմյանի» ստուդիան, 5 տարի է՝ այն գործում է, ստուդիայում աշխատում ենք երիտասարդների հետ։ Տասը ձեռքով համաձայն եմ նոր մոտեցմանը, նոր շնչին։ Սունդուկյանի թատրոնում հին ձեւով մտածողները քչացել են, մեզ մոտ հիմա համարյա բոլորը երիտասարդներ են, իսկ ով որ ասում է՝ երիտասարդներին տեղ չեն տալիս, երեւի իրեն տեղ չեն տվել, նեղվել է։ Բայց դու լավը եղիր, տեսնենք՝ էդ ինչո՞ւ չպետք է ընդունեն։ Դու պետք է կարողանաս հաստատել քո տեղը, տեղավորվել տվյալ կոլեկտիվում։ Տաշած քարը գետնին չի մնա երբեք։ Եթե այդքան լավ կադրեր կան, թող Չապլինի պես տեսախցիկը դնեն, դիմացը խաղան, հետո էլի տեսախցիկը հարմարեցնեն, գնան նորից խաղան ու հանճարեղ բան ստանան։
-Թեեւ թատրոնը վերջին շրջանում վերանորոգվեց, թատերագետները հաճախ խոսում են նաեւ նոր տեխնոլոգիաներով զինված չլինելու խնդրի մասին՝ մատնանշելով աշխարհի փորձը։
-Թատրոնն ինչքան էլ տեխնիկա ունենա, իրեն առաջ տանողը դերասանն է։ Եթե դերասանը չկարողանա խաղալ, օրինակ, հոր, որը կորցրել է որդուն, ուզում է՝ վերեւից անձրեւ գա, լույսը անջատվի, միանա, ներկայացումը կվերածվի կրկեսի։ Նոր տեխնոլոգիա ասացիք՝ հիշեցի, որ վերջերս առանց դերասանի ներկայացում էր բեմադրվել։ Եթե նույնիսկ դա նորություն է, դա լա՞վ է։ Անտերպրիզային ներկայացումներ կան, չէ՞, որի շուրջը յոթ հոգով հավաքվում են, մի լավ գովազդ են անում, խաղում են, ասում-խոսում-ծիծաղում են, հետո հանում են, գցում մի կողմ։ Ես դեմ չեմ, թող անեն, թող փող աշխատեն, բայց դա պետք չէ խառնել թատրոնի հետ։ Թատրոնում պետք է երեխեք ծնվեն, ավագ սերնդի գործը շարունակողներ պետք է լինեն։ Բազմիցս փորձել են, օրինակ, Համլետ խաղալ՝ ավտոմատներով, բայց աշխարհի հիշողության մեջ մնում է Սմակտունովսկու Համլետը։ Չեմ ասում՝ նոր մոտեցում չցուցաբերենք, ինձ ճիշտ հասկացեք։ Բայց պետք է արժեքները կարողանանք հստակ տարանջատել։ Ես հասկանում եմ, որ մեր կյանք այսօր արագություն է մտել։ Ինքս 65 տարեկան եմ, ջահելի պես աշխատում եմ, վազում եմ ու վազում, երեւի վազելով էլ մեռնեմ։
-Իսկ Ձեր դեմ հետկուլիսային կյանքում դավեր նյութե՞լ են, Ձեզ վարկաբեկելու փորձեր արվե՞լ են։
-Դա այդքան էլ հեշտ չէ, բայց փորձեր, իհարկե, արվել են։ Եթե արվեստագետը լավն է, նրան մեքենայի տակ են գցում, գլուխն են ուտում, վարկաբեկում են, ինչ ասես, որ չեն անում, պետք է պատրաստ լինես դրան։ Ամեն դեպքում, մի հզոր բան կա, որից պետք է կարողանալ օգտվել՝ վիրավորանքն արհամարհելը, դրան ուշադրություն չդարձնելը։ Եվ մի ուրիշ կարեւոր բան կա, որ պետք է հաշվի առնել՝ մի պահ մտածելը՝ արդյոք դիմացինի ասածի մեջ, որն, օրինակ, քեզ համար տհաճ է, ճշմարտության որեւէ հատիկ կա, թե ոչ։ Նա, ով չի ուզում այդպես մտածել, կործանվում է, ինքն իր փառքի մեջ խեղդվում։ Ինչ վերաբերում է դավեր նյութելուն, դրա պես մի բան եղել է։ «Պատվի համար»-ում Էլիզբարով խաղալու առաջարկ ստացա, խաղացի, հետո մեկին բերեցին՝ որպես դուբլյոր, ասացին՝ ինքն էլ պետք է փորձի այս դերը։ Ես ասացի՝ թող ինքը խաղա, ես ուրիշ տեղ եմ խաղալու։ Երկու օր անց կանչեցին, ասացին՝ սխալ բան ենք արել, հետ կանչեցին։ Խորեն Աբրահամյանն ասում էր. «Դերը խաղալուց պետք է առողջությունդ քայքայես»։ Ով քայքայում է, դա երեւում է, իսկ ով ուղղակի տեքստ է ասում, ասածը վերջանում-գնում է։
-Հիմա ինչի՞ մասին եք երազում։
-Երազանքներիցս մեկն այն է, որ Սունդուկյանի թատրոնում լավ երիտասարդություն գա, արժանիները գան, որ հայ թատրոնը շարունակություն ունենա։ Դա կարեւոր գործ է։ Բա ջահելներ չգա՞ն, որ այս սուրբ գործն առաջ տանեն։ Ես միշտ ասել եմ՝ մենք արեցինք այնքան, որքան կարողացանք, ախպե՛ր, մենք էլ այսքանը կարողացանք, թող գան նոր կադրեր, անեն այն, ինչ մենք չարեցինք։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ»

Հոկտեմբերից «Արմենիա» հեռուստաընկերությունը կներկայացնի «Ազիզյաններ» սիթքոմի նոր՝ երրորդ եթերաշրջանը։ Սիթքոմը «խոստանում է» նոր, հետաքրքիր զարգացումներ։ Գլխավոր դերակատարներից Անի Լուպեն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ շատ է սիրում իր մարմնավորած կերպարը. «Ամենաշատը սիրում եմ այն, որ այդ կինը անկախ բոլոր կոնֆլիկտներից՝ սիրում է իր ընտանիքը, ծայրահեղ իրավիճակներում պարզ է դառնում, որ նա բավական սրտացավ կին է»։

Անիից, որն, ի դեպ, նաեւ երգչուհի է, հետաքրքրվեցինք՝ առաջիկայում տեսահոլովակ թողարկելու մտադրություն չունի՞: «Ես, առհասարակ, սիրում եմ պորտուգալական, լատինոամերիկյան երգեր, բայց գիտեմ, որ իմ մատուցած երգերի լսարանը Հայաստանում բավական նեղ է։ Հենց հնարավորություն ունենամ, կուզենամ իմ սիրելի ոճում տեսահոլովակ նկարահանել»,-պատասխանեց նա։
Մենք մի փոքր զրուցեցինք նաեւ Անիի անձնական կյանքի մասին։ Դերասանուհին ավելի վաղ չէր ժխտել այն լուրը, որ ընտրյալ ունի։ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ արդյոք առաջիկայում սպասվու՞մ է կարգավիճակի փոփոխություն. «Ո՛չ, ամուսնության առաջարկ չեմ ստացել։ Բայց, առհասարակ, նման հարցերին կատեգորիկ չեմ վերաբերվում։ Հանրության շրջանում կա ընդունված սխեմա, ըստ որի՝ աղջիկը նախ պետք է գնա մանկապարտեզ, հետո՝ դպրոց ու համալսարան, հետո արդեն ամուսնանա։ Բայց ես ամուսնությունը չեմ համարում պարտադիր պայման. այն ինձ համար ավելի բարձր երեւույթ է։ Ամուսնությունն ինձ համար ազատության գագաթնակետն է. ես դրան որպես պարտականություն չեմ վերաբերվում։ Ամեն բան պետք է ինքնըստինքյան ստացվի»,-մեկնաբանեց Անին։
Նա տեղեկացրեց, որ ընտրյալն իր ոլորտից չէ, եւ այդպես ավելի հետաքրքիր է. «Մենք ապրում ենք բացարձակ տարբեր աշխարհներում, ես իրեն ինֆորմացիա եմ տալիս իմ աշխարհից, ինքը՝ իր, այդպես շատ լավ է»,-ասաց դերասանուհին։
Հարցին, թե արդյոք ընտրյալն իր առջեւ սահմանափակումներ դնու՞մ է, Անին պատասխանեց. «Սահմանափակում, որպես այդպիսին, չկա։ Յուրաքանչյուր մարդ իր կարգավիճակում ինքը պետք է հասկանա՝ իրեն ինչպես պահի, ինչը ընտրի եւ ինչը՝ ոչ։ Պետք է, ի վերջո, ընտրել այն, ինչ քեզ համար կարեւոր է, ես զուգընկերոջն եմ ընտրում, որովհետեւ մնացածը, թող շատ կոպիտ չհնչի, իմ աշխարհը լինելուց զատ՝ փող աշխատելու միջոց է, իսկ զուգընկերն ամեն ինչ է»։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ

Երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 26-ամյակին: Միջոցառումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, հյուրեր: Վերջիններս, մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ, Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախ՝ մասնակցել են սուրբ պատարագի, այնուհետեւ՝ դիտել Անկախության տոնին նվիրված ՀՀ ԶՈՒ-ի շարային քայլերթը, հետեւել բանակային ստորաբաժանումների ցուցադրական վարժություններին:

Միջոցառման ընթացքում հյուրերը եղել են նաեւ բանակային բացազատված դաշտային խոհանոցում, մասնակցել անցկացվող մշակութային միջոցառումների, որոնք ավարտվել են տոնական համերգով:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը իր ելույթում ներկաներին շնորհավորել է ՀՀ Անկախության հերթական հոբելյանի առթիվ եւ նշել, որ Վարդենիսի տարածաշրջանի համար սեպտեմբերի 21-ի խորհուրդն ավելի մեծ է, քանզի պատմության բերումով մեր պետության այս հատվածը տեսել է պատերազմի բազում արհավիրքներ. «90-ականների սկզբներին, շատերիդ նման լավ հիշում եմ ամեն բան, մենք տեսել ենք, թե ինչ է պատերազմը, երբ թշնամին ռմբակոծում էր Վարդենիսն ու հարակից գյուղերը, երբ մեր ինքնապաշտպանական ուժերն էին մեր անվտանգության ու պետության տարածքային ամբողջականության միակ երաշխիքը: Ասելիքս այն է, որ վարդենիսցիներն ու պատերազմն անմիջապես տեսած Հայաստանի ու Արցախի սահմանամերձ համայնքների բնակիչները թերեւս այլ կերպ են ընկալում Անկախ պետություն ունենալու կարեւորությունը: Թող մեր 26-ամյա պետության յուրաքանչյուր օր միայն բարիք բերի բոլորիս»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:




Լրահոս