Մեղադրյալ Ներսես Պողոսյանը կարծես պատանդի կարգավիճակում լինի. փաստաբանը՝ վերջինիս հացադուլ հայտարարելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների» գործով մեղադրող Ներսես Պողոսյանը արդեն երկրորդ անգամ է քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարում:

ArmLur.am-ի հետ զրույցում վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ եթե առաջին անգամ Ներսեսի հացադուլը կապված էր իր խափանման միջոցի փոփոխման պահանջի հետ, ապա այս անգամ և խափանման միջոցի փոփոխման, և այն շինծու գործի, որում ինքը մեղադրվում է:

«Վերջին դատական նիստերի ժամանակ լսում ենք վկաների, ովքեր ոչ միայն Ներսես Պողոսյանին չեն ճանաչում, այլ քննվող գործի վերաբերյալ պատկերացում էլ անգամ չունեն: Նախորդ նիստի ժամանակ էլ միջնորդեցինք, որ Ներսեսի խափանման միջոցը փոխենք, որ ընտանիքի խնամքով զբաղվի, բայց հերթական անգամ մերժեցին: Իր համբերության բաժակը վերջնականապես լցվել է, չի կարողանում տանել այս անարդարացի վիճակը, երբ իրեն պահում են կարծես որպես պատանդի մինչև քննությունը ավարտեն և այն մարդկանց, ում նկատմամբ ուզում են, մեղադրական դատավճիռներ կայացնեն: Կոպիտ ասած, որոշ մարդկանց գլխաքանակի համար պահում են: Հենց դրա համար էլ Ներսեսը զայրացավ և ուրբաթ օրը հացադուլ սկսեց», – ասաց Արայիկ Պապիկյանը:

Վերջինս խոսեց նաև դատական նիստերի ընթացքի մասին.

«Ի տարբերություն Սասնա ծռերի՝ Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական նիստերում որոշակի տեղաշարժ կա, այսինքն որոշակի աշխատանքներ կատարվում են, թեև ամբողջությամբ ապօրինի, իրավունքից դուրս հարթության մեջ է այդ աշխատանքը կատարվում, բայց որոշ տեղաշարժ կա: Արդեն օրինակ վկաներ են հարցաքննվում: Սակայն ի վերջո, կանխորոշված ելքով դատավարության ենք մասնակցում: Բոլորը հասկանում են դա, բոլորին պարզ է: Այս դեպքում Ներսես Պողոսյանի բողոքը կայանում է նրանում, որ եթե ամեն ինչ կանխորոշված է, էլ ինչո՞ւ են ձգձգում, միանգամից իր դատավճիռը իմանա, թե ինչ  է իրեն սպասում»,- եզրափակեց ArmLur.am-ի զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս