Ամուսնության մասին դեռ խոսք լինել չի կարող. Լենա Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իքս Ֆակտոր 2», «Պրեմիերա» նախագծերից հայ հանրությանը հայտնի երգչուհի Լենա Ղազարյանը շուտով ամերիկաբնակ երգիչ Զարեհ Թեւանի հետ հանդես կգա դուետով։ Տեսահոլովակն առաջիկայում կհանձնվի երկրպագուների դատին։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին․«Երգը սիրո մասին է, ուրախ եմ, որ նման տաղանդավոր անձնավորության հետ համագործակցության առիթ եմ ունեցել։ Հոկտեմբերին Երեւանում կկայանա Զարեհ Թեւանի համերգը, պատրաստվում ենք նաեւ դրա շրջանակում միասին ներկայանալ»,-պատմեց երգչուհին։

Մեր այն դիտարկմանը, որ Լենայի երգացանկում գերակշռող են մելոդիկ, հանգիստ երգերը, վերջինս պատասխանեց․«Այո՛, ճիշտ եք նկատել, այդ պատճառով էլ առաջիկայում երկրպագուներիս կներկայանամ աշխույժ, ռիթմիկ եւ պարային երգով, հավանաբար՝ արտասահմանյան ոճի»։

Իսկ հարցին, թե երբ երկրպագուները սպասեն Լենայի հերթական մենահամերգին, մեր զրուցակիցը պատասխանեց․«Հիմա ինձ մոտ բավական լարված պրոցես է, «Արենա լայֆ» ծրագրի շրջանակում համերգով հանդես գալուց հետո կենտրոնացել եմ վոկալի եւ դիմահարդարման դասեր տալու պրոցեսի վրա»։

Ի դեպ, նշենք, որ բացի երգարվեստից՝ Լենան հետաքրքրվում է եւ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է նաեւ մեյք-ափով, անգամ մեյք-ափի անհատական դասեր է տալիս։ Դե, իսկ այն հանգամանքը, որ Լենան, ով նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի սան է, վոկալի դասեր է տալիս, նորություն չէ։

Երգչուհին նաեւ տեղեկացրեց, որ մտադիր է մասնակցել միջազգային մրցույթների․«Մյուս տարի, օրինակ, նպատակադրվել եմ մասնակցել «Նոր ալիքին», տեսնենք՝ ինչպես կստացվի»։

«Ժողովուրդ»-ը, բացի գործնական կյանքից, երգչուհու հետ զրուցեց նաեւ նրա անձնական կյանքում տեղի ունեցող զարգացումներից։ Քանի որ Լենան արդեն նշանադրվել է, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք առաջիկայում սպասվում է ամուսնություն․ «Ամուսնության մասին դեռ խոսք լինել չի կարող»,-ասաց Լենան։
Իսկ դիտարկմանը, թե նշանադրությունն, այնուամենայնիվ, բավական հապշտապ տեղի ունեցավ, մեր զրուցակիցը համաձայնեց․«Այո՛, իրադարձություններն իսկապես շատ անսպասելի ծավալվեցին, սակայն ամուսնության մասին, ինչպես նշեցի, դեռ վաղ է խոսել»։ Նա հավելեց, որ իր նշանածը շոու-բիզնեսի հետ կապ չունի, զբաղվում է բիզնեսով:

Անի Անտոնյան




Լրահոս