Շողոքորթելու ժամանակը. իշխանությունները եվրոպացիներից կրկին մեծ գումարի ակնկալիք ունեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ «արժեքավոր» է համարել այս ընթացքում Հայաստանին ԵՄ ցուցաբերած օժանդակությունը: Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ ասուլիսի ժամանակ այդ մասին խոսելիս Նալբանդյանը հայտարարել է. «ԵՄ-ն արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին, սատարում մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության շարունակական խթանման, ժողովրդավարական հաստատությունների առավել ամրապնդման, դատական համակարգի ու արդյունավետ կառավարման բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին: Ես կցանկանայի ընդգծել մեր համագործակցությունը նախորդ ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում»:

Պատահական չէ, որ Նալբանդյանն իր խոսքում հիշատակել է ԵՄ օժանդակության մասին: Իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումով մեծ գումարների ակնկալիք ունեն: Դրա համար էլ արդեն սկսել են շողոքորթել եվրոպացի պաշտոնյաներին` գոհունակություն հայտնելով նախկինում ցուցաբերած օժանդակության համար, այդ թվում` խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵՄ-ի հետ համագործակցության համար: Այնպես որ, Էդվարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունները հենց այդ տրամաբանության շրջանակներում էին:

Բայց հետաքրքիր է` որքա՞ն երկար կպահպանվի իշխանությունների այդ բարեհաճ վերաբերմունքը: Իշխանությունները սովոր են գումարներ խնդրել՝ այս կամ այն ծրագրերն իրականացնելու համար, բայց միշտ չէ, որ այդ գումարներն իրենց նպատակին են ծառայեցվում: Ու երբ դոնորները սկսում են հաշվետվություն պահանջել ծախսած գումարների համար, միանգամից անցնում են հակահարձակման:

Հիշում եք՝ ԱԺ ընտրություններից հետո ՀՀ-ում ԵՄ դեսպանի եւ իշխանությունների բանավեճը. խորհրդարանական ընտրություններից առաջ միջազգային հանրությունը ֆինանսական ահռելի օգնություն ցուցաբերեց ընտրական պրոցեսի կազմակերպման համար, սակայն իշխանություններն ԱԺ ընտրություններն անցկացրին իրենց ձեռնտու ավանդույթներով` ընտրողների ահաբեկումներ, վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք: Ու երբ այդքանից հետո ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին քննադատեց ընտրությունների որակը, ՀՀԿ-ականները միաբերան սկսեցին հակադարձել, թե պետք չի մի կողմից օժանդակություն ցուցաբերել, մյուս կողմից այդպես հսկել, եւ որ իրենք այդ գումարների կարիքը չունեին: Բայց հիմա Նալբանդյանը, ընդհակառակը, փորձում է միանգամայն այլ կերպ պահել իրեն եւ հատուկ շեշտում հատկապես ԱԺ ընտրությունների ժամանակ համագործակցությունը:




Լրահոս