ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ նախորդ տարվա հունիսին, երբ խորհրդարանը քննարկում էր համայնքների խոշորացման նախագիծը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ակնարկել էր խորոշացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու հեռանկարի մասին, ինչպես այսօր Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում է: Այս հարցի վերջնական կարգավորումը, սակայն, նոր Սահմանադրության համաձայն` պետք է տրվի ընտրական օրենսգրքով: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանական կուլիսներում արդեն այս ուղղությամբ լուրջ քննարկումներ են սկսվել: Ու նախատեսված է, որ 2 տարի անց խոշորացված համայնքներում այլեւս չեն լինելու համայնքային ղեկավարի ուղղակի ընտրություններ. ողջ երկրում ՏԻՄ ընտրությունները եւս կամաց-կամաց պետք է անցկացվեն համամասնական սկզբունքով: Արդյունքում այսօր ստեղծվել է հետաքրքիր վիճակ. շատ համայնքների ղեկավարներ ինքնակամ չեն առաջադրվում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում: Նաեւ ԲՀԿ-ն, «Ելքը» եւ մյուս ուժերը իրենց թեկնածուներին չեն առաջադրում` պատկերացնելով, որ այս համայնքներում ընտրված անձինք հնարավորություն են ունենալու աշխատել առավելագույնը երկու տարի: Հաջորդ ընտրությունը կլինի կուսակցական սկզբունքով: Դրա համար ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ի խրախճանք են հիշեցնում:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հունիսին գրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, եւ շուրջ 40 դատավորներ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են: Իսկ ի՞նչն էր պատճառը: Բանն այն է, որ 40 դատավորներ կայացրել են տարբեր վճիռներ, սակայն դրանց հետագա կատարման հարցը թողել են օդից կախված, եւ արդյունքում` վճիռները կամ դատավճիռները մնացել են անկատար: Եւ ահա «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն շուրջ 40 դատավորի հարցաքննելուց հետո պարզել է, որ արձանագրված դեպքերը տեխնիկական խնդիրների պատճառով են առաջացել, ու դատավորները շահագրգռվածություն չեն ունեցել, ու այդ հիմքով էլ կարճվել է քրգործը:

 

 

 
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն օրերս հայտարարել էր, թե որպես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին փոխարինող չի տեսնում նաեւ նրա պաշտոնավարման ավարտից հետո, հետեւաբար նա պետք է ստանձնի կառավարման դերը: Սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, բավական կոպիտ հակադարձել էր` չի ցանկանում մասնավոր անձանց կարծիքներ մեկնաբանել: «Ժողովուրդ»-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց. Կարապետյանի հայտարարությունից վիրավորված չէ՞, այսինքն` ՀՀԿ փոխնախագահի կարծիքը նշանակություն չունի՞: «Իմ կարծիքն է, մեկը կմեկնաբանի, մեկը չի մեկնաբանի, մյուսը կսպասի դեռեւս: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, վիրավորական որեւէ բան չեմ տեսնում: Ես իսկապես իմ անձնական տեսակետն եմ հայտնել»,- ասել է նա:

 

 

 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու, ինչի արդյունքում գործազուրկ կդառնա 35 քաղաքացի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիանա «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ին: Բացի այս` «Երեւանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին է միանալու «Հանգրվան»-ը: Իսկ ահա «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվելու է: Ըստ նախարարության` պետական բյուջեից նշված կազմակերպություններին հատկացվող միջոցները հնարավորություն չեն տալիս լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները: Բացի այս` կազմակերպությունների գործառույթներն ունեն համանման ուղղվածություն, ինչի պատճառով էլ որոշվել է կազմակերպությունները իրար միացնել:

 

 

 
ՇՔԵՂԱՇՈՒՔ ԵՎ ՑՆՑՈՏԻԱՎՈՐ
Հայաստանի անկախության օրվա առթիվ «Եռաբլուրում» էին ոչ միայն իշխանական վերնախավը, այլեւ մայրաքաղաքի մուրացկանների շքագունդն` իր ողջ կազմով: Պաշտոնյաներն այնտեղ էին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու ազատամարտիկների շիրիմներին ծաղիկ դնելու համար, իսկ մուրացկաններն անհամբեր սպասում էին մի քանի դրամ փախցնելու մոլուցքով: Եւ երբ պաշտոնական արարողության ավարտից հետո իշխանավորները փորձում էին շփվել մեկմեկու հետ կամ հարցազրույց տալ, գումար խնդրողների շքախումբն անցավ գործի:
Ամենաարտիստիկն, իհարկե, ՀՀԿ հայտնի տատիկն էր. նա իր տարերքի մեջ էր` մե՛կ Սերժ Սարգսյանին, մե՛կ Կարեն Կարապետյանին ձոնված բանաստեղծություններ էր ասում: Հատկապես վարչապետին դուր եկավ ՀՀԿ տատիկի «անզուգական պոեզիան». նա ժպիտով մինչեւ վերջ ունկնդրեց այն: Ճիշտ է` ավելի ուշ վարչապետի նյարդերը տեղի տվեցին, երբ մի կին գումար էր խնդրում, եւ նա էլ սկսեց բողոքել, թե ամեն անգամ հանդիպելիս, ինձանից փող ես ուզում: Այդ հարձակումից տեղի տվեցին նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի նյարդերը. նա էլ մի քաղաքացու սաստեց, թե խելո’ք, էլի, արդեն լոճվում ես, մեկ ուրիշին էլ` ես քու էն…արա’, գնա, է: Մինչ այդ, երկու կին վիճեցին իրար հետ, թե ով պետք է առաջինը մոտենա Մանվել Գրիգորյանին, նույնիսկ մի թեթեւ հարվածեցին իրար, բայց հավաքվածները հասցրին կանխել ծեծկռտուքը: Հետո մեկը չկարողանալով մոտենալ Սերժ Սարգսյանին` նրա հետեւից հասցրեց նետել. «Մարդասպաննե՛ր, հանցագործնե՛ր… խուժաննե՛ր, սրիկանե՛ր»: Բայց եթե գումար ստացած լիներ նրանից, դժվար թե այդպես արտահայտվեր:
Կարճ ասած, փոքր վայրում խտացած էր այսօրվա Հայաստանի իրական պատկերը. մի կողմում պաշտոնյաները` իրենց գերթանկարժեք մեքենաներով, շքեղ հագուկապով, թիկնազորով, մյուս կողմից` ընչազուրկների ոհմակը, որ գումար է մուրում ու ակնկալածը չստանալով` չարացած հայհոյում իշխանություններին: Վաղը, իհարկե, երբ հերթական ընտրություններն անցկացվեն, այդ ոհմակը նույն եռանդով կհարձակվի իշխանական շտաբների վրա ու 10 հազարական դրամ ստանալով` գոհ եւ երջանիկ կգնա տեղամաս, կքվեարկի գումարը տված «բարերարի» օգտին, իսկ հաջորդ օրը կանիծի իր բախտը, որ ապրում է այսպիսի պայմաններում: Ցավոք, սա է այս իշխանությունների կերտած երկիրը, եւ այս վիճակն է ՛լ ավելի է խորանալու, քանի դեռ երկրից շարունակվում է արտագաղթը, քանի դեռ գնալով պակասում է միջին խավը, եւ այսպես շարունակ:
Հ.Գ. Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա, փաստորեն, նա հայրենիքը վերածում է թշվառ կրկեսի:




Լրահոս