11 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեղեկություն, որ կաշառք ստանալու կասկածանքով կալանավորվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը եւ նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը: Ըստ ԱԱԾ-ի` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ գործել է կոռուպցիոն խումբ, որ ստացել է կաշառքներ եւ դրանք փոխանցել իր վերադասներին:

Ինչպե՞ս է տեղի ունեցել գործընթացը: ԱԱԾ-ն պարզել է, որ բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետեւ հավաքված գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջեւ, իսկ մի մասն էլ հանձնել են բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին:
Ի դեպ, երբ իրավապահները խուզարկություն էին իրականացրել հանձնաժողովի նախագահների աշխատասենյակներում, հավաքագրել էին նրանց կողմից օրեր առաջ քաղաքացիներից ստացած գումարների մասնաբաժինը՝ 2 միլիոն 547 հազար դրամ եւ 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։
Արդյունքում, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել վերոնշյալ գործից, թե կոնկրետ որ պաշտոնատար անձինք են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կոնկրետ ինչի համար: Մասնավորապես իրապահների կողմից բացահայտված կոռուպցիոն բանդայի գործով 13 անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին, որոնցից կալանքի տակ են գտնվում միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը եւ նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը, իսկ ահա 11 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
Եվ այսպես` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւանի Կոմիտասի 49/4 շենքի 11-րդ հարկ հասցեով եւ Երեւան քաղաքի Արմենակյան փողոցի 129 հասցեով գտնվող աշխատասենյակներում ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցների եւ իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու նրանցից ստացել է 1 միլիոն 528 հազար 600 դրամի կաշառք:
Իսկ ովքեր են եղել այն անձինք, որոնք կաշառքներ են տվել գործակալության պետ Արմեն Սողոյանին:
Այսպիսով` 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Արմեն Սողոյանին իր աշխատասենյակում 200 հազար դրամ կաշառք է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երեւան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանը:
2016թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը տվել է 150 հազար դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Արոն Սիմոնյանը տվել է 288 հազար 600 դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Արարատի մարզի թիվ 2 ԲՍՓ նախագահ Զորիկ Մկրտչյանը 2016թ. նոյեմբերի 24-ին եւ 2016թ. դեկտեմբերի 23-ին նրա աշխատասենյակում որպես կաշառք տվել 40 հազար եւ 100 հազար դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Շիրակի մարզի թիվ 3 ԲՍՓ նախագահ Երեմ Մարգարյանը 2016թ. դեկտեմբերի 23-ին տվել է 100.000 դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Լիլիա Մանուցյանը տվել է 100.000 դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երեւան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետյանը` 100 հազար դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ Վայոց ձորի ԲՍՓ նախագահ Ցիալա Խուդինյանը տվել է 150.000 դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի ԲՍՓ նախագահները յուրաքանչյուրը տվել է 100.000 դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երեւան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանը 2016թ. հոկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում իրենց հատկացված աշխատասենյակում մեկ միասնական դիտավորությամբ որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 265 հազար դրամ:
Ի դեպ, այս գործով ԱԱԾ-ն նախաքննությունը ավարտել է:
Ասել է, թե հանձնաժողովի նախագահների համար սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ կատարվածը դաս չի եղել: Սակայն այս պարագայում ուշագրավն այն է, որ հերթական կոռուպցիոն սկանդալից հետո ջրից չոր դուրս եկավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
40 ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՓՐԿՎԵՑԻՆ
Դեռեւս այս տարվա հունիսի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, եւ շուրջ 40 դատավորների քննիչները կանչում են հարցաքննության: Մասնավորապես քննիչները հատուկ հարցաքննության էին հրավիրում քրեական գործերը քննող դատավորներին: Իսկ ինչ էին պարզել իրավապահները:
Բանն այն է, որ մի շարք դատավորներ վճիռ են կայացրել, օրինակ, մեղադրյալին ազատազրկման դատապարտել 3 տարի ժամկետով: Կայացրած վճիռից հետո դատավորը կամ նրա օգնականը պետք է համապատասխան մարմիններին ուղարկեին գրություն, որ այս կամ այն գործով մեղադրյալը, որը գտնվում է ազատության մեջ, դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել, ուստի անհրաժեշտ է տվյալ անձին կալանավորել եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:
Սակայն դատավորները վճիռը կայացրել են, բայց կայացրած վճիռի հետագա կատարման հարցը թողել են օդից կախված: Ահա նմանօրինակ քրեական գործեր ձեռքի տակ ունենալով` ՀՔԾ-ում հարուցել են քրեական գործ, ու դատական համակարգում քրեական գործեր քննող շուրջ 40 դատավորների կանչել են հարցաքննության:
Իսկ ի՞նչ են ուզում պարզել ՀՔԾ քննիչները: Մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս փորձում են պարզել, թե դատավորները անփութությո՞ւն են ցուցաբերել` իրենց կայացրած վճիռների կատարումները չիրականացնելով, թե՞ այլ շահագրգռվածություն են ունեցել, որ չեն իրականացրել վճռի կատարումը մինչեւ վերջ:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկություններով` հարցաքննված դատավորներից են եղել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը եւ շատ այլ դատավորներ:
Նշենք, որ այս գործով ՀՔԾ-ն շուրջ 40 դատավորի հարցաքննել է եւ ըստ էության հասկացել, որ արձանագրված դեպքերը տեխնիկական խնդիրների պատճառով են առաջացել, ու դատավորները շահագրգռվածություն չեն ունեցել: Արդյունքում, հարուցված քրեական գործը կարճվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՔԾ-ից պարզել, թե ինչ հիմնավորմամբ են քրեական գործի հարուցումը կարճել, ինչպե՞ս են համոզվել, որ դատավորները միտում չեն ունեցել: Ի պատասխան` ՀՔԾ-ից միայն հաստատեցին, որ հարուցված քրեական գործը կարճվել է՝ այլ մեկնաբանություն չտալով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԲԱՄԲԱՍԱՆՔ Է ՈՐԱԿԵԼ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է` բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում, ու չկա որեւէ դեպք, որով անգործություն է եղել: Նա չի կիսում տարածված այն կարծիքը, թե վերջին շրջանում մեծ թվով սպանություններ են եղել հանրապետությունում: «Ես չէի ասի` մեծ թվով: Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մինչեւ 30 տոկոսի նվազում կա: Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում»,- նշել է նա: Նա բամբասանք է որակել կարծիքը, թե կրիմինալ իրավիճակի սրումը անմիջական կապ ունի քաղաքական վերնախավի հետ:

 

 

ԴԱՏԱՐԱՆ Է ՄՏԵԼ
«Ելք» դաշինքի անդամների եւ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը սեպտեմբերի 20-ին մտել է Մալաթիա-Սեբաստիայի դատարան: Գործով դատավոր է նշանակվել Ռոբերտ Պապոյանը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում դրոշի շուրջ միջադեպ էր եղել, որից հետո գործադրվել էր զենք: Տեղի ունեցածից հետո կալանավորվեց Արթուր Այվազյանը, որը պնդում էր, որ միջադեպը հրահրել են դաշինքի անդամները, իսկ ահա վերջիններս հակառակն էին պնդում:




Լրահոս