ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԱՄՈՒԼԻ ԹՇՆԱՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կառավարությունը լրատվամիջոցների գլխին իսկական պատուհաս է դարձել: Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունն իբր որոշել է բարեփոխել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, սակայն այնպիսի նախագիծ է ներկայացրել, որ իրականում սահմանափակում է տեղեկատվություն ստանալու ազատությունը, որը առաջին հերթին հարված է մամուլին, հասարակական կազմակերպություններին եւ Կառավարության «կոկորդին կանգնած» այլ կառույցների գործունեությանը: Ըստ այդ նախագծի՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ տեղեկություն, կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, եւ դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման»: Սա հրաշալի հնարավորություն է` մերժելու ցանկացած տեղեկատվության տրամադրումը: Ցանկացած հարցման դեպքում կարելի է այս հիմնավորումներից որեւէ մեկը պատրվակ բռնել: Փաստորեն, մինչ Սերժ Սարգսյանը փորձում է աշխարհին ներկայանալ ժողովրդավարական իմիջով, պարծենում է, թե խոսքի ազատություն կա մեր երկրում, իրականում տեղի է ունենում հակառակը: Իսկ այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ վարչապետ Կարեն Կարապետյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարող են վաստակել մամուլի թշնամու տիտղոսը:

 

 

Օրերս վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Թադեւոս Ավետիսյանը: Սակայն, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարեն Կարապետյանը դժկամությամբ է գնացել այդ քայլին` ընդամենը վավերացնելով Սերժ Սարգսյանի եւ Արտեմ Ասատրյանի որոշումը: Բանն այն է, որ Թ. Ավետիսյանը ժամանակին զբաղեցնում էր նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետի պաշտոնը, եւ այս տարվա ապրիլին նրան հեռացրել էին աշխատանքից, երբ պարզվել էր` տարիներ շարունակ նա զբաղված է եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքի մշակմամբ` դրա դիմաց ստանալով մեծ գումարներ: Բայց ԱՕ-ն այդպես էլ նորմալ տեսք չի ստացել, եւ այս տարվա ապրիլին վարչապետը դժգոհել էր օրենսգրքից` ասելով, որ արմատական վերանայման կարիք ունի: Բայց Արտեմ Ասատրյանն իրեն հավատարիմ կադրին համակարգից դուրս չէր թողել, այլ դարձրել էր իր գլխավոր խորհրդականը, եւ ահա այստեղ մի քանի ամիս աշխատելուց հետո պաշտոնի լուրջ բարձրացում է եղել:

 

 

Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերությունը տեւական ժամանակ է` չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արարատի եւ Սյունիքի մարզերի երեք դպրոցներ դիմել են ֆինանսների նախարարություն` պահանջելով «Արտֆուդ»-ին ներառնել սեւ ցուցակում: Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ այս ընկերության գլխին սեւ ամպեր սկսեցին կուտակվել սեփականատերերի` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի՝ պաշտոնից հեռանալուց ամիսներ անց: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում միայն գործող պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են ունենում անխոցելի գործելու «իրավունք», իսկ նրանց պաշտոնանկությունից հետո միանգամից ի դերեւ են ելնում տարատեսակ խախտումներ, որոնց վրա աչք են փակել տարիներ շարունակ:

 

 

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել են ԱԺ գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ու հաշվապահության երկու աշխատակից: Պարզվել է, որ երկու հաշվապահներին արձակուրդ է տրվել, բայց հետո նրանց ժամկետից շուտ ետ են կանչել, հետո նորից արձակուրդ ուղարկել: Եւ ամեն անգամ արձակուրդից ետ կանչելու եւ հավելյալ աշխատանքով ծանրաբեռնելու համար բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվել: Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. այս բոլոր որոշումների հետ ի պաշտոնե առնչություն է ունեցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Բայց հիմա նա պատգամավորական մանդատի բարիքներն է վայելում, իսկ Մինասյանին ու երկու հաշվապահներին աշխատանքից ազատել են: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, սակայն, հերքեց այս լուրերը` ասելով, որ որեւէ մեկին աշխատանքից չեն հեռացրել:

 

 
ԿՈՆՏԵՔՍՏԻՑ ԿՏՐՎԱ՞Ծ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին հայտարարությունները: Նա «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր խոսքերից որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից: «Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, եւ փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»,- պարզաբանել է Նալբանդյանը:
Նալբանդյանի հայտարարությունների շուրջ բարձրացած աղմուկն իրականում սպասելի էր: Սա մի քանի պատճառով: Նախ` ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ սփյուռքահայերի մոտ Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ չկա վստահություն. մարդիկ համոզված են (ընդ որում, միանգամայն արդարացի), որ նա միջազգային ասպարեզում ի վիճակի չէ սպասարկել Հայաստանի շահը, եւ ի վիճակի չի լինի սպասարկել ՀՀ շահը նաեւ ԼՂ խնդրում:
Եւ բացի այդ՝ վերջին մոտ քսան տարում իշխանությունները երբեք չեն փորձել երկխոսության մեջ մտնել հասարակության հետ, երբեք չեն փորձել ազնվորեն, բացեիբաց խոսել Ղարաբաղյան խնդրի էության ու կարգավորման տարբերակների մասին, չեն ներկայացրել իրական պատկերը: Ընդհակառակը, 1998թ. պետական հեղաշրջման ժամանակ ԼՂ խնդիրը որպես պատրվակ օգտագործելով եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելով՝ իշխանությունները միշտ փորձել են հասարակության մեջ սերմանել «ոչ մի թիզ հողականության» գաղափարը՝ նախկին իշխանություններին կպցնելով «դավաճանի», «հող հանձնողի» պիտակները: Այդպես՝ մոտ քսան տարի: Միայն թե այդ քարոզչությանը զուգահեռ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրում բանակցել են լուծման նույն սկզբունքների շուրջ, այդ թվում նաեւ տարածքների վերադարձի մասին: Ուղղակի այդ ամենը պահել գաղտնի: Հիմա, փաստորեն, Ս. Սարգսյանն ընկել է ժամանակին իրենց փորած ծուղակը, երբ չի կարող գնալ խնդրի լուծման առաջին հերթին հասարակության դիմադրության պատճառով, քանի որ հասարակությանը երբեք չի պատրաստել խաղաղության, խնդրի կարգավորման:




Լրահոս