ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, անդրադարձել էր նաեւ ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:

«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը հետեւեցին Արցախի պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր միաբերան նշում էին, թե Արցախում այնպիսի տարածքներ չկան, որոնց վերադարձի դեպքում անվտանգության համակարգին վնաս չի հասցվի: Երեկ էլ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Նալբանդյանը նշել է, թե ինքը խոսել է հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին: Որքան էլ արտաքին գերատեսչության ղեկավարը փորձում է արդարանալ եւ սրբագրել իրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե առանց հստակ երաշխիքների եւ վստահության ամրապնդման՝ նման քայլի դիմելը սխալ կլինի:
-Պարո՛ն Եվսեեւ, ՀՀ արտաքին գործերի նախարարն իր ելույթում խոսել էր այն տարածքների վերադարձի մասին, որոնք անվտանգությանը վնաս չեն հասցնելու: Որպես ռազմական փորձագետ՝ կարո՞ղ եք ասել՝ կան արդյո՞ք Արցախում նման տարածքներ:
-Իհարկե, այդպիսի տարածքներ չկան, քանի որ հենց անվտանգության նկատառումներից ելնելով՝ ամեն ինչ կազմված է, գրված, եւ թեկուզ փոքր խաթարումը կարող է ավելի վատ հետեւանքների հանգեցնել: Կարծում եմ, որ առկա իրավիճակի, Ադրբեջանի հռետորաբանության եւ վարքագծի ֆոնին ցանկացած տարածքի հանձնում կհանգեցնի բացառապես իրավիճակի է՛լ ավելի թեժացման եւ մարտական գործողությունների վերսկսման, ինչը Ռուսաստանի համար անթույլատրելի է: Եվ ես ինչքանով որ հասկացա՝ Արցախը պատրաստ չէ ոչ մի տարածք զիջել:
-Արցախի կողմից նման հայտարարություններ հնչեցին: Ստեղծված իրավիճակում ելքն ինչպե՞ս եք տեսնում:
-Արցախը ոչ մի բան չի պատրաստվում տալ: Իմ կարծիքով՝ նման քայլը Ադրբեջանին կհրահրի նոր սադրանք դիմելուն: Բացի դրանից՝ մի քանի տարածքներ ազատելու համար պետք են կտրուկ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի ձգտի ամեն ինչ վերադարձնել իրեն: Իսկ այդպիսի երաշխիքներ չկան: Ես վատատեսորեն եմ վերաբերվում որեւէ տարածքի վերադարձին, քանի որ շատ մեծ է փոխադարձ անվստահության մակարդակը:
-Այդ դեպքում բանակցություններն ինչպե՞ս է պետք շարունակել:
-Ես կարծում եմ, որ այժմ որեւէ քայլեր ձեռնարկել պետք չէ, քանի որ այժմ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ սառեցում է նկատվում: Ադրբեջանի նախագահի կողմից կան հստակ խոստումներ, որոնք մինչ այժմ չեն կատարվել, եւ այս պարագայում այլ քայլերի մասին չպետք է մտածել: Այս պարագայում ես կարծում եմ՝ շփման գծում հանգստությունը կպահպանվի, սակայն լարվածության աճ հնարավոր է՝ ընդհուպ մինչեւ պատերազմական գործողությունների վերսկսում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ամենամեծ խնդիրը վստահության պակասն է: Իսկ այդ հանգամանքը չի կարող հակամարտության լուծման խթան հանդիսանալ: Ես չեմ հասկանում, թե այդ պարագայում ինչպես կարելի է խոսել տարածքների վերադարձի մասին: Իսկ երաշխիքներ պետք է տան այն պետությունները, որոնք կարող են դրանք իրացնել:
-Ո՞ր պետությունների մասին է խոսքը:
-Երաշխիքները կարող են տալ այն պետությունները, որոնք կարող են դրանք կատարել: Բայց ինչպե՞ս այդ երաշխիքները կարող են գործնականում կատարվել: Օրինակ՝ պետք է խաղաղապահներ տեղակայել, սակայն ես չեմ պատկերացնում, թե որտեղ պետք է տեղակայվեն: Ես կարծում եմ, որ հիմա ոչ թե երաշխիքներն են կարեւոր, այլ փոխադարձ անվստահության նվազումը: Այսպիսի պարագայում կողմերից եւ ոչ մեկը ոչ մի զիջման չի գնա:
-Արցախի ձայնն ինչպե՞ս պետք է լսելի դարձնել: Երկար ժամանակ է, ինչ խոսվում է Արցախին բանակցային սեղան վերադարձնելու մասին, բայց ոչինչ չի փոխվում իրականության մեջ:
-Իհարկե, միակ տարբերակը բանակցային սեղանի վերադարձն է: Եվ ամենակարեւորն այս պարագայում հենց Արցախի տեսակետն է: Պետք չէ խոսել Ստեփանակերտի մասին, եթե նա չի ասում՝ պատրաստ է տարածքներ վերադարձնել, պետք չէ նրանց փոխարեն խոսել: Եվ, առհասարակ, ոչ թե պետք է մտածել տարածքներ հանձնելու մասին, այլ պետք է իրականացնել այն որոշումները, որոնք նախկինում ընդունվել են: Իսկ տարածքների հանձնումը պետք է լինի բոլոր քայլերից եւ ժամանակից հետո: Հիմա այդ մասին չպետք է խոսակցություն գնա:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՑԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆՔ

Սեպտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսին կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով նախարարության տարեկան հաշվետվությունը, անընդհատ բարձրաձայնում էր կրթության որակի բարձրացման մասին՝ միեւնույն ժամանակ մատնանշելով այդ ուղղությամբ նախարարության կատարած քայլերը:

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է կրթության որակի բարձրացում, երբ վերջերս սկսվել է դպրոցների օպտիմալացման ակտիվ շրջան, բացի այդ՝ կառավարությունը նվազեցրել է կրթության ոլորտին հատկացվող գումարները:
Լեւոն Մկրտչյանը նշեց, որ օպտիմալացվում են այն դպրոցները, որոնց մարման վտանգ է սպառնում, այսինքն՝ այդ դպրոցներում աշակերտների թիվը քիչ է, միեւնույն ժամանակ դա չի սպառնում սահմանամերձ համայնքներին, քանի որ Լեւոն Մկրտչյանի անձնական կարծիքով՝ գյուղերում ու համայնքներում պետք է պարտադիր կրթական հաստատություններ գործեն:
«Մենք կրթության որակ պարտավոր ենք ապահովել: Մարտահրավերները, որոնք մեր երկրի առջեւ են, չենք կարող հաղթահարել առանց որակյալ կրթության: Ինչ վերաբերում է օպտիմիզացիային, մենք երեխային, որ տանում ենք միջնակարգ կրթության, ուզում ենք, որ այդ երեխան ինչ-որ արդյունք տա: Գյուղական համայնքները ուզում եմ չհաշվել, քանի որ օպտիմալացումը հիմա գնում է մի քանի քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում:
Տեսե՛ք, հանրակրթական կրթությունը 9 տարի է: Եթե նույնիսկ ամեն տարի վերցնենք մեկ դասարան, որում կա 30 աշակերտ, պետք է 9 անգամ 30 լինի, որպեսզի ապահովվի հիմնական կրթությունը, եղավ 270 երեխա: Եթե զարգացում էլ ունենա, եւ մեկ դասարանը կրկնվի քաղաքային դպրոցում, եղավ մոտ 300 երեխա:
Եթե ուզում ենք, որ հիմնական դպրոցը որակ տա, ապա պետք է ամեն դպրոցում, քաղաքային բլոկում 300 երեխա ունենանք: Եթե համայնքում է, ապա, իմ համոզմամբ, յուրաքանչյուր համայնք իր կրթական հաստատությունը պետք է ունենա: Հիմա այն, ինչ-որ մենք ասում էինք, վերաբերում էր այն դպրոցներին, որոնք մարվում են: Օրինակ՝ Կոնդի դպրոցը, որը թաղական տիպիկ դպրոց էր: Երբ Կոնդում պատկերը փոխվեց, այնտեղ առանձնատներ հայտնվեցին, մարդիկ սկսեցին իրենց երեխաներին տանել կողքի դպրոցներ: Այդտեղ աշակերտների թիվը հասավ 50-60 հոգու: 50-60 հոգով հնարավոր կլինե՞ր 9 դասարան պահել», – ընդգծեց նախարարը:
Լեւոն Մկրտչյանի կարծիքով՝ ե՛ւ փակվող դպրոցների դուրս մնացած ուսուցիչներին է հեշտ տեղավորել քաղաքային դպրոցներում, ե՛ւ աշակերտներին, քանի որ Մկրտչյանի խոսքով՝ 500-600 կիլոմետրի վրա կա 3-4 դպրոց:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից ֆինանսավորման նվազեցմանը, նախարարը նշում է, որ այդ բացը նախարարությունը պետք է այլ կերպ կոմպենսացնի:
«Ֆինանսավորման բացը պետք է լրացնենք մեր բարեկամների ներդրումներով: Երկրի դժվար պայմաններից է գալիս ֆինանսավորման հոսքերի պակասը», – եզրափակեց ՀՅԴ-ական նախարարը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 

ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանական ընտրություններից հետո շատ հիասթափված է եւ իրեն նույնիսկ հեռու է պահում կուսակից ընկերներից: Չնայած ի սկզբանե նա հասկանում էր, որ վարկանիշային համակարգի պարագայում շատ դժվար է լինելու պատգամավոր դառնալը, սակայն այդպիսի վերաբերմունք հարազատ կուսակցութունից չէր սպասում: Եվ չնայած այսքան ամիսներ են անցել ընտրություններից, սակայն Այվազյանի «ցավը» չի մեղմացել. Նա իրեն բոլորից հեռու է պահում:

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
Ռուսաց լեզվի հայեցակարգ ստեղծելու շուրջ ձեւավորված աղմուկն այնքան էլ վարչապետ Կարեն Կարապետյանի սրտով չէ: Եվ աղմուկը բթացնելու նպատակով այժմ փորձ է արվում հարցն այլ ուղղությամբ տանել: Եվ չնայած ի սկզբանե վարչապետի կողմից օտար լեզուների ուսուցման հայեցակարգ մշակելու հանձնարարական է եղել, սակայն այժմ ամեն կերպ փորձ է արվում այլ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը: Կրթության եւ գիտության նախարարի երեկվա ասուլիսն էլ դրա վառ ապացույցն էր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լեւոն Մկրտչյանը վարչապետից հստակ հանձնարարական էր ստացել՝ ամեն ինչ անել, որպեսզի հարցն այլեւս չքաղաքականացվի, եւ վարչապետի վրայից էլ պատասխանատվությունն ընկնի: «Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների ուղղությամբ եւ ոչ թե ռուսաց լեզվի»,- նշել էր նախարարը:

 

 

ՓՈԽԱՆՑԵԼ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆԱՑՆԵԼ
Ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ ճանապարհային ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպը ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը համարել էր ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով հնչած տեսակետներին, ասաց. «Վարչարարության հետ կապված իր գնահատականները այն առումով, որ, այո, նույնատիպ երախշիքներ կան, նա իրավացի է եղել: Այս հարցը պետք է նաեւ դիտարկել «Անձնական տվյալների մասին հրապարակելու մասին» օրենքի տեսանկյունից: Հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնալ երկու «եթե»-ի: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածը, բացի իր հիմնական` օրիանականության եւ համաչափության սկզբունքներից, ունի դրույթ, երբ կարելի է անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցել: Երկու կանոն կա. եթե դա հստակ է օրենքով, եւ եթե ունի բավարար պաշտպանության մակարդակ: Պատասխանեք այս հարցերին, եւ դուք կունենաք ձեր հարցերի պատասխանները: … Այդ հարցի պատասխանը միանշանակ է. անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցել նշանակում է հրապարակայնացնել»: Այսինքն՝ անթույլատրելի էր այդ տեսանյութի հրապարակումը: