ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ-ում 2018 թվականից այլեւս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Այսինքն՝ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանքներ կմաքսազերծվեն ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով: Սա նշանակում է, որ Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք, ընդ որում՝ թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ իշխանությունները հոգացել են, որպեսզի սպասվող հետեւանքներն իրենց միանգամից զգացնել չտան. մաքսատուրքերի՝ ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին համապատասխանեցման գործընթացը սկսել է իրականացվել մաս-մաս՝ այս տարիների ընթացքում: Բայց վերջնարդյունքում կարող ենք արձանագրել, որ թանկացումներ եղել են ու լինելու են, պարզապես այնպես է արվել, որ մարդիկ այդ ամենն իրենց մաշկի վրա միանգամից չզգան ու չհակազդեն: Իսկ եթե բանկիչները չեն ցանկանում թանկ վճարել, ստիպված են գնելու ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված իրերը, որոնք շատ դեպքերում որակապես զիջում են եվրոպական արտադրանքին: Ճիշտ եւ ճիշտ խորհրդային տարիների նման:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցությունը կամփոփի եւ կներկայացնի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական թեկնածուներին: Ինչպես հայտնի է՝ այս օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում տեղի կունենան համայնքների ՏԻՄ ընտրություններ: Ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան թվով 52 համայնքներում, որից 35-ը խոշորացված համայնքներն են: Այս ընտրությունները, իհարկե, հետաքրքրություն են ներկայացնում նաեւ խոշորացված համայնքների պարագայում, որտեղ փաստորեն համայնքի ղեկավարի լիազորությունների տարածքն ավելի լայն է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ բացահայտել թեկնածուների անունները, սակայն նշեց, որ նախապատվությունը տալու են երիտասարդներին:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայբուսակ» համալսարանը: Կասկածներ կան, որ բուհը ոչ օրինական ճանապարհով եւ ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել: Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեն ցանկանում է պարզել, թե ինչ հանգամանքում են օտարերկրյա քաղաքացիները բուհ ընդունվել, եւ հիմա քննության թելը տանում է բուհի հարկային պարտավորությունների թերակատարման ուղղությամբ: «Հայբուսակ»-ի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, թե խնդիրներ չունեն: Իսկ թե ինչ կպարզի քննությունը, ժամանակը ցույց կտա:

 

 

 
Տպավորություն է, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կյանք չունի առանց կոնյակի: Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը պետական միջոցներից միլիոնավոր դրամներ է ծախսում` կոնյակ գնելու համար: Դրանք գնվում են նվիրելու կամ էլ խմելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Ֆ/Ա Արամ Տեր-Վարդանյանի հետ եւ գնել 4 հատ «Արենի» կոնյակ: Բայց ուշագրավը գինն է. քաղաքապետարանը մեկ կոնյակը ձեռք է բերել 145 հազար 200 դրամով` ընդհանուր 4 կոնյակի համար վճարելով 580 հազար 800 դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք նախատեսված են եղել «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառման համար: Ենթադրվում է՝ ռուս գործընկերոջը «թանկանոց» կոնյակներ է նվեր տարել քաղաքապետը, որ ջերմ վերաբերվեն պատվիրակությանը: Հիշեցնենք, որ ավագանու նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիրները բարձրացրել էին այս հարցը, բայց պարոն Մարգարյանն այդպես էլ հստակ պարզաբանում չէր տվել:

 

 

 
ՄԱՅՐՈՒՂՈՒ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ
Հյուսիս-հարավ մայրուղու «կենացները գնալով թանկանում են»: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, թե 556 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերջնական կառուցումը Հայաստանի համար կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար: Եւ սա այն դեպքում, երբ 2012 թվականին մեկնարկեց այս ծրագիրը, ու հայտարարվեց, որ Մեղրիից մինչեւ Բավրա ձգվող մայրուղին կարժենա 962 միլիոն դոլար: Այդ գումարի զգալի մասը՝ 500 միլիոնը, վարկի տեսքով տրամադրելու էր Ասիական զարգացման բանկը:
Այս ողջ ընթացքում այդպես էլ չհիմնավորվեց ծրագրի տնտեսական արդյունավետությունը, հատկապես հիմա, երբ պարզվում է, որ այն կարժենա է 2 մլրդ դոլար: Որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել, թե որքանո՞վ է այս ծրագիրը շահավետ, անգամ եթե ճանապարհի որոշ հատվածներ դառնան վճարովի: Իսկ միգուցե ավելի արդյունավետ էր այդ գումարները տնտեսության մեջ ուրիշ ոլորտներում ներդնե՞լը: Առավել եւս, երբ լուրջ կասկածներ կան, որ հատկացված գումարների մեծ մասն իր նպատակին չի ծառայել. Հյուսիս-հարավ մայրուղու ծրագիրն ի սկզբանե վերածվեց «մեծ լվացքատան», որտեղ ոմանք գումար էին լվանում, ոմանք՝ գումար գրպանում: Պատահական չէ, որ ծրագրի հետ անմիջական առնչություն ունեցողները կարճ ժամանակում բազմապատկեցին իրենց ունեցվածքը: Բավական է հիշել այս ծրագրի ընթացքի ու շինարարության որակի հետ կապված ե՛ւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ե՛ւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի դժգոհությունները, մի քանի անգամ հնչեցրած քննադատությունները: Բավական է հիշել թեկուզ այս ծրագրի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, որին 2013թ. հաջորդեց Հյուսիս-հարավ ծրագրի գործադիր տնօրենի պաշտոնից Արա Հովսեփյանի հեռացումը: Թեեւ նա աշխատանքից ազատվեց սեփական դիմումի համաձայն: Իհարկե, չարաշահումները շարունակվեցին նաեւ հետո, եւ երեկ էլ գործող նախարարը լրագրողի հարցին ի պատասխան՝ չի բացառել փողեր լվանալու եւ չարաշահումների հավանականությունը՝ հավելելով, թե իրենք անում են ամեն ինչ, որպեսզի ֆինանսական վերահսկողություն լինի:
Այնպես որ, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը լուրջ գլխացավանք է դարձել, գլխացավանք, որը հայտնի չէ, թե երբ կավարտվի, քանի դեռ գործող կառավարությունը՝ նախարար Մարտիրոսյանով, որեւէ քայլ չի անում իրավիճակի փոփոխության համար:




Լրահոս