ՌԵԿՏՈՐԸ ԽԼԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲԻԶՆԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նկուղային տարածքը երկար տարիներ շահագործվել է «Մելիք Գասպարյան եւ որդիներ» ՍՊԸ-ի կողմից՝ ԲՈՒՀ-ի հետ կնքված համաձայնագրի հիման վրա: Ըստ այդ համաձայնագրի՝ նշված ընկերությունն իրավունք էր ստացել 1997 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 1-ն այդ տարածքում իրականացնել գրենական պիտույքների վաճառք: Սակայն վերը նշված պայմանագիրը դեռ չավարտած՝ պատգամավորի ընտանիքին գարնանից հեռացրել են նշված տարածքից:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն այս հարցով դիմել էին «Մելիք Գասպարյան եւ որդիներ» ընկերությունից եւ նշել, թե իրենց այդ տարածքից հեռացնելու իրական պատճառն այն է, որ ԲՈՒՀ-ի ռեկտորն այդ տարածքը ինքն է ցանկանում օգտագործել՝ բիզնես նպատակներով:
Ստեղծված իրավիճակի եւ ընկերության ներկայացուցիչների բողոքների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ հենց ԲՈՒՀ-ի ղեկավարությունից՝ զրուցելով ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Վերջինս նշեց, թե տվյալ ընկերության հետ կապված դատական քաշքշուքներ են եղել, որի հիմնական պատճառը, ռեկտորի խոսքով, պայմանագրի օրինականության եւ համալսարանին որեւէ գումար չվճարելու հարցն է եղել: Ընդգծենք, որ ընկերության եւ ԲՈՒՀ-ի միջեւ պայմանագիրը ստորագրվել էր 1997 թվականին՝ 20 տարի ժամկետով, եւ պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր միայն այս տարվա սեպտեմբերի 1-ին: «Ընկերության հետ կապված հիմնական խնդիրը պայմանագրի օրինականության խնդիրն է. այդպես երկարաժամկետ պայմանագիր չի լինում: Մյուս խնդիրն այն է, որ այդ կազմակերպությունը համալսարանին որեւէ գումար չի վճարել: Ոչ մի ժամանակներում ես վճարված գումար չեմ հայտնաբերել, եւ իրենց այդ մասին հայտնելուց հետո արդեն մեր իրավաբանի միջոցով դիմել ենք դատական մարմինների, մի քանի տարի դատեր են գնացել՝ առաջին ատյան, մինչեւ վճռաբեկ, եւ դատարանը որոշել է, որ պայմանագիրն անօրինական է, վճարումներ չկան, եւ վտարելու որոշում է կայացվել», – նշեց ռեկտորը: Մինչդեռ մեր ձեռքի տակ է ԴԱՀԿ ծառայության կողմից տրված տեղեկանքը առ այն, որ ընկերությունը ԲՈՒՀ-ի հետ պարտք ու պահանջ չունի (տե՛ս լուսանկարը):
Ռեկտորի խոսքով՝ դատարանի որոշումից հետո, սակայն, այդ նույն կազմակերպությունն առանց փաստաթղթի եւ առանց գումար վճարելու կրկին մուտք է գործել տարածք եւ 2014-ից 2017 թվականներն աշխատացրել այն: Իսկ ինչո՞ւ է տնտեսագիտական համալսարանի ռեկտորը միայն հիմա հիշել պայմանագրի օրինականության կամ վճարման հետ կապված հարցերի մասին, եթե, ինչպես նշում է, այդպիսի իրավիճակ է եղել տարիներ շարունակ: Արդյո՞ք սա չի նշանակում՝ եթե պայմանագիրն անօրինական է, ապա դա նաեւ ԲՈՒՀ-ի ղեկավարության մեղավորությունն է: Այսինքն՝ նախկին ռեկտորները ապօրինություն են թույլ տվել եւ ինչու չեն պատժվում դրա համար:
«Ռեկտորի հետ ինչ պարզաբանենք, այդպիսի խնդիր չկա, քանի որ ում ստորագրությունը դրված է, նրանից հետո մեկ ռեկտոր էլ է փոխվել, բայց ինձ ամենից շատ հետաքրքրում էր իմ ժամանակում եղած հարցերը: Այն պայմանագիրը, որ գոյություն ունի, եւ որի մասին նշեցիք՝ 20 տարի, այդպիսի պայմանագիր ընդհանրապես չպետք է գոյություն ունենար: Երբ ես ընտրվել եմ ռեկտոր, պարզ է, որ պետք է բոլոր պայմանագրերը նայեի եւ դրանից հետո բացահայտել եմ, մտել եմ դատարան»:
Սակայն «Գասպարյան եւ որդիներ» ՍՊԸ ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այսպիսի որոշման իրական պատճառն այն է, որ ռեկտորը որոշել է նշված տարածքը շահագործման տալ իր բարեկամներին՝ անձնական շահույթ հետապնդելով:
Փաստորեն Դո՞ւք եք ուզում բիզնես անել: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ռեկտորը պատասխանեց. «Մենք դրա հետ ընդհանրապես կապ չունենք: Այդպիսի բան չի կարող լինել: Ինչ է նշանակում՝ իմ ծանոթն է, բարեկամն է, ես չեմ կարող առնչություն ունենալ, քանի որ այդ բոլոր հարցերը մրցույթով են իրականացվում: Այդ պայմանագրերի հետ կապված օրենքները փոխված են, հիմա պայմանագրերը բուհը չի կապում որեւէ կազմակերպության հետ: Դրանք պետական տարածքներ են, եւ դրանցով զբաղվում է պետական գույքի կառավարման վարչությունը: Եթե որեւէ մեկը ցանկանում է մեր տարածքում որեւէ տարածք վարձակալությամբ վերցնել, պետք է դիմի ինձ, ես դիմեմ կրթության եւ գիտության նախարարություն, եթե ինքը համաձայն է, դիմում է պետական գույքի կառավարման վարչություն ու ոչ թե ուղիղ տալիս է ինչ-որ կազմակերպության, այլ աճուրդ-մրցույթ է հայտարարում, եւ ով բարձր վճարեց, նա դառնում է այդ տարածքի վարձակալողը», – հավելեց ռեկտորը:
Իհարկե, ռեկտորը փորձեց համոզիչ պարզաբանել, թե ամեն ինչ օրենքի դաշտում է, բայց իրականությունը, ինչպես միշտ, փոքր-ինչ այլ է:
Ինչպես հայտնի է՝ «Գասպարյան եւ որդիներ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանին: Նա 2009 թվականին ավտովթարից մահացավ, եւ մահից օրեր անց նրան պատկանող բոլոր բիզնեսները հերթով հոշոտեցին տարբեր պաշտոնյաներ ու գործարարներ: Երթուղային տաքսիների սպասարկումից մինչեւ անշարժ գույքի ոլորտում եղած նրա բիզնեսները այսօր տարբեր մարդկանց սեփականություն են դարձել: Ընդ որում, այդ սեփականատերերը Մելիք Գասպարյանի կենդանության օրոք չէին կարող անգամ պատկերացնել, որ Գասպարյանից ինչ-որ բան կկարողանան խլել:
Փաստ է, որ երբ Մելիք Գասպարյանը պատգամավոր էր, նրա անօրինական պայմանագրի մասին ոչ ոք չէր հիշում, հենց մահացավ, 2011 թվականից տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Կորյուն Աթոյանը գործի անցավ՝ մահացած պատգամավորի անպաշտպան ընտանիքին վերջնականապես զրկելով «տուն պահելու» վերջին հնարավորությունից: Այսքանից հետո տարակուսելի է, թե ռեկտորը ինչպես պետք է բարոյահոգեբանական դասեր «կարդա» մատաղ սերնդին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ԽԱՂՈՂԸ ՀԻՄԱ, ՓՈՂԸ՝ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ
Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը սկսել է խաղողի մթերումը: Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իր համագյուղացիներից ով հնարավորություն ունի՝ խաղողը շուկայում է վաճառում, մնացածները հանձնում են գործարան: Մթերման գինը 130 դրամ է: Գործարանի հետ պայմանավորվածության համաձայն՝ մթերված խաղողի փողը գործարանը կվճարի մինչեւ տարեմուտ: Սովորաբար վճարումն արվում է Ամանորի շեմին: Համայնքի ղեկավարի խոսքով՝ այդպես է արդեն 20 տարի:

 

 

 

ԾՐԱԳԻՐՆ՝ ՕԴՈՒՄ
2014թ. հոկտեմբերի 2-ին սահմանամերձ Ոսկեվան գյուղի բժշկական ամբուլատորիայի նախկին շենքը պայմանագրով որպես նվիրատվություն տրվել է «Սլովակիա» ՍՊԸ-ին: Դրա դիմաց ՍՊԸ-ն պարտավորվել էր 1 տարվա ընթացքում 300 հազար եվրոյի ներդրում կատարել, վերանորոգված շենքում գարեջրի, հոնի օղու գործարան գործարկել: Ներդրումները Սլովակիայից պիտի լինեին: Նվիրատվություն հանձնված շենքը նորոգվել է, այնտեղ նաեւ նոր շենք է կառուցվել, «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ շինարարության համար ծախսվել է 100 հազար եվրոյին համարժեք գումար: Պայմանագրով նախատեսված ժամկետը վաղուց անցել է, սակայն գործարանը չի աշխատում: Ս. Բարսեղյանի վկայությամբ` իրենք Սլովակիայում գնել են գարեջրի արտադրության սարքավորումները, որոնք պետք է ներկրվեն Ոսկեվան: Ինչո՞ւ մինչ օրս չեն կատարվել ստանձնած պարտավորությունները: Նա ասաց, որ պատճառը ադրբեջանական գնդակոծությունից հետո նշված շենքի կրած վնասներն են, որի համար իրենք պետբյուջեից դրամական փոխհատուցում չեն ստացել: Ոսկեվանում գարեջրի եւ հոնի օղու գործարան աշխատեցնելու ծրագիրը շատերին անիրատեսական է թվում: 2017թ. օգոստոսի 30-ին կայացած Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստի հարցերից մեկը վերաբերում էր Ոսկեվանի եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ 2014թ. հոկտեմբերի 2-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը վերանայելուն: Ոսկեվանը 2016թ-ից մաս է կազմում խոշորացված Նոյեմբերյան համայնքի: Ս. Բարսեղյանն ավագանուն առաջարկեց ամբուլատորիայի վերանորոգված շենքի տարածքը կադաստրային արժեքով վաճառել «Սլովակիա» ՍՊԸ-ին, սակայն ավագանին մերժեց: Նոյեմբերյանի ավագանու անդամները քվեարկությամբ միաձայն որոշեցին՝ «Սլովակիա» ՍՊԸ-ին առաջարկել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 5-ը ներկայացնել մինչեւ 2018թ. սեպտեմբերի 1-ը Ոսկեվանում գործարան գործարկելու աշխատանքային պլան, ժամանակացույց, դրանք չներկայացնելու, աշխատանքային պլանը եւ ժամանակացույցը խախտելու դեպքում լուծել այդ ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը: Նոյեմբերյանի ղեկավար Կարեն Աբազյանից տեղեկացանք, որ Ս. Բարսեղյանը համայնքապետարանից վերցրել է նշված որոշման քաղվածքը, սակայն գործարանը աշխատեցնելու աշխատանքային պլան եւ ժամանակացույց դեռեւս չի ներկայացրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՄԱՆԵ՞Լ Է ՌԵԿՏՈՐԻՆ

Տեւական ժամանակ է` Շիրակի պետական համալսարանի շուրջ բորբոքված թեժ կրքերը չեն հանդարտվում: Նշենք, որ համալսարանի երկու դասախոսներ` Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով հայտնել էին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի ոչ մասնագիտական գործունեության մասին:

Իսկ երեկ էլ մոտ 100 ուսանող անժամկետ դասադուլ արեց: Նամակում դասախոսները նշել են, որ «…ռեկտորը 1 տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների»: Նամակի հրապարակումից ժամեր անց արտահերթ նիստում բուհի գիտխորհուրդը անվստահություն է հայտնել պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնում ԺՊ Հովհաննես Խորիկյանի նկատմամբ: Իսկ մյուս դժգոհող դասախոսը` Գագիկ Համբարյանը, երեկ լուսանկարներ հրապարակեց այն մասին, որ ռեկտորը ոչնչացրել է բուհի գրադարանը:
Մյուս կողմից Սահակ Մինասյանը հայտարարում է, որ դասախոսների բաց նամակում բերված թվերը եւ տեղեկությունները այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Իսկ կրթության եւ գիտության նախարարությունը դասախոսների եւ ռեկտորի միջեւ ստեղծված հակամարտությանը հեռվից է հետեւում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պետք է այցելեր Շիրակի պետական համալսարան: Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ նա ընդամենը հեռախոսազրույց է ունեցել Մինասյանի հետ եւ հանդիմանել նրան տեղի ունեցածի համար: Թե կոնկրետ ինչ է ասել նախարարը, ռեկտորը հրաժարվեց ասել` նշելով. «Ես ոչ մեկին հաշվետու չեմ ասելու, թե ինչ եմ խոսել կամ ում հետ: Միջադեպ էր, անցավ, գնաց…»,- ու անջատեց հեռախոսը:
Վերջինս ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Նա պատրաստվում էր առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում, սակայն գործող իշխանությունը նրան դա թույլ չտվեց: ՏԻՄ ընտրություններում Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջադրելուց հետո ՀՀԿ-ն որոշեց ինչ-որ չափով շահել նաեւ Մինասյանի սիրտը: Եւ կարճ ժամանակ անց նա նշանակվեց ռեկտոր: Ընտրություններին Սահակ Մինասյանը պատգամավոր Արման Սահակյանի շտաբի ղեկավարն էր: Ըստ լուրերի` ռեկտորի թիկունքին կանգնած է պատգամավորը:
Բացի այս՝ տեսակետ է շրջանառվում այն մասին, որ այս ամենի հետեւում կանգնած է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը` Անահիտ Ֆարմանյանը, ով պրոռեկտորն է, եւ հավակնում է ռեկտորի պաշտոնին: Այս հարցին եւս ռեկտորը խուսափեց պատասխանել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս