ԵԹԵ «ԳՈՂԱԿԱՆ ԳՆԱՐ», ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԷՐ ՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկահարույց սպանությունները կամ սպանության նախապատրաստման փորձերը թողել են իրենց հետեւանքները: Բանն այն է, որ Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքի 20-ամյա բնակիչ Սեւակ Պետրոսյանը հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու համար որոշել է ոստիկան սպանել:

Եվ այսպես՝ տեղեկացանք, որ 2017թ. հունիսի 9-ին` ժամը 6:10-ին, Սեւակ Պետրոսյանը գնացել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, թակել է շենքի մուտքի` ներսից կողպված դուռը եւ ասել, թե իրեն լավ չի զգում եւ օգնություն է խնդրում: Բաժնի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ռաֆիկ Գոլովորյանը երիտասարդ տղային՝ Սեւակ Պետրոսյանին, օգնություն ցույց տալու համար բացել է դուռը, սակայն անհասկանալի կերպով Սեւակ Պետրոսյանը դանակով սկսել է հարվածել ոստիկանին՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Բայց այդքանով չի բավարարվել եւ փորձել է կտրել ոստիկանության ենթասպայի վիզը:
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում աղմուկ է բարձրանում, ոստիկանը օգնություն է կանչում, որին էլ փրկելու համար ոստիկանության աշխատակից Վահրամ Մանուկյանը ձեռքին եղած ինքնաձիգի խզակոթով հարվածում է Սեւակ Պետրոսյանի դեմքին եւ վայր գցում նրան:
Դեպքից հետո իրավապահները, բնականաբար, ձերբակալել են Սեւակ Պետրոսյանին, հարցաքննել: 20-ամյա երիտասարդը պատմել է, որ չի հիշում, թե ինչ է արել, խմած է եղել: Ավելի ուշ, երբ վերջինս սթափվել է, իրավապահներին հայտնել է, թե. «Դանակը վեկալել եմ տնից, եկել եմ, տուկ-տուկ եմ տվել, բացել են, դանակով խփել եմ ու էլ չեմ հիշում»:
Կատարվածի մասին նաեւ պատմել է ոստիկանության ավագ ենթասպա Ռաֆիկ Գոլովորյանը. «Մոտիկացա ֆորտուշկին, բացեցի, տեսա մի երիտասարդ էր՝ մոտ 20-25 տարեկան: Հարցրի՝ ինչ է ուզում, ասեց, որ շատ վատ եմ, ինձ օգնություն է պետք, բացեցի դուռը, այդ պահին մի քայլ արեց ու դանակով խփեց, երկրորդ անգամ էր ուզում խփել վզիս մասին, ընկավ, հետո տեղամասային տեսուչը մոտեցավ, եւ վնասազերծեցինք, վերցրեցինք դանակը»:
Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ Սեւակ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի` հանցափորձ, եւ 104-րդ հոդվածի երկրորդ մասի 10-րդ կետի` սպանություն՝ խուլիգանական դրդումներով հատկանիշներով:
Իսկ ինչո՞ւ էր նա այդ քայլին գնացել: Ի՞նչ է Սեւակ Պետրոսյանը պատմել քննիչներին: Նա ասել է, թե տարված է եղել հանցավոր աշխարհի մասին գաղափարներով. հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու, ինքնահաստատվելու եւ հասարակության ուշադրությունն իր անձի վրա սեւեռելու համար որոշել է ոստիկան սպանել ու սպանության համար դատապարտվել: Սեւակ Պետրոսյանն այժմ կալանավորված է: Իսկ հաջողվե՞լ է նրան հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերել՝ սպանության անհաջող փորձի համար, թե՞ ոչ, դժվար է ասել:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Սեւակ Պետրոսյանի հոր՝ Կարեն Պետրոսյանի հետ, ով պատմեց, որ իր որդին երբեք տանը հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու կամ նման այլ հարցերի շուրջ չի խոսել, դաջվածքներ չունի. «Իմ որդին ասել է, որ զղջում է իր արարքի համար: Եթե նա գողական էր ուզում գնալ, ապա գողականները ցուցմունք չեն տալիս, բայց նա ցուցմունք է տվել, որ 104 հոդվածով իրեն մեղավոր չի ճանաչում, այսինքն՝ սպանության հոդվածով, այլ իրեն մեղավոր է ճանաչում 112-րդ հոդվածի խուլիգանության համար: Հիմա իմ որդուն 12-20 տարի ազատազրկում է սպասվում: Ես կգնամ ամեն տեղ: Իմ երեխան հաշմանդամ է, մատները չկան, փոքր տարիքում գրանատ է գմփացրել, կորցրել է մատները: 20 տարեկան երեխուն ինչի 20 տարի կտա՞ն: Ինչ վերաբերում է հանցավոր աշխարհի մասին իր գաղափարներին, երեխայի տարիք է, այդ տարիքում բոլորն են ուզում ինքնահաստատվել: Հոգեբանական վիճակ է, բայց չի կարելի հաշմանդամ երեխային նման կերպ պատժել: Գոնե այս ամենը հաշվի առնեին»:
Սեւակ Պետրոսյանի հայրն ասաց, որ դեպքի օրը տղային չի տեսել, քանի որ աշխատանքի է եղել. «Երեկոյան եկել եմ տուն, զանգել, ասել է, որ պապ, ընկերս օտպուսկ է եկել, ուզում ենք մնալ, մի քիչ խոսել, ու արդեն դրա առավոտը՝ ժամը 6-ին, այդ դեպքը եղել է: Ինձ եկել, տարել են բաժին, թե եկեք, սենց բան է եղել: Իմ երեխան պատրաստ է դատարանում ասել, որ զղջում է իր արարքի համար»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կատարվածի մասին իր մտահոգությունը հայտնեց նաեւ Սեւակ Պետրոսյանի մայրը՝ Մարիետա Պետրոսյանը՝ նշելով, որ տղան սիրահարված է եղել եւ մերժվել է սիրած աղջկա կողմից. «Անընդհատ աղջիկների կողմից մերժվել է ու միշտ պատճառ էր բռնում իր ձեռքը: Լինում էր, որ այսպես կյանքից հոգնած, ընկճված ընկնում էր ապրումների մեջ, անընդհատ խոսում էի հետը, բայց երեխա է, նրան հոգեբանորեն պետք է մոտենալ, բայց չեն հասկանում»:
Ահա այսպես՝ երեխայի հոգեբանությամբ հարձակվել է ոստիկանի վրա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Իրավապահ համակարգը շարունակում է բացահայտումներ իրականացնել նորակոչիկների շրջանում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումները կանխելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տեղեկություն էր հրապարակել, որ բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց նորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր: Արդյունքում մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այսպիսով՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախություն:
ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)` կաշառքի միջնորդություն:
Սրտաբանին՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ այլ բժշկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)` կաշառք տալը:
Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Նրանցից 3-ը բժշկական տարբեր հիմնարկների աշխատակիցներ են։
Եվ ահա, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, իրավապահների կողմից այս բացահայտումը եւ կալանավորումները լուրջ ստուգումներ իրականացնելու առիթ են դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին տարբեր վարչական շրջանների զինկոմիսարիատները նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած նորակոչիկներին հրավիրում են զինկոմիսարիատ եւ հերթական ստուգումների ուղարկում: Միգուցե այս ստուգումները պայմանավորված են ձմեռային զորակոչի հետ: Բայց տեղեկություններ կան, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրահանգով ստուգվում են՝ արդյո՞ք օբյեկտիվ են իրականացվում իրենց աշխատանքները բժշկական հաստատությունները:
Իսկ թե ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան այս ստուգումների արդյունքում, եւ, առհասարակ, ուր կտանի իրավապահների կողմից բացահայտումների շարքը, ցույց կտան զարգացումները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ
Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի կարծիքով Հյուսիսային Քրդստանի անկախացումը կարող է դրական անդրադառնալ Ղարաբաղի վրա: Ըստ նրա՝ Քրդստանի ճանաչումը կլինի մասնակի եւ ոչ արագ: Եվ կարեւորը ոչ թե հենց ճանաչումն է, այլ փաստացի անկախությունը: «Դե ֆակտո անկախ Քրդստանի ի հայտ գալը լավ նորություն է Ղարաբաղի համար: Դա նշանակում է, որ քարտեզի վրա հայտնվում է եւս մեկ երկարաժամկետ փաստարկ, որն աշխատում է Ղարաբաղի օգտին. տարածաշրջանի ֆրանգմենտացիա: Ընդհանուր առմամբ, չնայած պատմական հաշիվներին, անկախ Քրդստանը ձեռնտու է հայերին»,-ասել է Կոլերովը:

 

 

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ 2014թ. ի վեր Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը: Հարցման արդյունքները կատարվել են 2014թ. ի վեր ամեն ամիս` «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից: Հարցումն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում` Երեւանում: «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է 2017թ. հետազոտության արդյունքները՝ նշելով, որ Եվրամիության կողմնակիցները 33 տոկոս են, նրանք ցանկանում են, որ Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կողմնակիցները հարցվածների 32 տոկոսն են եղել: Միաժամանակ երկու կառույցներին անդամակցելուն կողմ է եղել 12 տոկոսը, իսկ 10 տոկոսը ոչ մի կառույցին կողնակից չէ, մնացած 12 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 1 տոկոսն ընդհանրապես հրաժարվել է պատասխանից:

 

 

ԲԵՌՆԱՏԱՐ Է ՇՐՋՎԵԼ
Սեպտեմբերի 27-ին Երեւան քաղաքի Հերացու փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է: Պարզվել է, որ Հերացու եւ Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում «Volvo» մակնիշի ավտոմեքենան կցորդիչով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենային: Փրկարարները 1972թ. ծնված Ա. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել շտապօգնության՝ դի տեղափոխող ավտոմեքենա: Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ եւ հերթապահել մինչ վառելիքի արտահոսքի դադարելը:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Հանրապետության հրապարակի մոտ 74-ամյա տղամարդը ինքնահրկիզման փորձ է կատարել: Ոստիկանության ծառայողները կանխել են ինքնահրկիզման փորձը, որից հետո քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են:




Լրահոս